Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը

Մարտ 04,2016 14:57

Սա առաջին անգամը չէ, վստահաբար՝ և վերջինը չի լինելու: Արդեն որերո՞րդ անգամն է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն արտերկրյա և ներերկրյա այցերի ժամանակ երկրի խնդիրների կարգավորման ֆոնին «երբեք չեն մոռանում հայերին»:

Այսպես` իշխանության խաթարված հեղինակությունը փրկելու փորձեր են անում՝ ազգայնական ուժերի և հիասթափված հասարակության նեցուկն ունենալու համար: Եվ ամեն առիթ օգտագործում են հայերին վիրավորելու, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակն անարգելու համար:

Օրերս՝ Բինգյոլ այցի ժամանակ, Դավութօղլուն կոտորածի ակնհայտ սպառնալիքով, մեղադրեց քրդերին ու կրկին հիշեց հայերին. «Հայկական ավազակախմբերի նման Ռուսաստանի հետ են համագործակցում։ Գնում Մոսկվայում «ներկայացուցչություն» են բացում»:

Հայկական լրատվամիջոցները թուրք վարչապետի ելույթին անդրադարձան միայն այն տարածելով: Մեր քաղաքագետ-վերլուծաբանները աչքի չզարնեցին. մտայնությամբ, որ «շուն է, կհաչի, կանցնի», և մեկ էլ՝ նրանց այդ օրերին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի իշխանական օթյակի վերադասավորումը: Դե, իսկ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ դիվանագետին բնորոշ կեցվածքի՝ զսպվածության մեջ էր: Ասել է, թե ազգովին հանդուրժող դառնանք ամեն տեսակ վիրավորանքին:

Դավութօղլուի հայտարարությունը քրդերի շրջանում բուռն քննադատության արժանացավ, քանի որ հենց այդ «ավազակախմբերի համագործակցությունն» էլ, թուրքական պաշտոնական թեզերի համաձայն, ներկայացվում է որպես «հայերի տեղահանություն», այսինքն՝ Հայոց ցեղասպանության իրողության արդարացում:

«Հայկական ավազակախմբեր» ասելով՝ թուրք վարչապետը, անկասկած, նկատի ուներ Զեյթունի, Սասունի, Մուշի, Վանի, Մուսա լեռան ինքնապաշտպանական ջոկատներին՝ մեր հայդուկներին, ովքեր մոսինով Հայրենիք էին պաշտպանում, իսկ այսօր մենք՝ «արժանավոր» հետնորդներս, նրանց պատիվն արժանապատվորեն չենք պաշտպանում, ի պատասխան «դիվանագիտորեն» լռում ենք:

Ցավը նրանում է, որ, կարծեք՝ վիրավորանքը մեզ չէր ուղղված: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք աշխարհին մեզ ներկայացնում ենք արևմտահայերի ժառանգորդ, իրավահաջորդ, նրանց ոտնահարված շահերի և ինչո՞ւ ոչ՝ նրանց նյութական ժառանգության պաշտպան, սակայն ամեն անգամ կուլ ենք տալիս արևմտահայ նահատակներին ուղղված վիրավորանքը, նվաստացումը: Դա արվում է Հայաստանի Հանրապետության իշխանության դիվանագիտական մակարդակով: Որքա՞ն կարելի լռել: Մի՞թե վիրավորանքին՝ լռությամբ կամ ուշացած պատասխանելը դիվանագիտական նոր մոտեցում է, նոր չափանիշ:

Դժվա՞ր էր նույն օրն իսկ ՀՀ ԱԳՆ կողմից բողոքի մի նամակ ուղարկել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, միջազգային իրավապաշտպան կառույցներին ու լրատվամիջոցներին: Վստահաբար, համոզված եմ, որ մեր քայլը Դավութօղլուին ավելի կոռեկտ ու զուսպ չէր դարձնի: Բայց, ամեն դեպքում, արժանապատվության հարց էր…

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը պաշտոնական այցով նույն օրը Ժնևում էր, այդ մասին լռեց: Մարտի 1-ին Երևանում նա հյուրընկալեց, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Անշուշտ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկար, բայց կարելի էր չէ՞ առիթն օգտագործել, սեփական ժողովրդի արժանապատվությանը տեր կանգնել միջազգային լայն լսարանի առաջ:

Միայն օրեր անց ՀՀ ԱԳ Նախարարն օգտվեց «Լավ է ուշ, քան երբեք» ասույթից. ԵՊՀ գիտխորհրդի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ բացթողումը շտկեց. «Մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան և անարժան պիտակավորելը: Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երևակայության մեջ արդարացված են: «Պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել»:

Մի նկատառում՝ «փաշա» թուրքերեն նշանակում է՝ հերոս, իսկ ոճրագործ Թալեաթը հայի համար չի կարող փաշա լինել: Ուստի, ոչ միայն հայ պատմագիտական, այլև դիվանագիտական լեզվամտածողությունից պետք է հանել «փաշա» բառի կիրառումը:

Նախարար Նալբանդյանի խոսքը հայկական լսարանին չէ որ պետք էր, մեզ համար նորություն չէ, որ թուրքը չի փոխվել: Օտարազգի լսարանին է շատ պետք:

Այն, ինչ մենք չարեցինք, արեց պոլսահայ Գարո Պայլանը: Վճռական մենակի պայքարն էլ է պայքար. երեկ Թուրքիայի մեջլիսում հայազգի պատգամավոր Գարո Փայլանը փրկեց ՀԱՅԻ պատիվը, Դավութօղլուին մեղադրելով խտրական քաղաքականություն վարելու մեջ. «Այսօր և թուրքերն են «Իսլամական պետության»-ը անդամակցում, և քրդերը: Հիմա եթե ես ասեմ՝ «թուրք հրոսակախմբերը», դա ինչպիսի՞ խտրականություն կլինի, էդպես կարելի՞ է: Պարոն վարչապետն էլ է բացահայտ խտրականություն դրսևորել»:

Հայ ժողովուրդը կորցրել է ամենանվիրականը՝ ողջ Արևմտյան Հայաստանը, բայց ոչ՝ իր արժանապատվությունը: Այսօր Հայաստանի իշխանական էլիտայի ոչ մի անդամ իրավունք չունի եվրոկոմիսարներին ու էմիսարներին հաճոյանալու, եվրոբարքերի ու կարգերի չափանիշներին համապատասխանելու համար ստվեր գցել սեփական ժողովրդի արժանապատվության վրա:

 

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031