Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրենք փլավ են սիրում, մենք՝ խորոված»

Մարտ 04,2016 15:30

Արամ Սարգսյանը՝ ԵՏՄ-ի եւ ՌԴ-ից եկած Մարտի 1-ի հրամանի մասին

«Մեր ժողովուրդն իր կեցությամբ, իր ձեւով ավելի շատ եվրոպական է, քան ասիական: Կապ չունենք մենք էդ ՀԱՊԿ ու ԵվրԱզԷս ասած սլավոնամուսուլմանական կառույցների հետ, որոնք ո՛չ Ղարաբաղի հարցով, ո՛չ որեւէ այլ հարցով մեզ հետ համաձայն չեն: Իրենք փլավ են սիրում, մենք՝ խորոված, տարբեր բաներ ենք բացարձակ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսպիսի ճաշատեսակային պատկերավոր համեմատություններով ցույց տվեց, որ Հայաստանն ու ԵՏՄ-ն ինչքան տարբեր են իրարից, ու մենք իրավունք չունեինք եվրոպական արժեքները թողած՝ ԵՏՄ-ին անդամակցեինք:

Արամ Սարգսյանը գիտի, որ մեր հասարակությունում շատերը չեն ընդունում իր այդ մոտեցումները եւ նայում են ՌԴ-ի կողմը. «Իրենց զավակները գնում են փող աշխատելու այն երկրներ, որտեղ լեզու գիտեն, գալ-գնալու հնարավորություն ունեն: Բայց վստահեցնում եմ, որ օր օրի շատանում են այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ ընտրությունը մոդելի մեջ է: Փոփոխությունը իրական ձեւի մեջ է, ոչ թե ես ավելի լավ կծառայեմ, ավելի ազնիվ կլինեմ, ավելի բարի կլինեմ: Ակնհայտ է, որ Մարտի 1-ից առաջ նախագահ Քոչարյանը Ռուսաստան գնաց, եւ այնտեղից եկավ այդ հրամանը: Ակնհայտ է, որ էդ մոդելը հեղափոխություններ, արդար ընտրություններ չի սիրում, էդ մոդելում Նազարբաեւը պիտի մնա, Լուկաշենկոն պիտի մնա, էդ մոդելն էդպիսին է: Մեզ պետք է այն մոդելը, որտեղ գործող նախագահ Սարկոզին երկրորդ շրջանը գնալուց պարտվում է ու շնորհավորում է հաղթողին: Մեզ էսպիսի մոդել է պետք: Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք այս շրջանակներում»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ իր առաջարկած մոդելի կողմնակիցները այնքան են շատանալու, միավորվելու, որ կարելի է 2017-ի ընտրություններին ակնկալել հաղթանակ. «Մեր ժողովուրդն իր տեղը միանշանակ գտնելու է: Ես անձամբ միշտ հավատացել եմ նրան, ինչ ասել եմ: Բազմաթիվ անգամ սխալ ենք եղել, հետո հասկացել եմ, որ էս բանը սխալ էր: Բայց եթե չհավատայի՝ չէի ասի: Ժողովուրդն ինձ լսել է մի պարզ պատճառով՝ իմանալով, որ ես դրան հավատում եմ: Համաձայն են, թե համաձայն չեն՝ չեմ ստում: Ասում եմ էն, ինչ մտածում եմ, ասում եմ էն, ինչ գիտեմ, չեմ թաքցնում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031