Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 35 ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ

Մարտ 04,2016 17:52

 (կազմված է«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ս.թ. փետրվարի 29-ին կազմակերպված հանրային քննարկման մասնակիցների առաջարկների հիման վրա)

02 մարտ, 2016թ.

  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համակարգի իրական բարեփոխումը,
  • հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները եւ զեղծարարությունները, մասնավորապես` 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ,
  • գնահատելով մեր երկրի եւ հասարակության առջեւ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց,

մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը եւ իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություններն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ բովանդակության հետ:

  1. Անվերապահորեն անհրաժեշտ է ապահովել նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների եւ քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը եւ մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման: Ցավոք, իրականությունն այլ է. փետրվարի 29-ին կայացած հանրային միջոցառմանը ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական մեծամասնության եւ ՀՀ Կառավարության եւ ոչ մի ներկայացուցիչ չմասնակցեց: Նոր ընտրական օրենսգրքում հետեւյալ գործիքների եւ լուծումների ներմուծումը համարում ենք անխուսափելի երաշխիքներ` ապահովելու ընտրական համակարգի բարեվարքությունն ու թափանցիկությունը, գործընթացի հաշվետվողականությունը եւ հնարավորություն` վերականգնելու ոտնահարված ընտրական իրավունքը, եթե այդպիսիք տեղի ունենան. Նոր Ընտրական օրենսգրքի որեւէ էական առաջընթաց, որը կապահովի ընտրական գործընթացների բարեվարքությունը եւ կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի նկատմամբ, հնարավոր չի լինի՝ առանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման՝ պետության պոզիտիվ պարտավորության սահմանման: Անգամ, նախատեսվող էլեկտրոնափաստաթղթային քվեարկության համակարգի ներդրումը, որն այժմ քննարկվում է իշխանությունների կողմից, չի կարող լուծել խախտումների, մասնավորապես, լցոնումների խնդիրը, որը դարձել է սովորական եւ օգտագործվել է նաեւ վերջին հանրաքվեի ժամանակ: Այսպիսով, միայն ընտրողների ցուցակների հրապարակման, բացակա եւ քվեարկած ընտրողների առանձնացված ցուցակների մատչելիության, դրանց համադրման իրական հնարավորության, ինչպես նաեւ դրանց հասանելիությունը ընտրություններից առաջ բոլոր տեղամասերում ապահովելու պարագայում, կարելի է կանխել զանգվածային ընտրակեղծարարությունը: Հակառակ պարագայում, էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը կդառնա կասկածելի գործիք, որովհետեւ այն կարող է լինել անարդյունավետ, առավել վնասակար եւ կդիտվի որպես ռեսուրսների անտեղի վատնում:
  2. Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական եւ օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որեւէ սահմանափակում: Բացի այդ, անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

iii. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն՝ բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել եւ ապահովել ընտրական գործընթացի առնվազն 5 տեսախցիկով՝ պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաեւ պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման եւ, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն, պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունը որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

Մեր առաջարկություններն ու լուծումները չեն սահմանափակվում միայն վերը բերվածներով: Գոյություն ունեն միջոցներ եւ մեթոդներ` գործընթացի հետագա բարելավման եւ ազատ ու արդար ընտրությունները հասանելի դարձնելու համար, որոնց ցանկը կցված է: Սակայն, մեր կարծիքով, վերը նշվածները կարեւորագույնն են` կանխելու ընտրական բարեվարքության մշտական չարաշահումները` համապետական, տեղական ինքնակառավարման եւ հանրաքվեների մակարդակներում:

Այս հայտարարությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես վերը նշված եւ հարանման առաջարկների քննարկման, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար:

Հայտարարությունը ստորագրվել է ավելի քան 35 ՔՀԿների կողմից։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031