Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Ութ հոգին լրիվ բավարար է քվեարկության ընթացքին հետեւելու համար». «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2016 12:41

Երեկ կառավարությունը հաստատել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, փաստաթուղթը հրապարակված է, եւ արդեն իսկ կան առաջին արձագանքները՝ աշխատանքային խմբի կողմից առաջարկվող մոտեցումները որքանո՞վ են լուծում այն խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է հայրենի ընդդիմությունը։

Դրա շուրջ է հարցազրույցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։

   -Ձեր ընդդիմախոսները պնդում են, թե նախագծի հեղինակները փորձում են սահմանափակել ընտրությունների վերահսկելիությունը՝ սահմանելով, որ ընտրական գործընթացին հետեւող տեղական դիտորդների եւ լրագրողների թիվը չի կարող 8-ից ավելի լինել։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Ութ հոգին լրիվ բավարար է քվեարկության ընթացքին հետեւելու, իրավիճակն ուսումնասիրելու, օրինախախտումներ հայտնաբերելու դեպքում այդ մասին բարձրաձայնելու համար։ Կարծում եմ, նպատակը մեկն է՝ հանկարծ այնպես չլինի, որ դիտորդները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ թե խնդիր լուծեն, այլ նոր խնդիրներ առաջացնեն։

Ենթադրենք՝ մի տեղամասում 20 դիտորդ է գրանցվել։ Այդ 20 հոգուն տեղավորել է պետք, ճի՞շտ է։ Ասենք՝ տեղավորվեցին դպրոցի միջանցքի ձախ կողմում։ Դա խոչընդոտներ չի՞ ստեղծելու մարդկանց տեղաշարժի համար, չի՞ խաթարելու ընտրական գործընթացը։ Այդ տեսակետից, վերին սահման դնելը ավելի քան տրամաբանական է՝ այլ կերպ չէր էլ կարող լինել. ընտրությունների բնականոն ընթացքը ապահովելու համար այդ ճանապարհն է ընտրվել, եւ դա արդարացված է։

   -Նախագծում նաեւ ամրագրված է, որ դիտորդները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները միայն նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ ԿԸՀ նախագահի հրավերով կարող են դիտարկում անցկացնել տեղամասերում։ Ստացվում է, որ ոչ բոլորը հնարավորություն կունենան հետեւելու քվեարկության եւ ձայների հաշվառման գործընթացին։

-Դիտորդական առաքելություն իրականացնում են դիտորդական կազմակերպությունները, որոնք համապատասխան փորձ եւ որակավորում ունեն։ Ուրիշ էլ ո՞վ պետք է հրավիրի դիտորդներին, եթե ոչ հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը եւ ԿԸՀ նախագահը։

Թերեւս այս դեպքում գործում է նաեւ այն տրամաբանությունը, որ դիտորդական կազմակերպություններն այնքան միակողմանի չլինեն, որ պաշտպանեն այս կամ այն կուսակցության, անհատի շահերը, այլ առաջնորդվեն պետական շահով։ Կարծում եմ, սա եւս արվում է մի նպատակով. որպեսզի չխաթարվի հանձնաժողովների բնականոն գործունեությունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031