ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեր հարցին՝ եթե այդքան ուզում էիք հանրության վստահությունը բարձրանար ընտրությունների արդյունքների հետ կապված, ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկը ընտրատեղամասերում եւ դրանից դուրս 50 մետր շառավղով նկարահանող տեսախցիկներ տեղադրել եւ օնլայն հեռարձակել՝ պատասխանեց. «Մենք չենք արգելել, չէ՞, որ որեւէ մեկը տեսաձայնագրի: Եթե ընդդիմությունը այդքան շատ է ցանկանում, կարող են դիմել որեւէ միջազգային ընկերության, իրենք անպայման կֆինանսավորեն: Թող ճարեն եւ դնեն, արգելո՞ւմ ենք մենք՝ ոչ: Իրենք դնում են դա պետության վրա, ու եթե 3 րոպե խափանվի տեսագրությունը, դա մի հատ մեծ պատմություն է դառնալու:
Քանի որ ռեյտինգային ցուցակը նույնպես մեծ կասկածների տեղիք է տվել, որ այդ տարբերակով իշխանությունը քողարկված մեծամասնական ընտրակարգ է էլի ապահովում, լրագրողներն այսօր խնդրեցին Հովհաննես Սահակյանին պարզաբանել: Նրա խոսքերով՝ Մեծամասնականով եթե որեւէ պատգամավոր կարող էր ընտրվել, օրինակ, 30 հազար ձայնով, քաղաքական ուժը մշտապես շատ ավելի քիչ ձայներ է ստանում: Որպեսզի տվյալ անձը ռեյտինգայինով գա որպես անհատ, նաեւ պետք է կուսակցության համապատասխան քվեն ապահովի: Այնպես չի, որ այդ 4 տարածքները բաժանել են 4 օլիգարխների մեջ: Շատ հնարավոր է, որ առանձին պատգամավորը, որը հավաքել է 10 հազար ձայն, բայց իր կուսակցությունը չի հավաքել համապատասխան ձայն, ինքը հնարավորություն չունենա մտնի խորհրդարան: Այդ հաշվարկի ձեւերը, բանաձեւերը ԸՕ-ում դրված են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ