Սերժ Սարգսյանը երեկ անձամբ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախարար, իր վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին:
Ամենահետաքրքրականը պատճառաբանությունը կամ բացատրությունն է, թե ինչու է ինքն անձամբ ներկայացնում նոր պաշտոնյային:
Սերժ Սարգսյանը դա պատճառաբանել է ազգային անվտանգության հրամայականով: Նա հայտարարել է, թե արտաքին տնտեսական մարտահրավերները իրեն մղում են նրան, որ ՊԵԿ-ը դասվի ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Սրանով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարում է, որ Պետական եկամուտների կոմիտեն անցնում է իր անմիջական, կամ ինչպես ասում են՝ ուղիղ նախագահական կառավարման ներքո: Սրա վկայությունն է և այն, որ Սերժ Սարգսյանը իր անունից է հանգստացրել ՊԵԿ աշխատակիցներին, թե կադրային ջարդ չի լինելու: Միաժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե չի լինելու, եթե աշխատակիցները պատրաստ են աշխատել նոր պահանջներին և մարտահրավերներին դիմակայելու ջանքով ու եռանդով:
Իսկ մարտահրավերները, ըստ Սերժ Սարգսյանի, բյուջետային մուտքերի հավաքագրումն են ու գործարար միջավայրի բարելավումը: Այսինքն, ըստ էության, դրված է ՊԵԿ-ի առաջ խնդիրը՝ ապահովել բյուջեն, միաժամանակ այնպես, որ չավելանա բիզնեսի դժգոհությունը: Հնարավո՞ր է նման բան: Հնարավոր է իհարկե, եթե ՊԵԿ-ը բյուջեն ապահովելու համար փոքր ու միջին բիզնեսի ավանդական կաշվի փոխարեն ձեռնամուխ լինի խոշոր բիզնեսի, ըստ էության, կուսական մաշկին:
Կարդացեք նաև
Այսինքն՝ եթե ՊԵԿ-ն ապահովի խոշոր բիզնեսի հարկային բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը, ապա դրա շնորհիվ թե՛ բյուջեի մուտքերը կարող են ապահովվել, թե՛ կարող է ապահովվել գործարար միջավայրի բարելավում՝ քանի որ նախ փոքր ու միջին բիզնեսը չի շարունակի քերթվել հանուն բյուջեի, և բացի այդ էլ՝ հանրությունը կարձանագրի, որ Հայաստանում վերանում է արտոնյալ գործարար խավն, ու վարվում է հարկային հավասար քաղաքականություն: Դա, իհարկե, կնշանակի վստահելիության աճ, ինչը տնտեսական զարգացման գրավականներից է:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում