«Մեզ հաջողվել է բավականին մեծ տոկոսով՝ 2.5 անգամ իջեցնել երկրորդային անպտղության ցուցանիշը»,- մարտի 4-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ առաջնային անպտղության դեպքերը եւս առողջապահական են, եւ այդ առումով առողջապահության նախարարությունը սկսում է 15 տարեկան աղջիկների շրջանում դիսպանսերիզացիայի աշխատանքներ կատարել. «Արդյոք բավարա՞ր են այդ աշխատանքները, արդյոք ֆինանսական հնարավորությունները, որոնք մենք ներկայացնում ենք բավարա՞ր են: Կամ ի հայտ բերելուց հետո, ամբողջ ծավալից հետո աղջիկների շուրջ 11 տոկոսը ունենում են խնդիրներ: Այդ 11 տոկոսը փաստացի մենք թողնում ենք ծնողի հույսին, նա կտանի՞, կդիմի հետագայում բուժման, թե՞ ոչ, սա եւս խնդիր է»:
Ըստ Արմեն Մուրադյանի, մյուս խնդիրը հղիության արհեստական ընդհատումներն են, որի ցուցանիշը եւս հաջողվել է 2.5 անգամ իջեցնել՝ առանց խիստ վարչարարության. «Գիտեք, որ խիստ վարչարարությունը՝ փաստացի օրենքով արգելելը, բերում է մայրական մահացության կտրուկ բարձրացմանը: Փաստացի այս հատվածում եւս մենք ունենք հաջողություններ, մենք առանց ավելորդ օրենսդրական խստության կարողացել ենք 2.5 անգամ նվազեցնել պարզ ճանապարհներով՝ նախ հակաբեղմնավորիչների մատչելիությունը եւ իրազեկվածությունը, մշակույթը բարձրացնելու մակարդակով: Իհարկե՛, այս մի քանի խնդիրները՝ անպտղությունը, փաստացի արհեստական ընդհատումները կարող են իրենց անդրադարձն ունենալ ծնելիության վրա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ