Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում եմ՝ ինչու մրցանակս չկիսեցի այն տղայի հետ, որն ինձ շատ էր օգնել». աշակերտ

Մարտ 04,2016 23:33

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր ամփոփվեցին հանրակրթական Դիջիթեք՝ «Թվային միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» ամենամյա 8-րդ, բնագիտա-տեխնիկական ստեղծագործության ամենամյա 3-րդ, մարմնամարզական ամենամյա 3-րդ ստուգատեսների արդյունքները:

Ստուգատեսներին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի հանրակրթական հաստատություններում սովորողներն ու աշխատողները՝ ներկայացնելով ուսուցման-ինքնուսուցման իրենց փորձն ու արդյունքները, ստեղծագործական նախագծեր, ուսումնական նյութեր և այլն:

Ներկայացված աշխատանքներին, ինչպես նաև հաղթողների անուններին կարելի է ծանոթանալ ստուգատեսների կայքերում, «Դպիր» մանկավարժական ամսագրում, mskh.am կայքում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Դիջիթեք-2016»-ի համակարգող Էմմա Իսախանյանը, հաղթողներին ընտրում է համապատասխան հանձնաժողովը: Տարբեր անհատներ ու կազմակերպություններ էլ իրենց հերթին են հաղթողներ ընտրում ՝ արժանացնելով նրանց անվանական մրցանակների: Իսկ այս տարի առաջին անգամ նաև առցանց քվեարկությամբ են հաղթողներ եղել: Հետաքրքիր է, որ առցանց քվեարկողներից պահանջվում է նաև հիմնավորել իրենց ընտրությունը:

«Դիջիթեքն այս տարի մոտ 800 հայտ է ստացել: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն այս ստուգատեսի նկատմամբ: Գնալով նաև նյութերի որակն է փոխվում: Մասնակիցները հմտանում եմ, նոր ծրագրեր են սովորում, նոր բաներ են բացահայտում»,- մեզ հետ զրույցում ասաց Էմմա Իսախանյանը:

«Դիջիթեք-2016»-ի համակարգողի փոխանցմամբ՝ ստուգատեսն այս տարի հայտեր է ընդունել 14 անվանակարգերում՝ «Դիջիթեքն ընտանիքում», «Գործուն աջակցություն հանրակրթական Դիջիթեքին, հանրակրթական Դիջիթեքի տարածում», «Դիջիթեքը նախակրթարանում» և այլն:

«Յուրաքանչյուր անվանակարգ իր հստակ պահանջներն ունի, որոնց պետք է համապատասխանի ներկայացվող նյութը: Իսկ անվանակարգի, թեմայի ընտրությունը մասնակցինն է»,- նշեց մեր զրուցակիցը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Տեր-Պետրոսյանը, օրինակ, «Գործուն աջակցություն հանրակրթական Դիջիթեքին, հանրակրթական Դիջիթեքի տարածում» անվանակարգում ներկայացրել է իր պատրաստած գովազդային փոքրիկ հոլովակը, որի համար արժանացել է անվանական մրցանակի: Նույն անվանակարգում նա հաղթող է ճանաչվել նաև առցանց քվեարկությամբ:

«Դիջիթեքն անչափ հետաքրքիր մրցույթ է, որին գրեթե ամեն տարի մասնակցում եմ: Հաղթանակներ շատ եմ ունեցել, բայց հաղթելն անպայման չէ, թեև հաճելի է: Ինձ համար ամենահետաքրքիրը մրցույթին պատրաստվելու ընթացքն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նազելին:

Իսկ նույն կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սերոբյանը «Դիջիթեքյան ենթակայքի նոր տեսք, նոր հնարավորություններ» անվանակարգում ներկայացրել է ավագ դպրոց-վարժարանի կայքի ձևավորման իր տարբերակը: Եվ հաղթող է ճանաչվել առցանց քվեարկությամբ:

«Այս անվանակարգում ընդամենը երեք նյութ կար: Դա մեծացրեց իմ հաղթելու հավանականությունը: Արդեն երրորդ կամ չորրորդ անգամ եմ մասնակցում Դիջիթեքին: Մի անգամ էլ եմ մրցանակ ստացել: Հիշում եմ, որ այդ ժամանակ ուզում էի մրցանակս կիսել ավագ դպրոցում սովորող մի տղայի հետ, որն ինձ շատ էր օգնել մրցույթին պատրաստվելիս: Մինչև հիմա մտածում եմ, թե ինչու չկիսեցի»,- մտքերի մեջ ընկավ Տիգրանը:

Ճիշտ է, հաղթանակները ոգևորում են նրան, բայց պարտություններն էլ չեն կոտրում. «Դիջիթեքն ամենամյա մրցույթ է, մասնակցելու ու հաղթելու հնարավորություն միշտ էլ կա, նույնիսկ դպրոցն ավարտելուց հետո»,- նշեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031