Հայ կանայք անսպառ սիրո, բարության ու ջերմության անխոնջ սերմնացան են, բայց և` ամրակուռ զրահ թշնամու հանդիման: Նրանց սրտում հայրենիքն է բովանդակ, նրանք են մեր ոգու անառիկ ամրոցը: Այսօր շատ ու շատ կանայք ու աղջիկներ ոչ միայն հայրենասեր զինվոր են դաստիարակում, այլև զինվորական ուսադիրներն ուսերին առած, անտրտում կիսում են բանակի առաջ դրված խնդիրները լուծելու պատասխանատվությունը` իրենց կանանցիությամբ, ու քնքշությամբ նրբին երանգներ հաղորդելով զինվորական միջավայրին:
Եվ բնավ պատահական չէ, որ Պաշտպանության նախարարության հյուրընկալ հարկի ներքո գարնանային գեղեցիկ տոնը նշելն ավանդույթ է դարձել:
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կանանց տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման սկզբում ներկայացվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված պայմանագրային զինծառայողների կանանց նվիրված «Սպասիր և ես կգամ» վավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդել են շնորհավորական ելույթներ, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր, բնականաբար, ուղղված օրվա հերոսներին` հայուհիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, կին զինծառայողներին ու ազատամարտիկներին, հայ զինվորների մայրերին և հատկապես նրանց, ում որդիներն իրենց կյանքը դրել են Հայրենիքի զոհասեղանին:
Շնորհավորելով կանանց տոնի կապակցությամբ և իր խոնարհումը բերելով հերոսներ ծնած մայրերին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ կանայք մշտապես առանցքային դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում և այսօր էլ, ի թիվս պետական հասարակական բազմաթիվ ոլորտների, հայ կանայք ու աղջիկները նաև զինված ուժերի շարքերում են:
Կարդացեք նաև
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերի մի շարք կին զինծառայողներ, պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ազգային բանակում միաժամանակ ծառայող երեք զինվորների մայրեր պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Տոնական միջոցառման ավարտին ներկայացվել է համերգային գեղեցիկ ծրագիր: Հյուրերին իրենց երաժշտական կատարումներով ողջունել են հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները և ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի սաները:
ՀՀ Պաշտպանության նախարարություն