Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Թամանյանի թոռ. «Բրա՛վո, պարո՛ն նախարար։ Վայելե՛ք Ձեր նախարարության խնջույքների սրահը»

Մարտ 04,2016 20:00

Այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Ցավոք, մեր քաղաքի այլանդակման ձեռնարկներին վերջերս ավելացավ նարեկսարգսյանական ևս մի զառանցագին գաղափար՝ «օպտիմալացնել» Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ ընդգրկելով այն ճարտարապետության միասնական թանգարանի կազմում։ Հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք մեծանուն ճարտարապետի թոռան՝ Գագիկ Թամանյանի բաց նամակը՝ ուղղված Նարեկ Սարգսյանին։  Կարծում ենք, որ նամակում հնչեցված բազմաթիվ խնդիրներ բավարար ուշադրության չեն արժանացվել։ Ներկայումս իշխող ճարտարապետական կլանի կողմից նամակի բովանդակության սխալ և շահադիտական մեկնաբանումները հերքելու և կոնտեքստից կտրված մեջբերումները բացառելու նպատակով նամակի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 

Շնորհավորում եմ,

Դուք հասաք ձեր նպատակին և հետ նվաճեցիք ձեր նախարարության խնջույքների սրահը։

Դե շամպա՛յն ըմբոշխնեք այդ սրահում։

Բայց իմացե՛ք, որ Դուք ձեր այդ քայլով բազմակի անգամ գերազանցեցիք հերոստրատյան մոլուցքը՝ կատարած հանցանքով մնալու սերունդների հիշողության մեջ։

Բրա՛վո, պարոն նախարար։

Սև խավիար ճաշակեք խնջույքների այդ սրահում, բայց չմոռանաք, որ քանդելով ու ոչնչացնելով Թամանյանի թանկագանը՝ Դուք երբեք չեք հաղթանակի, քանզի ոչնչացված թանգարանից մի փոշեհատիկ անգամ չի մտնի Ճարտարապետության միավորված թանգարան, և այդ մասին հոգ կտանի իմ ողջ ընտանիքը։

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ ՓԱԿԵՆ ու եղածը տեղափոխեն-միացնեն մի ընդհանուր թանգարանի․ Ռոդենի թանգարանը չեն փակում, որ դրանում եղած քանդակները փոխանցեն Փարիզի Լուվր, Սարյանի թանգարանը, հուսով եմ, նույնպես չեն փակի, որ դրա փոխարեն մի սրահ բացեն Հայաստանի ազգային  պատկերասրահում։

Դուք արդեն վաղուց հայտնի եք ու թերևս հպարտանում եք նրանով, որ ամբողջովին ավիրեցիք Երևանի թամանյանական Գլխավոր հատակագիծը և ստեղծեցիք քաղաքային մի միջավայր, որում անհարմար է բնակվելն ու որտեղ ոչնչով հպարտանալ հնարավոր չէ – անդեմ, բետոնե, բազմահարկ աշտարակներ՝ հրակնատ հիշեցնող պատուհաններով – ահա՛ ձեր նվաճումները, որոնք կարող էին այլանդակել մոլորակի ցանկացած քաղաք, որը չունի սեփական դեմքն ու սեփական ազգային կերպարը։

Բայց ի՞նչ կարելի է ակնկալել Երևանի Պոլիտեխնիկի սովորական շրջանավարտից, դե ամեն դեպքում մի բան հստակ է՝  Երևանի գլխավոր հատակագծի մասին ոչ մի ընկալում Ձեզ այնտեղ չի տրվել ու այդ պատճառով էլ Դուք, երկու անգամ լինելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում այդօրինակ թեթևությամբ Ձեզ թույլ տվեցիք ամբողջովին խեղել և արմատախիլ անել ազգային քաղաքաշինության թամանյանական բոլոր սկզբունքները և նվիրել երևանցիներին – որոնց կյանքն առանց այն էլ քաղցր չէ քաղաքի հակաէկոլոգիական և գազով աղտոտված տարածքում – բետոնե ծառուղիներ, որտեղ մի ծառ անգամ չկա ու այդպիսով կատարելապես թաղեցիք Թամանյանի՝ քաղաք-այգու գաղափարը, որը Երևանի համար միակ ճիշտ և հնարավոր հայեցակարգն էր։

Բրա՛վո, պարո՛ն նախարար։ Վայելե՛ք Ձեր նախարարության խնջույքների սրահը, բայց մի՛ մոռացեք, որ բոլորովին վերջերս Երևանում բացվեց Կոմիտասի թանգարանը, իսկ Ձեզ տասներկու տարի պայքարելուց հետո ի վերջո հաջողվեց փակել Թամանյանի թանգարանը․ հիանալի առիթ է, չէ՞, խնջույք կազմակերպելու համար։

Չէ՞ որ Ձեզ բավարար չէ միայն այն, որ Ձեր իսկ նրբանկատ վերահսկողության ներքո տասնամյակներ շարունակ բարելավվել է թամանյանական գլխավոր հատակագիծը և այն աստիճան է բարելավվել, որ, օրինակ, ինձ համար ծանր է ոչ միայն Երևանում ապրելը, այլ նույնիսկ այցելելը․ միջավայրը ճնշող է և բուսականության պակաս կա, իսկ ժամանակակից բետոնախառնիչների բազմահարկ ու անդեմ ստեղծագործությունները խիստ ճնշող ներգործություն են ունենում Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հոգեկան վիճակի վրա։

ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՝ չունենք Հայաստանի ազգային ճարտարապետություն, և այդ պատճառով կարելի է փակել Թամանյանի թանգարանը, որպեսզի դրանում առկա ցուցանմուշները հանկարծ որևէ մեկին չհիշեցնեն, թե ինչպես պետք է լիներ ամեն ինչ։

Հիշու՞մ եք, թե ինչպես էր իմ զարմուհին՝ Գայանե Թամանյանը – ում հետ Դուք միևնույն խմբում եք ուսանել – սիրտը ցավով լի, ինքն էլ վատառողջ, գալիս Ձեր աշխատասենյակ, և եթե Դուք նեղություն էիք քաշում նրան ընդունելու, ինչպես էր նա թախանձագին Ձեզ խնդրում թույլ չտալ Երևանի կենտրոնը կառուցապատել բազմահարկ բետոնե այլանդակություններով և չապականել թամանյանական գլխավոր հատակագիծը։

Դրա փոխարեն Դուք, որպես քաղաքաշինության նախարար, Ձեզ իրավունք վերապահեցիք ուղղել կառավարության տան թմբուկը։ Բրա՛վո, պարոն նախարար, պատկերացնում եմ, թե ինչքան լավ եք Ձեզ զգալու խնջույքի ժամանակ հենց այդ թմբուկի կառուցման առիթով, համ էլ արդեն խնջույքի սրահ ունեք։

Մի բան, իհարկե, պետք է տխրեցնի Ձեզ․ Պատկերասրահի թանգարանային տորթը, որը կառուցվել է հրապարակում, փոքր-ինչ ծածկելու է ձեր հերթական երկը՝ կառավարության տան թամանյանական նախագծի շտկումը։

Առաջարկում եմ, որ այն նույնպես ոչնչացնեք, չէ՞ որ ոչնչացնելը ձեզ մոտ լավ է ստացվում, օրինակ՝ Թամանյանի թանգարանը, և պետք չէ որևէ մեկի ուղեղը լվանալ ու համոզել, թե թանգարանների միավորումից ամեն ինչ կբարելավվի և գնալով ավելի հրաշալի կդառնա․ ամենասաղմնային վիճակից դա մի խելագար մտահղացում է՝ զառանցանք, և եթե այդ բանը սատարող իշխանությունը դա այդպես էլ չի հասկացել, ապա վայ մեզ, ինչպես ասում են։

Դե՛հ, խմեք ու քեֆ արեք Քաղաքաշինության նախարարության խրախճանքների վերանվաճված սրահում, բայց իմացե՛ք, որ Հայաստանում անգամ մեկ կիրթ անձնավորություն չի ողջունի Ձեր այդ քայլը, և այդպիսով Դուք կբազմապատկեք Ձեր ղեկավարման տխուր համբավը նախարարի և գլխավոր ճարտարապետի պաշտոններում, քանի որ Հայաստանում մարդիկ, ավելի լավ քան այլուր, գիտակցում են, թե ով է վարպետը, և ով՝ ենթավարպետը։

Եվ եթե Ձեզ թվում է, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը նրա մահվան 80-ամյակին փակելը մեծ պատիվ է բերում, ապա ես Ձեզ այլևս ասելու ոչինչ չունեմ՝ բացի երկու բառից․ հազա՛ր ամոթ Ձեզ։

Այնուամենայնիվ, դեռևս հույս ունեմ, որ իշխանությունները կսթափվեն և կգիտակցեն, որ, խնջույքի սրահ ձեռք բերելու Ձեր ցանկությամբ առաջնորդվելով, նրանք մեր մշակույթը զրկում են ազգային հպարտության ևս մի հիմնաքարից – Թամանյանի թանգարանից։

Գագիկ ԹԱՄԱՆՅԱՆ՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը

17-ը փետրվարի 2016 թ., Լոնդոն

Թարգմանությունը՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maga says:

    Հիմա վա՞տ է, որ երկու թանգարան-ինստիտուտները միավորվում են եւ այն կոչվելու է Ալեքսանդր Թամանյանի անունով: Ինչ-խոսք, ճիշտ որոշում է, երբ, մանավանդ, նախատեսվում է աշխուժացնել հայկական ճարտարապետության եւ, մասնավորապես, Ալ. Թամանյանի ժառանգության պահպանմանը, հանրահռչակմանը միտված գործունեությունը. ապահովել ավելի լավ պայմաններ, բարելավել ու հարստացնել ֆոնդերը եւ դրանց խնամքի խնդիրը չթողնել հարցականի տակ, կազմակերպել ցուցահանդեսներ, գիտաժողովներ, սեմինարներ ու վարպետաց դասեր:

    Թվում է, ոչ մի բանական մարդ չի կարող այդ միավորմանը դեմ լինել: Սակայն ճարտարապետության եւ քաղաքաշինության մեջ ոչ մի լումա չունեցող «դերասանների» մշտական շրջանակն էլի աղմուկ է բարձրացրել /գրանտակերների հիմնական զբաղմունքը դա է՝ չխորանալով ցանկացած որոշման կամ գործընթացի բուն էության մեջ՝ խժժալ մինչեւ անսահմանություն/:

    • Սահակ says:

      Իսկ դուք ինչ փաստական ապացույց ունեք, որ նարեկ սարգսյանի գաղափարներին դեմ արտահակտվողները անպայման “գրանտակեր” են? Արդյոք ԲՅՈՒՋԵԱԿԵՐ-ը ավելի մեծ չարիք չէ այս երկրի համար․,, ու եթե ինչ-որ մեկը ՀԿ է ներկայացնում ու գրանտ է շահում, որ այս ապաշնորհ իշխանավորների թույլ տված սխալները շտկի կամ մի բաց լրացնի, ապա դուք միայն շնորհակալ պիտի լինեք այդ ՀԿ-ին, ոչ թե վիրավորեք։ Բայց այստեղ հասարակական պահանջի մասին է խոսքը, ոչ թե ինչ որ կազմակերպության։ Եթե Թամանյանի թանգարան-ինստիտուտի օպտիմալացումը և այլ համալիրին միավորելը լավ բան լիներ, դժվար թե նրա ժառանգները դա չհասկանային։ ԿԱՍԿԱԾՈւՄ եմ, որ Դուք դա նրանցից ավելի լավ եք հասկանում, ավելի շատ եք հարգում ու սիրում նրանց պապին ու ավելի արժանի կրողն եք նրա թողած ժառանգության։ Ինչ վերաբերում է քաղաքաշինության մեջ լումա չունենալուն, ապա շատ կոպիտ ընդհանրացում եք անում․․․Ձեր գրածից ուղղակի զռռում է, որ ներսի աշխատող եք ու պարտադիր պետք է պաշտպանեք նապալյոն սարգսյանների մտահղացումները։

      • Maga says:

        Մի բորբոքվե՛ք, հանգստացեք, ես ոչ մի տեղ չեմ աշխատում:
        Երկրորդ՝ ,,Նապալյոն,, բառը սխալ եք գրել:
        Երրորդ՝ այս նամակի ողջ տեքստն ինձ հիշեցնում է Սահրատ /թե՞ Սարհատ/ Պետրոսյանի՝ տարբեր ժամանակներում կամ ամեն առիթով տրված հարցազրույցներից հատվածներ: Եվ ենթադրում եմ, որ հեղինակը հե՛նց նա է:Ենթադրությունս հիմնավոր է:
        Եվ վերջապես, համարում եմ, որ պետք է հետաքննություն սկսել ու պարզել իրական հեղինակին:
        Խորապես կասկածում եմ, որ այս տեքստին ծանոթ է եղել մեծն Թամանյանի թոռը:
        Սա իմ կարծիքն է, ինչը արտահայտելու իրավունք ունեմ եւ այն, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուրի կարծիքը գոյության իրավունք ունի:

  2. Թագուհի says:

    Ոնց՞ չեն ամաչում , ամոթ հազար ամոթ. Քանդելը շատ հեշտ է, կառուցելն է դժվար։
    Տեսնե՞ս սրանք Մեծ Եղեռնի ժամանակ ինչ էին ուտելու։ Չնայած ինչի եմ զարմանում, աչքիս առաջ մեզ հոշոտում են։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031