Սերժ Սարգսյանը ինտենսիվ պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սա է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանին հուշում կառավարման ոլորտում պաշտոնյաների վերադասավորումը:
«Շատ ակտիվ տեղափոխություններ եղան, կառավարման համակարգի կարեւորագույն մի շարք օղակներ նոր ղեկավարներ ունեցան: ՊԵԿ-ը բաժանվեց ֆինանսների նախարարությունից, փաստորեն, նմանատիպ կարեւորագույն կառույցը, ըստ էության, դառնում է իշխանական կարկանդակի գործիք, ինչն անընդունելի է: Ինչպես այդ երկու կառույցների միացումն, այնպես էլ բաժանումը կապ չունի պետության շահի հետ, այլ պայմանավորված է` Սերժ Սարգսյանին տվյալ պահին իշխանության մեջ հարաբերություններում ինչպիսի կառուցվածքային միավոր է պետք: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն զուգահեռ սուպերնախարարներ ստեղծեց կառավարության կազմում,այժմ, երբ այլեւս Հովիկ Աբրահամյանը բավականին թուլացած է, իրեն պետք չեն սուպերնախարարությունները, արդյունքում բաժանվեցին»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ու ՊԵԿ նորանշանակ ղեկավարը անկուսակցականներ են, այդ անձինք եղել են այո-ի շտաբի ակտիվ անդամներ. «Էկոնոմիկայի նախարար Լեւոն Յոյլյանը ընդհանրապես իրավունք չուներ օրենքով լինել, որովհետեւ վերահսկիչ պալատը ապաքաղաքական մարմին է. (նա Վերահսկիչ պալատի փոխնախագահն էր) ակնհայտ է, որ հատկապես ՊԵԿ ղեկավարը` Հովհաննես Հովսեփյանը, բարի անունով չէ, որ հայտնի է: Հովսեփյանը մի քանի տարվա մեջ մի քանի միլիոն դոլար է նվեր ստացել: Պետական պաշտոնյան ԱՄՆ-ում 25 դոլարից ավելին իրավունք չունի ստանալ, բոլոր այն նվերները, որոնք գերազանցում են 25 դոլարը, դրանք փոխանցվում են պետությանը: Այն ունեցվածքը, որ նա հայտարարագրել է, իր աշխատավարձով հնարավոր չէր ստանալ: Նրա անունը մամուլում բազմաթիվ անգամներ շոշափվել է անշարժ գույքի շինարարության հետ կապված ստվերային մեխանիզմներում մասնակցություն ունենալու հետ… այս նշանակումները կոռուպցիայի դեմ պայքար չէր, այլ ներիշխանական վերադասավորումներ: Սերժ Սարգսյանը իր հավատարիմ թիմակիցներին կարեւորագույն պաշտոնների է ուղարկել: Նոր նշանակումները վկայում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ