Մարտի 4-ին ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ: Հովսեփ Սիմոնյանը ողջունեց իր գործընկերներին ում հետ 16 տարի աշխատել են, տեղեկացրեց, որ որոշումը քաղաքական է և այն ունի մեկ կարևոր նպատակ` մարզում իրականացնել սոցիալ-տնտեսական բարեփոխումներին նվիրված այնպիսի ծրագրեր, որ բնակիչները զգան փոփոխությունը և զգան դեպի լավը: Կադրային փոփոխության հետ կապված, կրկին շեշտեց, որ շարունակելու է աշխատել աշխատակազմի հետ, սակայն նրանք ովքեր չեն բավարարի պահանջները, կասեն ցտեսություն:
Արդեն կեսօրին ՀՀ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Պարոն Լոքյանը ևս նշեց, որ պարոն Սիմոնյանը նոր մարդ չէ ոչ քաղաքական դաշտում, ոչ էլ առավել ևս մարզպետարանում, և հույս հայտնեց, որ կարվի ամեն ինչ մարզում տեսանելի բարեփոխումների գործընթաց իրականացնելու ուղղությամբ և, որպես ասածի հիմնավորում խոստացավ ամիսը մեկ անգամ գալ մարզ և տեղում հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Քաղաքական դաշտում, ըստ նախարարի, այս փոփոխությունների իրականացումը կնպաստի մարզերում տնտեսության զարգացմանը: Նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ իր հերթին ասել է, որ ծանոթ է մարզում առկա խնդիրներին և պատրաստվում է ըստ առաջնահերթության լուծում տալ դրաց: Արդեն մարզպետի աշխատասենյակում նախարարն առանձնազրույց ունեցավ մարզի երեք քաղաքների քաղաքապետերի և մարզից ընտրված ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպման ավարտին պարոն մարզպետը պատասխանեց լրագրողների հարցերին, հավաստիացնելով, որ մեկ շաբաթ անց արդեն ասելիք կունենա:
Շիրակի մարզպետարան