Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը` գունավոր քվեաթերթիկներով

Մարտ 04,2016 16:00

ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ իրենք շահագրգիռ չեն,
որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը որեւէ գաղտնի դրվագ ունենա

Նախօրեին, ուշ երեկոյան, Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը հայկական կողմը չէր գաղտնազերծում: Նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամները բավական կցկտուր եւ ընդհանրական տեղեկություններ էին հրապարակում: Աշխատանքային խմբում, հիշեցնենք, ընդգրկված էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Նախագծի հիմնական կմախքին ընդհանրական դրույթներով ծանոթ էին միայն իշխող ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Անցյալ տարի դեկտեմբերի 30-ին նեղ շրջանակով հավաք էր կազմակերպվել, որի ընթացքում որոշ տեղեկություններ էին փոխանցել յուրային պատգամավորներին:

Նոր ԸՕ-ի նախագիծը խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետը մարտի մեկն էր: Այդ մասին հրամանագիր նախագահը ստորագրել էր դեռ փետրվարի 10-ին: Հաշվի առնելով առաջիկա չորսօրյա ոչ աշխատանքային հատվածը՝ ԸՕ-ն, պատգամավորների դատին կներկայացվի նախագահի հրամայած ժամկետից մեկ շաբաթ ուշացումով` մարտի չորսին կառավարության նիստում հաստատվելուց հետո: Մինչ երեկ ամբողջ օրը ընդդիմադիր քաղաքական ուժերի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարակուսում էին, որ մեր երկրի համար կարեւորագույն այդ փաստաթղթի մասին իրազեկվում են միջազգային կառուցներից, երեկոյան արդեն նախագիծը հրապարակվեց նաեւ ՀՀ կառավարության կայքէջում: Ըստ այդմ, հաստատվեցին ընտրատարածքները խոշորացնելու մասին խոսակցությունները: Այսուհետ Հայաստանում կունենանք 13 ընտրատարածք՝ նախկին 41-ի փոխարեն: Երեւանում կազմավորվելու է 4 ընտրական տարածք: Առաջինը` Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, երկրորդը` Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ, երրորդը` Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ, չորրորդը` Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ: Մյուս ընտրատարածքները ձեւավորվելու են ըստ մարզերի: Նախագծով պատգամավորների նվազագույն թիվ է սահմանվում 101-ը: Եթե ընտրությունների արդյունքում որեւէ կուսակցություն ստանում է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված եւ ունենում է 101 պատգամավոր: Հակառակ պարագայում ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում:

Եթե կուսակցություններից որեւէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են, եւ անցկացվում է 2-րդ փուլ` քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի խորհրդարանի 54 տոկոսը: Եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան խորհրդարանի առնվազն 1/3-ը: Լրացուցիչ չորս մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար:

Ընտրական տեղամասերում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 8: Եվ միջազգային, եւ տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերով: Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով` եւ սովորական, եւ բիոմետրիկ անձնագրերով, եւ նույնականացման քարտերով: Ազգային ժողովի, Երեւանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը, եւ քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը: Ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ: Հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորներն արդարացի էին դժգոհում, քանի որ նախագիծը Հայաստանում քաղաքական եւ հասարակական քննարկման չէր դրվել ու միանգամից ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: «Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները քաղաքական ուժերի հետ դեռ չեն էլ սկսվել: Այն նախագիծը, որն աշխատանքային վիճակում է, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Անհանգստանալու առիթ կամ կարիք չկա, որովհետեւ իրականում ընդունվելու է այնպիսի օրենսգիրք, որին կողմ կլինեն բոլոր կամ գրեթե բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ նախագծի շուրջ հավանական է՝ նաեւ լսումներ լինեն, հասարակական լայն քննարկումներ, եւ ողջամիտ առաջարկները կընդգրկվեն նախագծում: Մեր զրույցի ընթացքում ՀՀ կառավարության պաշտոնական էջում նախագիծը դեռ հրապարակված չէր: Հարցին` իշխող քաղաքական ուժը հասցնելո՞ւ է ապահովել իր նշած լայնամասշտաբ քննարկումները, քանի որ նոր Ընտրական օրենսգիրքն արդեն մայիս ամսին պետք է ընդունված լինի, թե՞ արագացված ընթացակարգով քննարկումների ֆոն պետք է ապահովվի, Մարգարիտ Եասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն ինչ կհասցնենք:

Դանդաղ շտապելը եւ քաղաքականության մեջ, եւ որեւէ օրենքի փոփոխության հարցում ավելի արդյունավետ է լինում: Այս օրենքը չի լինելու միայն ՀՀԿ-ինը, այն չի վերաբերվում միայն մեկ կուսակցության, այլ ՀՀ քաղաքական դաշտի ամբողջ սպեկտորին: Սահմանադրական փոփոխություններից հետո, բնականաբար, նաեւ ՀՀԿ-ն է շահագրգիռ, որպեսզի ունենանք այնպիսի ԸՕ, որը կբավարարի տարբեր ճաշակ ունեցող քաղաքական ուժերին: Կլինի այնպիսի նախագիծ, որը համահունչ կլինի փոխված Սահմանադրությանը, կբավարարի բոլոր քաղաքական ուժերին, մեր միջազգային գործընկերներին, որովհետեւ մեր նպատակն այն է, որ լինի համընդհանուր համաձայնության արդյունքում ստեղծված օրենք»: Դիտարկմանը, որ կարելի էր համաձայնությունը սկզբից ձեւավորել` ի սկզբանե ընդդիմադիր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնելով նախագծի ստեղծմանը, ապա միայն այն Վենետիկ գործուղել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ «սկիզբը» շատ հարաբերական է, քանի որ պետք է լինի առանցք, որի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ընթանան, առաջարկություններ հնչեն. «Սա դեռ օրենք չէ, նախագիծ է, ճանապարհային քարտեզ: Եվ համաձայնեք, որ հատկապես Հայաստանի պարագայում անհնարին է, որ քաղաքական ուժերը հավաքվեն մեկ տեղ եւ կարողանան միասնաբար ստեղծել այդ առանցքը: Աշխատանքային խումբը ստեղծել է առանցքը: Մի անհանգստացեք, ոչ մի բան գաղտնի, թաքուն չի լինելու, մենք դրա իրավունքը չունենք եւ շահագրգիռ էլ չենք դրանում: Նոր օրենսգիրքը համաժողովրդական, համաքաղաքական կոնսենսուսի արդյունք է լինելու»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի չորս առաջարկներին, որոնց միացել է նաեւ «Հայկական վերածնունդը», մեր զրուցակիցն ասաց, որ իր համար անընդունելի է այդ առաջարկների ներկայացման տոնայնությունը. «Առաջարկներ, իհարկե, պետք է անել, շահագրգիռ եւ անհանգիստ լինել, բայց ոչ թե պահանջի տոնայնությամբ, վերջնագծի տեսքով»: Ի դեպ, ԲՀԿ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները դեռ չեն քննարկել ՀԱԿ-ի առաջարկը: Դա կանեն առաջիկայում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031