Վալերի Պերմյակովի այսօրվա դատավարության ժամանակ հարցաքննվեց սահմանապահ ջոկատի ավագ վարորդ Մամիկոն Հարությունյանը: Նա է տեղափոխել Վալերի Պերմյակովին հայ-թուրքական սահմանից դեպի սահմանապահ զորամաս: Վկան պատմեց, որ 2015 թվականի հունվարի 12-ին հերթապահ է եղել ու գիշերը ժամը 12.30 սահմաններում մի քանի հրահանգներ է ստացել:
Նախ՝ հրահանգ է ստացել մեքենան մոտեցնել շտաբին, որ գնան Երազգավորս: Սահմանապահ ջոկատի այդ ժամանակվա հրամանատար, այժմյան հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինի ու պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովի հետ Գյումրի-Արմավիր մայրուղով ուղեւորվել են դեպի Երազգավորս, սակայն ոստիկանները կանգնեցրել են Երազգավորսի գերեզմանների մոտակայքում, թույլ չեն տվել շարժվել, քանի որ ճանապարհը փակել էին:Բանակցելուց հետո շարժվել են դեպի սահման: Այստեղ, ըստ վկայի,15-20 րոպե հետո ձեռք-ոտքերը կապած բերել են Վալերի Պերմյակովին, եւ ինքը նրան տեղափոխել է զորամաս:
Արթուր Սաքունցի հարցին, թե ինչո՞վ էին կապած Վալերի Պերմյակովի ոտքերն ու ձեռքերը, վկան ասաց՝ չգիտեմ: Հարցին ՝ բա ինչի՞ց ենթադրեցիք, որ կապած էր, վարորդն ասաց, որ նա չէր կարողանում շարժվել:
Վալերի Պերմյակովին դրել են մեքենան, վարորդը մթան մեջ չի տեսել նրա դեմքի արտահայտությունը, մեքենայի հայելին էլ մթան մեջ ոչինչ ցույց չի տվել, սակայն մեքենայում ծավալված խոսակցությունից մի հատված լսել է. Պերմյակովն ասել է, որ զենքը պահել է, կարող է ցույց տալ: Վկան չի լսել խոսակցության սպանության կամ դասալքության մասին;
Կարդացեք նաև
Վարորդը պատմում էր, որ Պերմյակովին զորամաս չտեղափոխեցին այն նույն ճանապարհով, որով իրենք եկել էին, այլ ընտրեցին ներքին, զարտուղի, ձյան մեջ թաղված ճանապարհ:
Հաջորդ վկան սահմանապահ ջոկատի շտաբի հրամանատարի տեղակալ, սահմանի պաշտպանության բաժանմունքի պետ Դավիթ Միրզոյանն էր, որը խոսում էր ռուսերեն: Փաստաթղթերը այս վկան է կազմել, այդ թվում Պերմյակովի հանձնման ակտը, որը ստորագրել են Մերզլիկինն ու Ռուզինսկին:
Արթուր Սաքունցը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էին այդ օրը ուժեղացած սահմանային ռեժիմի անցել, մի՞թե տեղյակ էին, որ Վալերի Պերմյակովը գնալու է հայ-թուրքական սահման, վկան ասաց, որ իրենք անցնում են ուժեղացված ռեժիմի, եթե անգամ իմանում են հոգեկան խանգարում ունեցող մարդ է դիմել փախուստի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ