Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխություն է միայն այն, ինչն առաջարկել է անձամբ Զուրաբյանը. «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2016 11:00

Դեռեւս Ազգային ժողովում չքննարկված օրենքի նախագիծը նախապես «բզիկ-բզիկ անող», կատարյալ անհեթեթ հայտարարություններն ու գնահատականները պարզապես չեն կարող չմտահոգել։

«Այս նախագծով որեւէ փոփոխություն մտցված չէ»,- անմիջապես հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Ինչպե՞ս թե «որեւէ փոփոխություն մտցված չէ»։

Առաջին անգամ էլեկտրոնային քվեարկության ենք անցնում, առաջին անգամ վերացնում ենք ընտրախախտումների «գլխավոր բույնը»՝ մեծամասնական ընտրակարգը, առաջին անգամ ընտրատարածք մտնող ընտրողը նախապես ստուգվում է ոչ թե մարդու, այլ մեքենայի կողմից, որի օգնությամբ պարզում է՝ քվեարկե՞լ է նա մեկ այլ տեղ, թե՞ ոչ, եւ «դրական պատասխանի» դեպքում անմիջապես հրավիրվում է ոստիկանությունը…

Մի՞թե սրանք լուրջ փոփոխություններ չեն։ Ըստ Լ.Զուրաբյանի՝ պարզվում է, որ ո՛չ։ Փոփոխություն է միայն այն, ինչն առաջարկել է անձամբ Զուրաբյանը, իսկ եթե իր առաջարկած մեխանիզմը չկա, ուրեմն ամեն ինչ սխալ է։

Ավելին՝ կառավարությունը չէր էլ գնա զիջումների՝ «այդ զիջումները պետք է կորզել իրենցից»։ Իսկ ինչպե՞ս՝ «այդ պատը» ջարդելով։ Ո՞ր պատը՝ հարգարժան Զուրաբյան։ Հանրապետության հրապարակի՞, թե՞ Ազգային ժողովի շենքի եւ ինչո՞ւ նախապես ջարդենք, երբ քննարկումները երեկվանից են սկսվել եւ մինչեւ հունիսի 1-ը փաստարկված կերպով ձեր առաջարկները հիմնավորելու բավարար ժամանակ կա։

Ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացը երկրի ճակատագրի համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի «խաղի կանոնների» ձեւավորման առաջադրանք է, որի արդյունքները գոնե այս անգամ չպետք է կասկած հարուցեն ինչպես միջազգային հանրության, այնպես էլ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության շրջանում։ Մինչդեռ հայրենի հասարակության մեջ խոսել բացարձակ կամ միաձայն կոնսենսուսի մասին, կարծում ենք, ավելորդ զբաղմունք է, քանզի միշտ էլ կհայտնվեն դժգոհներ ու պարտվածներ, ովքեր «լուն փիղ կսարքեն»։

Եվ արդեն հայտնվել են։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախապես՝ դեռեւս փաստաթուղթը պաշտոնապես չհրապարակված, արդեն հայտարարել է «նախագծի մշակման եւ ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ»։ Հիմնավորումը՝ «Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրությանը հասանելի է դարձել միայն 2016թ. մարտի 2-ին՝ կառավարության 2016թ. մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում», մինչդեռ հանրապետության նախագահի փետրվարի 10-ի հրամանագրով այն խորհրդարան պետք է ներկայացվեր մեկ օր առաջ՝ մարտի 1-ին։

Մի՞թե փաստաթղթի քննարկման համար մինչեւ հունիսի 1-ը նախատեսված բավարար ժամկետը հիմք է տալիս սա համարել գործընթացի անօրինականության վկայություն։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031