Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերից ԲՀԿ-ի կառույցները դուրս կգան ընտրապայքարի

Մարտ 04,2016 14:26

«ԲՀԿ-ն ինքնամաքրման խնդիրները կարգավորելու փուլն արդեն ավարտում է եւ, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությամբ, պատրաստվում է ընտրությունների: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ամբողջովին նոր ԲՀԿ-ի տեսլականը քաղաքական դաշտում հստակ կլինի: Իսկ արդեն սեպտեմբերից, ԲՀԿ-ի կառույցները դուրս կգան ընտրապայքարի`ամբողջովին ամրագրված եւ հստակ քաղաքական ուղղվածությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Բոլոր այն անձինք, ովքեր կշեղվեն կուսակցության ուղուց, կանեն հայտարարություններ, որոնք կտարբերվեն կուսակցության ընդունած որոշումներից, դուրս կդրվեն կուսակցությունից: Մենք ոչ ոքի թույլ չենք տալու`կասկածի ենթարկել ԲՀԿ-ի աշխատելու ունակությունը, ամրությունը եւ դեմոկրատական ցենտրալիզմի ուժով կայացված որոշումների ընթացքը: ԲՀԿ-ում կարեւորվում է բազմակարծությունը, բայց քննարկումների փուլում: Որոշումներից հետո, բազմակարծությունն անելիք չունի: Պետք է կատարվեն որոշումները: Սա կուսակցական մեծամասնության մոտեցումն է»,- ասաց մեր զրուցակիցը:

ԲՀԿ-ի`կոալիցիա կազմել-չկազմելու թեման կուսակցությունում երկար քննարկվեց, անգամ կոալիցիա չմտնելու որոշումն ընդունելու հետո: Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ իրենք ճիշտ որոշում կայացրեցին:

«ԲՀԿ-ն լինելով երկրորդ քաղաքական ուժը, եթե փորձեր կոալիցիայի մաս կազմել, լայն հանրությանն առնվազն հասկանալի չէր լինի: 2012 թվականին, երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայի կազմից, գնահատեց եւ ըմբռնեց, որ լինելով կոալիցիայի կազմում, ԲՀԿ-ն ի վիճակի չէր փոխել քաղաքական այն կուրսը, որը վարում էր իշխող կուսակցությունը: Մենք չկարողացանք օրակարգ թելադրել, քանի որ ՀՀԿ-ն հիսուն տոկոսից ավել ներկայացվածություն ուներ խորհրդարանում: Հետեւաբար, այն բոլոր ծրագրային դրույթները, որոնք ԲՀԿ-ն ցանկանում էր իրականացնել կոալիցիայի կազմում`դատապարտված էին, քանի որ քվեների մեծամասնություն ստացած ուժը, բնականաբար, ցանկություն չուներ այլ ծրագիր իրականացնել: Հետեւաբար, նույն գետը, նույն նպատակով մտնելն առնվազն անհասկանալի կլիներ հանրության համար: Նոր կոալիցիայի համար հիմնավորում պիտի լիներ, մանավանդ, որ նոր ընտրություններին, այսինքն, նորովի հանդես գալու համար, կուսակցությունն ունի ընդամենը մեկ տարի ժամանակ: Ենթադրվում է, որ այդ մեկ տարվա ընթացքում պետք է պատրաստվել ընտրություններին, քո ծրագրով հանդես գալ ժողովրդի առջեւ եւ ստացած քվեներին համապատասխան թե խորհրդարանում, թե կառավարությունում ներկայացված լինել»:

Մամուլում բազմաթիվ տեղեկություններ եղան, որ ԲՀԿ մարզային կառույցները հիմնականում կողմ էին կոալիցիային: Մեր զրուցակիցը չի հերքում այդ տեղեկությունները. «Մարզային կառույցները մեծամասամբ հակված էին կոալիցիա կազմելուն: Ինչպես գիտեք, մարզերում սոցիալ-տնտեսական վիճակն ավելի ծանր է, հետեւաբար, մեր շարքային անդամների մեծ մասը հակված էր կոալիցիայի արդյունքում որոշակի սոցիալական դեր ունենալու, ֆինանսական խնդիրներ լուծելու`գյուղացիական վարկերի, փոքր բիզնեսների տեսքով եւ այլն: Մարդիկ պաշտպանվածություն ունենալու խնդիր ունեն, իսկ մարդկանց հոգեբանության մեջ նստած է, որ եթե քո քաղաքական ուժը կոալիցիայի մեջ չէ, ուրեմն դու պաշտպանված չես որեւէ բիզնես ձեռնարկելիս: Ցավալիորեն այս իրավիճակն ունենք եւ սա բոլորիս դժբախտությունն է»:

Պարոն Բագրատյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, խոսակցություններ են ունեցել մարզային կառույցներում . «Մեր աշխատանքի հիմնական իմաստն այն էր, որ մարզային կառույցների մեր ընկերներին ճիշտ ներկայացնեինք քաղաքական իրավիճակը, կարողանայինք հիմնավորել, որ իսկապես ի վիճակի ենք նոր խորհրդարանում մեր ուրույն տեղն ունենալու»:

Ընտրություններից մեկ տարի առաջ ԲՀԿ-ում ի՞նչ ակնկալիքներ ունեն հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու մասով, մեր հարցին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. « ԲՀԿ-ն երեւի միակ քաղաքական ուժն է, որն իր կարճ կենսագրության շնորհիվ նաեւ, լայն մասսաների մոտ վարկաբեկված հեղինակություն չունի: ԲՀԿ-ն մեկ խնդիր ունի`ժողովրդի հավաքական սպասելիքները չի կարողացել սպասարկել, բայց չի դավաճանել իր բռնած ուղուն եւ ժողովրդին տված խոստումներին, ի տարբերություն քաղաքական շատ ուժերի, որոնք պատեհապաշտական առիթներն օգտագործել են: Բայց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց համար շատ դժվար կլինի»:

Ճշտող հարցին`կարծում եք, 2017-ին ԲՀԿ-ն դարձյա՞լ երկրորդ ուժը կլինի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր նպատակն է`քաղաքական դաշտում մեծ կշիռ ունենալ: Դժվար է գնահատել որեւէ քաղաքական ուժի սպասելիքները գալիք ընտրություններում, որովհետեւ ամեն ինչ կախված է հանրային աջակցությունից, հանրային տրամադրություններից, ծրագրերը ներկայացնելուց: Մենք մեկ տարի ժամանակ ունենք`պետք է օգտագործենք: Բարդ է ասել, թե ո՞ր քաղաքական ուժը ո՞ր տեղում կլինի, բայց որեւէ քաղաքական ուժի համար դժվար կլինի 50 տոկոս հաղթահարելը, որը մեզ համար, կարծում եմ, կարեւոր ուղենիշ պետք է լինի, երկրի դեմոկրատական զարգացման ճանապարհին»:

Ներկայիս խորհրդարանական ընդդիմադիր ուժերից, մեր զրուցակցի համոզմամբ, ՀԱԿ-ը հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի, քանի որ արմատական ընդդիմության դաշտն այս պահին ՀԱԿ-ն է ներկայացնում. «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» նոր ձեւավորվող ուժերը դեռեւս անելիքներ ունեն, որ արմատական ընդդիմության դաշտում կարողանան ներկայություն ապահովել: «Ժառանգության» խնդիրը բաց է մնում, զուտ ինքնակազմակերպման, ինքնամաքրման համատեքստում: Եթե քաղաքական կամք եւ պայքարի տրամաբանություն լինի, «Ժառանգությունն» այդ ներուժն ունի»:

Մեր զրուցակցի համոզմամբ, այժմ հստակ է, որ 7-8 քաղաքական ուժեր շատ մոտ ձայներով են խորհրդարան մտնելու եւ պայքարի տրամաբանությունը բերելու է նրան, որ ընդդիմադիր ուժերը հետընտրական շրջանում ընդդիմադիր հզոր դաշինք կձեւավորեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031