Մարտի 4-ին «Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՑ անդամ Արշակ Գասպարյանը եւ ԵՊՑ խորհրդի անդամ Քնարիկ Գարանֆիլյանը խոսեցին «Երեխաների մասին լուսաբանումների առանձնահատկությունները. երեխային չվնասելու հիմնարար սկզբունքները. հայաստանյան լրատվամիջոցներում վերոնշյալի վերաբերյալ մասնագիտական մոտեցումները, ոլորտի խնդիրները, խախտումները և դրանց լուծման եղանակները» թեմայով:
Միրա Անտոնյանը նշեց, որ իրենք ավելի քան 10000 անձանց հետ են աշխատում, հետեւաբար իրենց իրավունք են վերապահել ասելիքով ներկայանալ: Նա փաստեց, որ հաճախ ոչ ճիշտ լուսաբանումների արդյունքում տուժում են երեխաներն ու ընտանիքները, թեեւ ԶԼՄ-ների նպատակը բարի է եղել, իսկ ցանկությունը՝ խնդրի մասին բարձրաձայնելը:
Լուսաբանումների ժամանակ, այսպես կոչված, կողմնակի վնասները բացառելու համար Միրա Անտոնյանը լրագրողներին միասին աշխատելու առաջարկ արեց: «Ցավոք, հաճախ ենք առնչվում բաց տեքստերի, տեսնում ենք, թե ինչպես են հրապարակվում երեխաների անուն-ազգանունները, երեւում են դեմքերը: Տեսնում ենք նաեւ բարեսիրության ցուցադրումների արտացոլումներ, որոնք հետեւյալ համատեքստում են՝ մենք ազդարարում ենք, որ երեխան եւ ընտանիքը աղքատ են, ապրում են տնակներում, եւ հաջորդ պահին լուսաբանում ենք, թե նշանդրեքի արարողության նման ինչպես են բարերարները զամբյուղներով գալիս մեկանգամյա օգնություն ցույց տալիս ու գնում: Մենք սրանով մարդկանց ասում ենք, այ, եթե դուք էլ լացեք, ձեզ էլ կօգնեն»,- ասում է ԵՊՑ նախագահը: Նրա համոզմամբ, եթե ծայրահեղ աղքատ է ընտանիքների 2,3%-ը եւ երեխաների 4,2%-ը, նշանակում է առանձին նվիրատվություններով եւ օգնություններով հարցը չի լուծվում, ընդհակառակը՝ ավելի է սրվում, որովհետեւ նրա խոսքով, վաղը այդ երեխայի ընկերներն ու հարեւանները կասեն. «Վա՜յ, ձեզ տեսանք, դուք աղքատ եք»:
Միրա Անտոնյանը կոչ է անում. «Եկեք աչքը սարքելու տեղը, հոնքն էլ չհանենք: Վնասները եւ օգուտները պետք է համադրել, պետք է խնդիրների մասին խոսել, բայց արդյունավետ խոսել»:
Կարդացեք նաև
ԵՊՑ անդամ Արշակ Գասպարյանը խոսեց խնդրի իրավական գնահատականի մասին՝ մամուլի հրապարակումներից օրինակներ բերելով: Վկայակոչելով միջազգային կոնվենցիաներն ու օրենքները՝ նա փաստեց, որ երեխայի անձնական կյանքը պետք է պաշտպանված լինի:
Գասպարյանն անդրադարձավ Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում երեխաների ինքնասպանության փորձի լուսաբանմանը: «Երբ խոսում ենք այս կամ այն հաստատության մասին, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, պետք է նկատի ունենանք, որ մեծահասակների խաղերը երեխաներին չեն վերաբերվում»,-համոզված է ԵՊՑ անդամը:
Ինչ վերաբերում է այս կամ այն հաստատությանը, ծառայությանն ու գերատեսչությանը եւ օղակին, որ փորձում է իր գործունեությունը լուսաբանել, ապա բոլորն էլ պետք է հասկանան, որ երեխայի իրավունքը վեր է ամեն ինչից: Արշակ Գասպարյանը մտահոգված է: Ասում է՝ 11 տարեկանում ինչ-որ բան արած երեխան կարող է 18 տարեկանում իր մասին հրապարակումներն ու տեսահոլովակը դիտել ու դա իրեն կարող է դուր չգալ, հետեւաբար երեխայի համար ինչ-որ բան անել ցանկացող ծնողները չպետք է անմիջապես վազեն լրատվամիջոցներ ու խոսեն խիստ անձնական խնդիրներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»