Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ»

Մարտ 04,2016 15:19

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել է ոլորտում 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարևորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսևորումը:

«Թերևս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն խմբերի հետ շփումն է: Մարդիկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց հետ, ընդունակ են լսել և հասկանալ նրանց: Մարդկանց հետ շփվելու, հարգալից վերաբերմունքի վարքագիծը միշտ չէ, որ պահպանվում է. այդ են վկայում քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները: Ցանկացած կոպիտ, արհամարհական վերաբերմունք պետք է անմիջապես ստանա համարժեք գնահատական ու այդ մասին պե՛տք է տեղեկացվի հանրությանը»,- նշել է քաղաքապետը:

Միևնույն ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտադրել է նաև վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության թափանցիկության կարևորությունը:

«Ինչպես քաղաքապետարանի վարչության, այնպես էլ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատանքը պետք է լինի առավելագույն թափանցիկ, պրոֆեսիոնալ ու բարեխիղճ: Քաղաքացիները պետք է իմանան ոլորտի յուրաքանչյուր օղակի կոնկրետ գործառույթներն ու իրավասությունները: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել կարիքավորներին օգնության և օժանդակության ծրագրերը: Եղեք ուշադիր և հետևողական, որպեսզի սոցիալական ծրագրերը հասանելի լինեն բոլոր կարիքավորներին և տարվա ընթացքում բաշխվեն հավասարաչափ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժիններին կից սոցիալական աջակցության խորհուրդների գործունեության թափանցիկությունը:

«Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ և զգան իրենց գործի կարևորությունը, քանի որ այս խորհուրդներն են պատասխանատու հրատապ օգնություն ստացողների տվյալների և կարիքավորության աստիճանի արժանահավատության համար: Պետք է հստակ գիտակցել, որ միջնորդավորված անձանց ներկայացնելը որպես կարիքավոր, իրական կարիք ունեցողին զրկում է այդ օգնությունը ստանալու իրավունքից: Սա ամենաարատավոր, անընդունելի՛ և անթույլատրելի երևույթն է: Խորհրդի աշխատանքների կազմակերպման և յուրաքանչյուր քաղաքացու գործի ուսումնասիրման ժամանակ «Փարոսի» պատասխանատուները պարտավոր են լինել խիստ ուշադիր և իրենց լիազորությունների շրջանակում բացառեն սահմանված կարգի ցանկացած խախտում: Իրական կարիքավորին օգնությունից զրկելը դուրս է բարոյական բոլոր նորմերից»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը հորդորել է պատասխանատուներին լինել զգոն և մեծագույն պատասխանատվություն ցուցաբերել կարիքավոր քաղաքացիների գործերի ուսումնասիրման նկատմամբ, հակառակ դեպքում թերացողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031