Լրահոս
Օրվա լրահոսը

 Տարվա եղանակները (պատմվածք)

Մարտ 04,2016 17:01

 Ձմեռ

Ձմեռ   է։
 Ձյուն է գալիս։
            Ձորով հոսող գետի ափամերձ հատվածները դեռ չեն սառել և անսանձ գիժ Դեբեդը դեռ շարունակում է հոսել իր բնականոն ձևով։ Ձորի լեռնալանջերի ցածր հատվածներում ծառերի բազմագույն երանգներով սաղարթները մասամբ տերևաթափվել են, դարձել կիսամերկ, իսկ բարձրադիր մասերում այդ գունեղ երանգները հարստացել են ձյան սպիտակով։ Փափուկ ձյան փաթիլները պարային նազանքով մեղմորեն իջնելով ցած, հպվում են ճանապարհին ու դանդաղորեն հալվում։ Ձորը մինչև երկինք լցված է ձյան պարող փաթիլներով։ Ճանապարհը շարունակվում է գետից որոշակի բարձրությամբ, նրա ոլորումների զուգահեռ կրկնությամբ ու ժայռակոփ թունելների մեջ մի քանի անգամ անսպասելի անհայտացումով ու հայտնվելով։ Այն իրեն ուղեկից գետից բաժանվելով սարալանջի անտառի մեջի ոլորաններով շարունակվում է կտրուկ դեպի վեր։ Հետո ձորն անսպասելիորեն ավարտվում է և շուրջն ամեն ինչ հայտնվում է ամբողջովին ձյան սպիտակ սավանով փաթաթված։            Ձմեռ   է։         Ձյուն է եկել։

 Գարուն
Գարուն է։                                                                                                                           Անձրև է գալիս։                                                                                                                                  Հողը   փափուկ է, տաք, նաև խոնավ է։
Ծառը ծեր     է։
Տնքում է։ Կհասցնի՞։
Այս էլ քանի տարի է, նա համբերատար սպասումով լարում է վերջին ուժերը, կիսաչոր արմատներին ստիպելով կատարել սնուցում՝ մի կերպ կանաչով պատում իր բազմաթիվ ճյուղերը։

Ճնճղուկների ծանոթ ընտանիքը նորից վերադարձել է։ Զույգը գտել է ծառի սաղարթների խորքում իրենց թողած բույնը և համերաշխ անցել վերանորոգման գործին։

Ծառի արմատների մոտ մի տեղ հողը փոքր-ինչ ուռել է։ Նա երկար է սպասել այդ թմբին, նրա հետ է կապում իր վերջին հույսերը։ Ահա և եկավ բաղձալի պահը։ Փոքրիկ մի շիվ վախեցած հանեց իր գլուխը թմբի մեջից, և ծառը անմիջապես տարածեց իր ճյուղերը՝ չլինի թե անձրևը վնասի։
Հասցրեց։
Ծառը ծեր է։
Նաև գարուն է։

 Ամառ

…Ամառ էր ու շատ շոգ, երևանյան շոգ։

Տաք ասֆալտն անցորդներին մղում էր դեպի ցայտաղբյուրը։ Մեծերն ու տղամարդիկ իրենց հերթը զիջում էին երեխաներին ու կանանց։ Ջուրը խմելուց հետո աղջիկը շնորհակալական ժպիտ նվիրեց իրեն և հեռացավ։

– Չես սպասի՞ – մինչ ցայտաղբյուրից ջուր խմելը հասցրեց ասել ինքը հեռացող աղջկան։

Աղջիկը չպատասխանեց, բայց նկատելիորեն դանդաղեցրեց քայլերը։

Ցայտաղբյուրն ասաց.

– Արագացրու, գնում է։

Կից գտնվող խանութի ցուցափեղկում դարսված ծիրանակույտի վրա բազմած ոսկեգույն ծիրանը աչքով արեց նրան.

– Լավիկն է, հասի…

Ամառ է ու շատ շոգ, երևանյան շոգ։

Երբ ալեհեր տղամարդը իր կնոջ ու թոռնիկի հետ մոտեցավ ծանոթ ցայտաղբյուրին, մոտակա խանութի ցուցափեղկից նայող ոսկեգույն ծիրանն իր նախնիի նման աչքով արեց նրան։ Ցայտաղբյուրն էլ, որ առաջվա պես աշխատում էր ծանրաբեռնված, նրանց սառնորակ ջուր պարգևեց։

Ամառ է ու շատ շոգ, երևանյան շոգ։

 Աշուն

Ի տարբերություն ամռան, արևն էլ չի այրում, այլ տաքացնում է, Դեբեդի ջուրը գիշերը տեղացած անձրևից վարարել ու պղտորվել է, հոսքի ձայնը արձագանքում է գետամերձ կիրճում՝ դառնալով շրջակայքի անբաժանելի մաս։ Քաղաքի տարածքում մի տեղ գիժ Դեբեդը ստիպված սանձվում, սեղմվում է ու հնազանդ անցնում իրեն թամբած քարե կամրջի տակով։ Կիրճի լանջերը ծածկած անտառի սաղարթի կանաչը բազմագույն երանգավորվել է։

Աշուն է….

Ճանապարհն անընդհատ տանում է դեպի վերև։ Վերջին ոլորանից աջ, ճանապարհից ոչ հեռու քարե խաչ կա։ Այն բազալտից է, և դրված է իրենից անհամեմատ ավելի փոքր բազալտե հիմքի վրա։ Ամեն անգամ նայելիս թվում է, թէ քարե խաչը ուր որ է կընկնի, սակայն տարիներն անցնում են, իսկ այն զարմանալի մի ուժի օգնությամբ հաստատուն մնում է իր տեղում։ Ոլորանից հետո բացված հարթավայրում ճանապարհը երկու մասի է բաժանվում։ Հիմնականը աջ և ձախ կողմերից իրեն ուղեկից ծառերի հետ գնում և անհետանում է հորիզոնը լրիվ գրաված գյուղի մեջ, իսկ աջ թեքվողը գնում է դեպի հարթավայրի վերջում բուրգի նմանվող բլրի տակ գտնվող, հեռվից անտառակ հիշեցնող, իսկ մոտիկից արդեն բազմագույն դարձած սաղարթներով ծառերի մեջ շրջափակված տների հազիվ երևացող տանիքներով փոքրիկ գյուղը։ Ճանապարհի երկու կողմերում մեկ շարքից ուղեկից ժամապահ ծառեր են տերևների մեջից ժպտացող հասած մրգերով։ Ծառերի արանքներից երևում են ցորենի մասամբ հնձված ոսկեգույն արտերը։ Աջ կողմից, հեռվում, երևում է մշուշապատ գագաթներով Լալվար լեռը ստորոտին փռված գյուղով։

Աշուն է….

 

  Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031