Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում կայանալիք համերգների հասույթը կփոխանցվի «Էխո» ՀԿ-ի երեխաներին

Մարտ 04,2016 14:04

Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներում, Ավստրիայի Վիեննա քաղաքում Հայաստանի «Էխո» հասարակական կազմակերպության եւ Ֆրանսիայի «Հայ ուսանողական միության» ջանքերով առաջիկայում կկազմակերպվեն բարեգործական համերգներ, որոնց հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեցին կազմակերպիչները:

«Հայաստանում նախկինում եւս բարեգործական համերգներ կազմակերպել ենք, սակայն Եվրոպայում առաջին անգամ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Գաղափարը Ֆրանսիայում բնակվող ընկերոջինս է: Հանդիպեցինք երգիչների հետ, որոնք մեծ սիրով եւ պատրաստակամությամբ են մոտենում համերգներին»,-ասաց «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:

Նա տեղեկացրեց, որ «Էխո» ՀԿ-ում գրանցված են մանկական ուղեղային կաթված ունեցող 200 երեխաներ, որոնց շարունակական բուժման համար միջոցներ են պետք. «Հայաստանը չի կարող այդ երեխաների համար այլընտրանքային սարքավորումներ եւ ծառայություններ ապահովել: Կառավարությունը միայն սայլակներ եւ քայլակներ է ստանում, բայց ոչ մանկական սայլակներ: Այն սայլակները, որոնք ստացել ենք, տեղափոխման համար հարմար չեն, չեն փակվում, հնարավոր չէ տաքսու մեջ տեղավորել: Մեզ պետք են կանգնակներ, հատուկ հեծանիվներ, որոնք երեխային պետք են անընդհատ մարզվելու համար: Պետական կառույցները քիչ են եւ չեն հասցնում սպասարկել բոլոր երեխաներին: Քչերն են վերականգնողական կուրս անցնում»:

Համերգներին մասնակցելու են ժողովրդական երգիչներ Դավիթ Հակոբյանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Եգանյանը եւ այլք, որոնք կատարելու են ժողովրդական-գուսանական երգեր: «Միշտ կանգնած ենք հաշմանդամություն ունեցող երեխաների կողքին: Սփյուռքը եւս պատրաստ է օգնելու: Վստահ եմ, որ այս համերգների ընթացքում էլ այդպես կլինի»,-նշեց Եվա Եգանյանը:

Հավելենք, որ բարեգործական համերգներ կազմակերպելու առաջարկներ են ստացվել նաեւ Եվրոպայի այլ երկրների հայկական համայնքներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հինգ նահանգներից:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031