«Մարտի երկուս բերելու մեր երազը ժամկետանց երբեք չի կարող լինել: Ամբողջ հայ ժողովուրդը, թե սփյուռքում, թե Հայաստանում անհամբեր սպասում են, երբ է Հայաստանում մարտի երկուսը լինելու: Այս տարի ընդդիմության միացյալ երթը եղավ, քանի տարի չէր եղել, թեկուզ փոքր, բայց միացյալ գործողություն էր, հույս ունենք, որ ընդդիմության այս դրական փորձը կընդարձակվի»,- այսօր «Ազատության» հրապարակում հանդիպման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա անդրադարձավ նաեւ ԵՄ գերագույն հանձնակատարի հայտարարությանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ. «Հստակ ասվեց, որ ԵՄ-ը հարկ է համարում, որ ՀՀ իշխանությունները քննեն այն բողոքները, որոնք եղել են Սահմանադրության հանրաքվեի հետ կապված ու այդ կասկածները հաստատվելու դեպքում համապատասխան գործողություններ ձեռնարկվեն: Այս պահանջին մեր կարծիքով, պետք է հետեւեն պատժամիջոցներ, այլ կերպ չի կարող լինել, երբ Հայաստանը վերսկսել է ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիր կնքելու գործընթացը: Այդ համաձայնագիրը վերաբերում է քաղաքական եւ մարդու իրավունքներին վերաբերող Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:
Պարոն Չուգասզյանի խոսքով, իրենք նամակ են հղել գերագույն հանձնակատարին` հայտնելով, որ աչք փակելով Հայաստանում իրականացվող հանցագործությունների` ընտրակեղծիքների վրա` հանցակից են դառնում իշխող ռեժիմին:
Նա դժգոհեց Հայաստանում արդարադատությունից ու ասաց, որ իրավունքի բացակայության արդյունքում առաջացած լուծին ավելանում է նաեւ տնտեսական լուծը. «Անցյալ տարվա ընթացքում արտաքին պարտքը մոտ հինգ միլիարդ դոլարի է հասել, մեկ տարվա ընթացքում քսան տոկոսով աճել է: Սա նշանակում է, որ այն լուծը, որը դրել են մեր ժողովրդի վրա, ավելացվում է` հետագա սերունդների վրա տեղափոխվելով: Տնտեսությունն ի վիճակի չէր լինի պահել դոլար- դրամ հարաբերությունը, երբ հետխորհրդային երկրներում ազգային արժույթը արժեզրկվում է, Հայաստանում արհեստական պահպանելով կուրսը` տնտեսությանը ահռելի վնասներ են հասցվում: Արտահանման կարողությունը ԵՏՄ երկրներ կտրուկ նվազում է, որովհետեւ մեր ապրանքները թանկանում են, շուտով գյուղմթերքի վրա էլ կտարածվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ