«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձան տաքսիների լիցենզավորման արդեն մեկ տարի գործող կարգին: Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը նշեց, որ Երեւանում աշխատող տաքսու վարորդը պետք է 12.000 դրամ վճարի:
«Իսկ մարզերի գյուղաբնակ վայրերում աշխատող վարորդը՝ 5.000, մարզկենտրոնինն էլ՝ 8.000։ Անհավասար պայմաններ են։ Ինչո՞ւ պետք է Երեւանի տաքսու վարորդը 12.000 դրամ տա։ Մենք դրան ենք դեմ եւ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք»,- նշեց Արսեն Պետրոսյանը։
Նա առաջարկեց բոլորի համար սահմանել լիցենզավորման նույն գումարը՝ 5.000 դրամ։ «Ինչ-որ մի հատ հասարակական կազմակերպության ղեկավար, անունը չեմ ուզում տալ, ասում է, որ օրը 400 դրամ է անում եւ ի՞նչ է, շա՞տ է։ Եղբայր 400 դրամը, երբ հեռակա նայում ես, շատ փոքր թիվ է։ Բայց այն պայմաններում, երբ մայրաքաղաքում տաքսու վարորդները երթեւեկում են կարմիր գծերի, տեսախցիկների, արագաչափերի ուղեկցությամբ, դա խնդիր է դառնում»։
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամը նաեւ բարձրաձայնեց չլիցենզավորված տաքսիների հարցը. «Դուք լավ գիտեք, թե որքան տաքսիներ են պտտվում առանց նշանների։ Չեմ ուզում անունը տամ, հետեւի ապակուն կպցրած տարբերանշանով են պտտվում։ Եվ գիտե՞ք այդ տարբերանշաններով քանի տաքսիներ կան»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքը «ggTaxi», «MobiTaxi» եւ այլ առցանց տաքսիների մասի՞ն է։ Արսեն Պետրոսյանը դրական պատասխան տվեց։ «Դա անհավասար դաշտ է։ Մարդը չի լիցենզավորվում, բայց տաքսի ծառայություն է աշխատեցնում»։
Լրագրողներից մեկն ասաց, թե ունի ընկեր, որն աշխատում է առցանց տաքսի ծառայություններից մեկում եւ ամեն ամիս 18.000 դրամ գումար է վճարում։ «Բան չունեմ ասելու։ Եթե լավ ծառայություն են մատուցում, օգտվեք իրենց ծառայությունից։ Ոչ գովազդում եմ, ոչ էլ վատաբանում։ Միայն ասում եմ, որ 12.000-ի շեմն իջեցնեն ու դարձնեն 5.000 դրամ»,- արձագանքեց Արսեն Պետրոսյանը։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ