Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում այսօր ընթերցողներին ներկայացվեցին բանաստեղծ, արձակագիր Ռեգինա Ամատունու «Ես եմ…» եւ «Կեր եւ Ասպրամ» գրքերը: «Ես եմ…»-ը ներառում է արձակ ստեղծագործություններ` հայրենասիրական, սիրային պատմություններ, որոնց մի մասը ԱՄՆ-ի հայերի մասին է:
«Ճանապարհ դեպի անմահություն» պատմվածքը 2014թ. «Ժայռ» մրցանակաբաշխության ժամանակ գրավել է առաջին հորիզոնականը:
«Այն պատմություն է մեր հետախույզների, մեր հայորդիների մասին, որոնք կարող են թողնել իրենց ընտանիքը, գնալ պատերազմի դաշտ եւ պաշտպանել հայրենիքը: Պատմվածքի հերոսը կռվի դաշտից տուն չի վերադառնում…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռեգինան:
Կարդացեք նաև
«Կեր եւ Ասպրամ» վեպի հիմքում էլ սիրո իրական պատմություն է. «Պարզապես դեպքերը տեղի են ունենում միջնադարում: Հայոց աշխարհում Ասպրամ անունով իշխանուհի է լինում, որն իր հոր կենդանության օրոք գահ է բարձրանում եւ փորձում Հայաստանում զարգացնել գիրը եւ գրաճանաչությունը: Այդ նպատակով նա շրջում է աշխարհով մեկ, Հայաստան բերում բանիմաց ուսուցիչների, հանդիպում Կեր թագավորին: «Կեր» նշանակում է «Արեւի զավակ»: Թագավորն ամուրի է լինում, իսկ Ասպրամը նրան չի բացահայտում, որ իրականում թագուհի է: Ներկայանալով որպես արվեստագետ` նա գրավում է թագավորի սիրտը: Կերն իմանում է, որ Ասպրամը թագուհի է, եւ վտարում է նրան իր թագավորությունից: Ասպրամը հետ է գալիս Հայաստան եւ հարսանիքի հրավեր ուղարկում թագավորին…Նրանք ամուսնանում են»,-պատմեց հեղինակը:
Ռեգինա Ամատունին շուտով ընթերցողներին եւս մեկ գիրք կներկայացնի, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ