Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ժամանակները փոխվում են. ՀՀԿ-ական գործարար Գարեգին Նուշիկյանը՝ գերատեսչությունների միանալ-բաժանվելու մասին

Մարտ 04,2016 11:46

«Վերջին ժամանակները կառավարությունում բավական փոփոխություններ եղան եւ փոփոխությունները բացարձակ չեն նշանակում, որ նախագահը դժգոհ էր նախարարներից, որոնք փոխարինվեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը`պատասխանելով հարցին`արդյոք նախագահը նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանից դժգոհ էր:

Բանն այն է, որ կառավարությունում վերջին կառուցվածքային փոփոխությունները` ֆինանսների նախարարությունից կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տարանջատումը նույնքան հարցեր առաջացրեց հանրության շրջանում, որքան մեկ-մեկուկես տարի առաջ դրանց միացումն ու սուպերնախարարության ստեղծումը:

Ավելին, նախագահն անձամբ ներկայացրեց ՊԵԿ նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Վերջինս երկար տարիներ զբաղեցրել էր իր վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:

Առավել ուշագրավ էին այն շեշտադրումները, որոնք արեց նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում: «Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից` գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում: Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Garegin--Nushikyan

Գարեգին Նուշիկյանը նկատում է, որ նախագահը հետեւողականորեն սկսեց իրականացնել իր վերջին`փետրվարի 12-ին ունեցած ելույթը. «Շատ նորմալ եմ նայում փոփոխություններին, կոմիտեի տարանջատման ֆինանսների նախարարությունից: Նախագահը շատ լավ ճանաչում է իր վերահսկողական ծառայության պետին, գիտի նրա հնարավորությունները եւ կարեւորելով վերոասվածը`կատարվեց այդ նշանակումը»:

Դիտարկմանը`ինչո՞ւ նախագահն անձամբ ներկայացրեց ՊԵԿ ղեկավարին, արդյոք իր անմիջական վերահսկողության կամ հովանավորության տակ է վերցնում այդ կառույցը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախագահն իր խոսքում ասաց`որովհետեւ շատ կարեւորում է այդ ոլորտը: Նույնիսկ ասաց, որ ազգային անվտանգության որոտին է դասում ՊԵԿ-ը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ առաջիկայում դրական փոփոխությունների ականատեսը կլինենք»:

Գարեգին Նուշիկյանն արտառոց ոչինչ չի տեսնում կարճ ժամանակ առաջ այդ կառույցների միացումից, ապա տարանջատումից:

Հարցին`ի՞նչն էր խանգարում այն ժամանակ իրականացնել դրական փոփոխությունները, նա պատասխանեց. «Այն ժամանակից էլ էր սկսվել: Եկեք չտեսնելու չտանք այս ընթացքում կատարված շատ որոշակի բարեփոխումները: Ուղղակի, ժամանակները փոխվում են, կյանքը փոխվում է, մարդկանց հնարավորությունները սպառվում են, նոր մարդիկ, նոր ուժեր են անհրաժեշտ, նոր մտքեր, գաղափարներ, ծրագրեր: Շատ նորմալ է ամենը»:

Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորը շրջանցեց հարցը, թե ի՞նչ տարբերակով է հնարավոր համահավասար պայմանների ստեղծումը գործարար միջավայրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031