Իշխանությունը դասեր է քաղել անցած նախագահական ընտրություններից, երբ անակնկալի եկավ ընտրողների վարքագծից՝ տեսնելով ընդդիմադիր թեկնածուի հավաքած քվեների թիվը: Այս կարծիքին է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա արդեն առաջին ազդանշանն է արձանագրել 2017 թվականի ընտրություններին իշխանության պատրաստվելու առումով:
«Այս կտրվածքով ձեւավորվում են ապագա իշխանության առանցքները»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքական վերլուծաբանը: Իսկ ամենանշանակալի իրադարձությունը, ըստ նրա, ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունն է, այդ ուժերի միջեւ քաղաքական համաձայնագրի ձեռքբերումը, իսկ պատճառներն, ըստ նրա, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ազատ սուբյեկտների մնալն էր, որոնք չէին կողմնորոշվել `ընդդիմություն են, թե իշխանություն. «Խոսքը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Ըստ էության, այդ ազատության համար ՀՀԿ-ն վճարեց 2014-ին քառյակի առաջացրած սպառնալիքով: ՀՀԿ-ն այժմ հասկանում է, որ նման ազատ ուժեր՝ ազատ վարքագծով եւ հնարավորություններով, չպետք է լինեն, եւ ահա, փորձում է նաեւ 2017-ի ընտրություններից հետո այլ սուբյեկտների զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից»:
Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունները նույնպես նշանակալից են. «Նոր կառավարման պայմաններում սուպերնախարարություններ դժվար թե պետք լինեն Սերժ Սարգսյանին եւ ապագա իշխանության տիրոջը: Մենք տեսնում ենք իշխանության ապախոշորացում, որովհետեւ նոր համակարգի ճարտարապետը լավ գիտի, թե արդյոք իրեն պետք են կառավարության կազմում նման խոշոր խաղացողներ, թե ոչ»:
Քաղաքական վերլուծաբանը ոստիկանական համակարգում շարունակվող վերադասավորումները նույնպես պայմանավորեց 2017 թվականի ընտրություններով. «Ապամոնտաժվում է այն իշխանությունը, որը կար մինչեւ այժմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ