Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի ընտանիքների հեռանալը չի նշանակում, որ մեծ տեմպերով արտագաղթ է». սիրիահայ

Մարտ 04,2016 20:10

Արդեն 15 օր է՝ Հայաստանում գործում է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ): Այն հիմնել են մի քանի սիրիահայեր, որպեսզի իրավաբանական խորհրդատվությամբ և այլ ծառայություններով օգնեն Հայաստանում բնակվող սիրիահայերին:

Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամները:

«Մենք ուզում ենք գործարար սիրիահայերի խնդիրները լուծել, իրավական խորհուրդներով օգնել նրանց, որ իրենց բիզնեսը զարգացնեն: Եթե արդյունավետ բիզնես ունենան, չեն ցանկանա հեռանալ Հայաստանից»,- ասաց ՀԿ անդամ, սիրիահայ Ներսես Գևոն:

ՀԿ անդամ սիրիահայերը, որոնք արդեն մի քանի տարի է՝ բնակվում են Հայաստանում, հիշում են, որ գալու առաջին տարիներին դժվարությունները շատ էին: Օրենք չիմանալն ու շուկայի փոփոխությունը թերևս իրենց ամենամեծ խնդիրներն էին. «Երբ մեր բիզնեսը Սիրիայի մի թաղամասից մյուսն էին տեղափոխում, էլի խնդիրներ էին առաջանում: Այս դեպքում երկիր ենք փոխել, բնական է, որ խնդիրներ կլինեն: Հիմա մենք արդեն կարող ենք օգնել մյուս սիրիահայերին հաղթահարել դրանք»,- ասաց Ներսես Գևոն:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Միքայել Կարապետի խոսքով՝ գործարար սիրիահայերին հուզող հիմնական խնդիրն արտաքին շուկա դուրս գալն է. «Մենք շուկային ծանոթ չենք, մի քիչ աշխատենք, պետք է արտաքին շուկա մտնենք: Այստեղից ամենաբաց շուկան Ռուսաստանն է, բայց մենք ռուսերեն չգիտենք: Դրա համար փորձում ենք գործակցել պետական մարմինների հետ: Արդեն հանդիպել ենք սփյուռքի նախարարի և էկոնոմիկայի փոխնախարարի հետ: Հուսով ենք՝ բազմաթիվ հարցեր նրանց օգնությամբ կլուծվեն»,- ասաց Միքայել Կարապետը:

Դիտարկմանը, որ սիրիահայ շատ ընտանիքներ հեռանում են Հայաստանից՝ դժգոհելով հատկապես գործազրկությունից, բանախոսները չհամաձայնեցին. «Մի քանի ընտանիքների հեռանալը չի նշանակում, որ մեծ տեմպերով արտագաղթ է, չի նշանակում, որ սիրիահայերի համար Հայաստանում վատ է: Ուղղակի մարդիկ կան, որոնք չեն հարմարվում: Շատ մարդիկ անգամ Սիրիայի հարևան երկրներում չեն կարողացել հարմարվել: Բացի այդ, որևէ մեկը խոստացե՞լ էր նրանց, որ այստեղ հոգ կտանի իրենց մասին… Կարծում եմ, որ իրենք պետք է հարմարվեին օրենքներին, իրենք պետք է ստեղծեին իրենց աշխատանքը: Սակայն ես համոզված եմ, որ հեռացողները մեծ ցավով են հեռանում»,- ասաց Միքայել Կարապետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031