Տավուշի մարզի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն արձագանքեց մեր հրապարակմանը, որն առնչվում է Մովսեսի ֆուտբոլի խաղադաշտի խնդրին: Գյուղապետն ասաց. «Մովսեսում քյանդրբազություն (լարախաղացություն) անող չկա, եթե քյոսաներ կան (լարախաղացության ժամանակ՝ ծաղրածուներ) կան, թող իրենց գործը շարունակեն: Նա ասաց, որ 2012թ. ինքը եւ Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը ստորագրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկված նամակի տակ, որով ֆեդերացիայից աջակցություն է հայցվել ֆուտբոլի մարզադաշտը կառուցապատելու համար: Ա. Ավալյանի խոսքերով՝ ինքը տեղյակ չի եղել, որ ֆուտբոլի խաղադաշտը արհեստական խոտածածկով է լինելու: Նա ասաց, որ խաղադաշտի տարածքը իրականում 1850 քառակուսի մետր է:
Գյուղապետը հայտնեց , որ արդեն 3 տարի դպրոցի մարզադահլիճը փակ է գյուղի երիտասարդների համար, դպրոցի տնօրենն առաջարկում է մարզադահլիճը տրամադրել ժամը 17-ից 19-ը, ինքը Տավուշի մարզխորհրդի 2015թ. դեկտեմբերի 30-ի նիստում հայտարարել է, որ պատրաստ է հատուցել, եթե երիտասարդներն ավելի երկար ժամանակով խաղան այնտեղ ու այդ ընթացքում դպրոցի գույքը վնասվի: Ա. Ավալյանը հայտնեց, որ իր երիտասարդության տարիներին գյուղի ջահելները մինչեւ ուշ գիշեր դպրոցի մարզասրահում վոլեյբոլ են խաղացել: Գյուղապետն անթույլատրելի համարեց Մովսեսում պետական տարածքի եւ համայնքային տարածքի տարանջատելը, ասելով, որ սահմանի եզրին բոլորը միասնական պետք է լինեն:
Ա. Ավալյանն ասաց, որ Մոսկվայում բնակված մովսեսցիները պատրաստակամ են խաղադաշտը ցանկապատելու, խաղադաշտի տարածքը հարթեցնելու,բնական խոտածածկով ապահովելու աշխատանքները ֆինանսավորել, այդ աշխատանքների գումարը կարող է կազմել մոտ 4-5 միլիոն դրամ: Նա հայտնեց, որ խաղադաշտի խնդիրը քննարկելու համար Մովսես են այցելել Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:
Կարդացեք նաև
Նախկին ՕԵԿ անդամ, այժմ անկուսակցական գյուղապետին հարցրինք՝ խաղադաշտի խնդիրը կապ ունի՞, որ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Ռուզաննա Ադամյանը կարող է իր թեկնածությունն աշնանն առաջադրել համայնքի ղեկավարի ընտրություններում: Ա. Ավալյանը ժխտական պատասխան տվեց:
Ռուզաննա Ադամյանին հարցրինք ՝ ինչու՞ դպրոցի մարզադահլիճը գյուղի երիտասարդներին չի տրամադրում: Դպրոցի տնօրենն ասաց, որ առավոտյան դպրոց գնալով՝ իրենք տեսել են, որ գիշերը վոլեյբոլ խաղացած երիտասարդները դպրոցի զուգարանից վատ կերպով են օգտվել: Նա ասաց, որ ըստ կադաստրից ստացված վկայականի՝ դպրոցի խաղադաշտի տարածքը շուրջ 1500 քառակուսի մետր է:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք,թե ճի՞շտ է այն տեղեկությունը, թե Մովսեսի խաղադաշտի հետ կապված երկրի նախագահն իրեն դիտողություն է արել; Մարզպետը դա անվանեց հերյուրանք, լրատվամիջոցի կողմից իր հանդեպ միտումնավոր սուտ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ