Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պարբերաբար գրանցող հաջողությունների՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը դեռ շենք չունի

Մարտ 04,2016 18:30

«Օրեր առաջ մեր թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանը իր մոնոներկայացումով Բոսնիա և Հերցոգովինայում «Ոսկե լուսան» միջազգային փառատոնի շրջանակներում  «Լավագույն շարժում» անվանակարգում շահեց առաջին մրցանակ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:

Նա ավելացրեց, որ սա առաջին հաղթանակը չէր այդ փառատոնում. «Անցյալ տարի մենք շահեցինք առաջին մրցանակ մեր «Այբուբեն» նախագծով և որոշեցինք այս տարի էլ ուղարկել նախագիծ: Մրցակցությունը մեծ էր, կային մասնակիցներ ԱՄՆ-ից, Եվրոպայի մի շարք երկրներից, բայց շահեցինք մենք»:

Պարոն Դադասյանը խոսեց նաև նոր խաղաշրջանի բացման մասին, որը կմեկնարկի մարտի 10-ից ամեն հինգշաբթի Պատանի հանդիսատեսի թատրոնում. «Բացումը կտրվի «Գիրք ծաղկանց» ներկայացումով: Իհարկե, սա նոր ներկայացում չէ, բեմադրվել է 2008թ.-ին Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի մոտիվներով: Հեղինակն ու բեմադրող ռեժիսորը ես եմ, իսկ երաժշտությունը Վահան Արծրունունն է: Ցուցադրել ենք տարբեր երկրներում. սա այն ներկայացումն է, որը սիրված է հատկապես դպրոցականների կողմից ,և հենց բացման օրը դահլիճը լցված կլինի դպրոցականներով»:

ՀՀ վաստակավոր արտիստը հավելեց, որ խաղաշրջանի ընթացքում կցուցադրվեն իրենց բոլոր ներկայացումները. «Միշտ ներկայացումից առաջ ես ասում եմ հանդիսատեսին. այն ինչ կտեսնեք բեմում, չեք տեսնի հեռուստատեսությամբ, կամ մեկ այլ տեղ: Ներկայացումից հետո մոտենում և հաստատում են: Կարծում եմ՝ այս հնարավորությունը պետք է տրվի հատկապես երիտասարդ սերնդին, ով շատ է կապված ագրեսիվ մեդիա  դաշտին»:

Ինչպես նշեց պարոն Դադասյանը, այս տարի մեծ շուքով պատրաստվում են անցկացնել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 5-րդ միջազգային փառատոնը. «Անցյալ տարի ՀՀ վարչապետի առաջարկով մեր փառատոնը դարձավ ամենամյա.առաջ այն անցկացվում էր երկու տարին մեկ: Ինչպես ամեն անգամ՝ այս տարի նույնպես փառատոնը կանցկացվի Ծաղկաձորում: Փառատոնին առաջին անգամ մասնակցելու է  մնջախաղի համաշխարհային կազմակերպության նախագահը՝ Մարկո Ստոյանովիչը: Կան մասնակիցներ տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից Սերբիայից Գանայից: Մասնակիցներին ընտրել ենք ժանրային բազմազանությունը պահպանելու սկզբունքով: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը»:

Ժիրայր Դադասյանը ցավով նշում է, որ իրենք այդպես էլ շենք չունեցան. «Կարծում եմ կարիք կա հատուկ ուշադրություն դարձնելու մնջախաղի ժանրին: Սա մի ժանր է, որ թարգմանության խնդիր չունի և շատ արդիական է ամբողջ աշխարհում: Մենք ամեն ինչ անում ենք, սակայն կարծում եմ, որ այս հարցին պետք է ուշադրություն դարձնի նաև պետությունը: Փորձում ենք ամեն ինչ անել՝ ցույց տալու, ապացուցելու, որ մենք արժանի ենք ունենալ մեր տարածքը, որ կարողանանք ավելի լրջորեն շարունակել մեր գործունեությունը: Ես չգիտեմ որևէ այլ պետական թատրոն, որ կազմակերպում է միջազգային փառատոն.մենք շենք չունենալով ենք դա անում»:

Նա ավելացրեց, որ այս խնդրի լուծման նկատմամբ պետության  շահագրգռությունը մեծ չէ. «Անցյալ տարի հյուսիսային պողոտայում ցանկացան տարածք տրամադրել, սակայն տարածքը շատ նեղ էր և մոտենում էր հարևան շենքի պատուհաններին. բնակիչները չհամաձայնվեցին, բողոքի ակցիաներ սկսեցին: Չնայած իրենց առաջարկ էր արվում շենքի ներքևի հատվածում տարածք տրամադրել: Ես ենթադրում եմ, որ քաղաքապետարանը շահագրգռված պետք է լինի: Դեռևս միայն քաղաքաշինության նախարարն է փորձում տարածք գտնել, քայլեր անել խնդրի լուծման համար»:

Այն հարցին, թե քաղաքում ուրիշ տարածք չկա, նա պատասխանեց, որ մայրաքաղաքը մեծ հասկացություն է. «Տարածք կգտնվի՝ օրինակ Չարբախում, բայց ես չեմ պատկերացնում, որ թատրոնի շենքը լինի ծայրամասում: Մնջախաղը քաղաքային թատրոն է և պետք է զբոսաշրջիկի ոտքի տակ լինի: Պետք է լինի առանցքում՝մշակութային զարկերակի վրա»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031