Այսօր «Հայացք» ակումբում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, ասաց, որ լուրջ բարեփոխումների են ենթարկել այն, էլեկտրոնային գրանցում են նախատեսել, որի դեպքում խախտումները նվազեցվել են զրոյականի:
Aravot.am-ի հարցին՝ իշխանությունները խոստացել էին, որ ԸՕ նախագծով պետք է հանրության վստահությունը բարձրանար ընտրությունների հետ կապված, բայց նախագիծը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, նույն էլեկտրոնային գրանցման հետ կապված նշված է, որ եթե տեխնիկան խափանվի՝ նորից անցնում ենք ավանդական տարբերակին, այսինքն, դրա վրա էլ հույս չի կարելի դնել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Լավ ընտրություններ անցկացնելու համար պետք է ունենանք ընտրական մշակույթ, հավատ: Երբ նույնականացման քարտերի հարցն էինք մշակում, բոլորը պնդում էին, որ պետք է էլեկտրոնային կարգավորում իրականացվի: Երբ հայտնի դարձավ, որ ընտրողների գրանցման էլեկտրոնային տարբերակ է լինում, դրա շուրջ սկսեցին քննարկումներ: Դա մի նպատակ ունի՝ անվստահություն տարածել: Դուք տեխնիկա ունեք, խափանվո՞ւմ է, թե՞ չէ»:
Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում նշեիք՝ թող փոխարինվի այլ տեխնիկայով, ոչ թե անցնենք ավանդական տարբերակին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ դրանց ինքնարժեքը շատ բարձր է: Բացի այդ, ինչ էլ անեն, ընդդիմությունը նորից մի բան ասելու է, կասի՝ այ հենց էդ երկու ժամվա ընթացքում իշխանություններին ինչ պետք էր՝ այն էլ արեց:
Ընդամենը 8 ԶԼՄ-ների եւ դիտորդների՝ ընտրատեղամասում լինելու սահմանափակման հետ կապված մեր հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ այդ թիվը փոփոխման ենթակա է:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ի՞նչ էին մտածում ԸՕ-ում հակասահմանադրական դրույթներ ներառելով, ինչպե՞ս կարող եք ԶԼՄ-ների մուտքը սահմանափակել, երբ Սահմանադրությամբ ամրագրվում է, որ լրագրողն ազատ է ստանալու եւ տարածելու տեղեկատվություն՝ նա արձագանքեց. «Լրագրողների ազատ ինֆորմացիա ստանալուն որեւէ մեկը չի խոչընդոտում, ընդամենը ընտրական գործընթացն ենք կարգավորում:
Հանձնաժողովի նախագահն ինչո՞ւ պիտի որոշի՝ ես որ ընտրատեղամաս մտնեմ, որը՝ ոչ, բացի այդ, հենց միայն ՀՀ նախագահի քվեարկությունը լուսաբանելու բազմաթիվ ԶԼՄ-ներ են լինում, ֆոտոլրագրողներ՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ դա իսկապես մտորելու տեղիք է տալիս եւ քննարկման առարկա է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ