Մարտի 4-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի՝ հունահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը, Ազգային գրադարանը և հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Առիթը նաև արքեպիսկոպոսի ծննդյան 50-ամյա տարեդարձն էր:
Հրանուշ Հակոբյանը խոսեց արքեպիսկոպոսի կատարած աշխատանքի և գրքի հաջողված լինելու մասին. «Ես չգիտեմ, թե նա ինչ է արել իր կյանքի առաջին 25 տարում, բայց գիտեմ, որ իր երկրորդ 25-ը նվիրել է ազատ, անկախ Հայաստանի կայացմանն ու բարգավաճմանը: Համոզված եմ, որ այս ամենածաղկուն և բեղմնավոր տարիքում նորանոր ձեռնարկումներով և բազմաթիվ գործերով նոր լիցքեր պետք է հաղորդի հայոց թեմին, և մենք ականատեսը կլինենք այդ հայանպաստ նոր ծրագրերի իրականացմանը: Հովհաննես Ղազարյանը պոեզիայի միջոցով յուրովի է մեկնաբանել Հունաստանի հայոց թեմի առաջնորդի հոգևոր և ազգային գործունեությունը` այն անմահացնելու համարձակ նախաձեռնությամբ»:
Կարդացեք նաև
Խոսքով հանդես եկավ նաև Լևոն Մկրտչյանը. «Այն, ինչ գրված է գրքում և այս միջոցառումը նույնպես չեն վերաբերում միայն մեր Սրբազանի գործունեությանը: Այս ամենը ուղղված է ողջ հոգևոր դասին: Սրբազանն այսօր ներկայացնում է մի համայնք, որը կարևոր է մեզ համար, և որտեղ միշտ եղել են խնդիրներ . այդպիսի տարածքում աշխատելը, այդպիսի գործունեություն իրականացնելը՝ արժանի է հարգանքի»:
Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարները, պարգևատրեցին Խորեն Սրբազանին «Հակոբ Մեղապարտ» մեդալով և ԳԿՆ հուշամեդալով:
Միջոցառմանը ներկա էր նաև գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որն իր կարծիքը հայտնեց գրքի մասին. «Վերջին տարիներին գրականության մեջ նվազել են ստեղծագործությունները՝ նվիրված մեր հոգևոր այրերին: Ողջունելի է, որ պարոն Ղազարյանը անդրադարձել է հոգևոր կյանքին: Գրողների միությունը ամեն ինչ անելու է հոգևոր շունչը նորից մտցնելու գրականություն: Մենք նախատեսել ենք կազմակերպել հանդիպումներ գրողների հետ եկեղեցիներում կամ դրանց հարող տարածքներում»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշեց, որ, ցավոք, չի հասցրել ծանոթանալ գրքույկի բովանդակությանը, սակայն այն փաստը, որ գիրքը նվիրված է Սրբազանին, ողջունելի է:
Շնորհակալության խոսք ասաց Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը. «Սա կրկնակի տոն է ինձ համար, քանի որ միջոցառումը տեղի է ունենում հայրենիքումս: Ես մինչ գրքի հրատարակվելը չեմ ճանաչել Հովհաննես Ղազարյանին: Գիրքը շատ դուրս եկավ, երբ ծանոթացա դրա բովանդակությանը: «Աղոթարան»-ը մարդկային, փիլիսոփայական, ազգային և իմացական մտքի արտացոլումն է: Եթե զգուշությամբ կարդանք, դրանում կտեսնենք նաև նարեկյան շունչը: Գիրքը խոսում է մարդկային արժեքների մասին: Մարդու` դեպի Աստված բարձրանալու, նրա անկման մասին, և թե մարդն իր բարությամբ ինչպես կարող է դեմ ելնել դրան»:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Հովհաննես Ղազարյանը պատմեց գրքի մտահղացման մասին. «Մտահղացումը մոտս առաջացել է վաղուց: Միշտ հետևել եմ Սրբազանի գործունեությանը և հիացել: Փորձեցի այս հոգևոր պոեմով փոխանցել մտքերս, գաղափարներս: Չեք հավատա, բայց գրել եմ ընդամենը երեք օրում: Ես ինքս ինձ փորձել եմ մաքրագործել: Այս գիրքը ինձ աշխարհիկ կյանքից բարձրացրեց վեր: Ոգեշնչվել եմ միջնադարյան հոգևոր տաղերով.երևի ամենաշատը ազդել է Նարեկացին, ու հենց Նարեկացու շունչն է ներկա գրքում»:
Միջոցառմանը եկել էին նաև պարոն Հովհաննեսի գործընկերները, ովքեր նույնպես խոսեցին գրքի մասին: Ավարտին հոգևոր երգերով հանդես եկավ Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ