Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանից առա՞ջ է ընկնում

Մարտ 04,2016 15:00

Ալիեւի այցն Իրան «պատմական» են գնահատում

Մինչ ՀՀ իշխանությունները Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերն են ճշգրտում, խորհրդակցություն հրավիրում` Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները քննարկում, կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, հարեւան Ադրբեջանը մեծ թափով ու կոնկրետ քայլերով Իրանի հետ համագործակցությունն է խորացնում:

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Վերջին 2.5 տարում Ռուհանին Ալիեւի հետ հանդիպեց արդեն 5-րդ անգամ: Վերջին այցի արդյունքում Իրանն ու Ադրբեջանը ստորագրեցին 11 համաձայնագիր ու հուշագիր, որոնք առնչվում էին արտակարգ իրավիճակների, մաքսային, անասնաբուժական, առողջապահական, զբաղվածության, սոցիալական օգնության, նավթի ու գազի, երկաթուղային ոլորտներում համագործակցությանը։

Փաստաթղթերից մեկն առնչվում էր Աստարա (Իրան) ու Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի կառուցմանը։ Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիները կմիացվեն մինչեւ 2016թ. ավարտը, Թեհրանում Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքի ու տարանցման հարցերին, ապա Աստարա-Աստարա երկաթուղիների միացումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ եւ կդառնա կարեւոր իրադարձություն»,- ասել էր նա։ «Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կապելու է Հարավարեւելյան Ասիայի հետ։ Այն ծառայելու է որպես Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիների միացման օղակ։ Նախնական գնահատականներով՝ երկաթուղու թողունակությունը կազմելու է տարեկան 1.4 միլիոն ուղեւոր եւ 5-7 միլիոն տոննա բեռ։ Հետագայում պլանավորված է բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 15-20 միլիոն տոննայի։

Թեհրան ժամանելուց մեկ օր առաջ Ալիեւը հարցազրույց էր տվել Իրանի հեռուստառադիոընկերությանը ու վստահեցրել, որ իր այցը հուսալի հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կապերը որակական նոր մակարդակի հասցնելու համար։ Խոսելով Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին՝ նա նշել էր. «Վերջին տարիներին Իրանն ու Ադրբեջանը վերածվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շատ կարեւոր գործընկերների։ Վստահ եմ, որ իրանական ու ադրբեջանական Աստարաների միջեւ երկաթուղու շահագործումը զգալիորեն կաշխուժացնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը։ Ընդհանուր առմամբ՝ տրանսպորտային-հաղորդակցային միջանցքները աշխարհաքաղաքական ու տնտեսական մեծ կարեւորություն են ներկայացնում մասնակից բոլոր երկրների, այդ թվում նաեւ՝ մեզ համար։ Տվյալ միջանցքները մի կողմից՝ զգալիորեն մեծացնում են միջազգային բեռնափոխադրումներում մեր պետությունների տեսակարար կշիռը, իսկ մյուս կողմից էլ ուժեղացնում են տնտեսական ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը»։

Հունվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում իրանական կողմն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Իրանը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները՝ նշել էր Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին ու հավելել. «Եթե հայացք նետենք անցյալին, ապա կտեսնենք, որ Իրանը ամենաբարդ ժամանակներում ձգտել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները։ Տվյալ պահին եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»: Անսարին հավելել էր նաեւ, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրան պլանավորված այցի հետո, եւ երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին։

Ալիեւի` Թեհրան կատարած այցի ընթացքում Ղարաբաղյան հարցում իրանական կողմի աշխուժացման թեմայով հայտարարություններ չեղան: Ռուհանին Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել էր տարածաշրջանային խնդիրների լուծմանը` նշելով հետեւյալը. «Մենք հավատում ենք տարածաշրջանային խնդիրների ոչ թե ռազմական, այլ քաղաքական կարգավորմանը», եւ հավելել էր, որ Ալիեւի հետ քննարկել են քաղաքական կարեւոր թեմաներ, Սիրիայի ճգնաժամը եւ կրոնական հարցեր։

Ալիեւի իրանական այցը նշանավորվեց նաեւ նրանով, որ Իրանն ու Ադրբեջանը քննարկեցին ազատ տնտեսական գոտիներում համատեղ ներդրումների հնարավորությունները։ Ռուհանին նշել էր, որ քննարկել են բանկային, ապահովագրական եւ համատեղ ներդրումների ոլորտներում հետագա համագործակցության հարցը. «Ինչ վերաբերում է էներգետիկ համագործակցությանը, ապա մենք կառուցողական բանակցություններ ենք վարել նավթի ու գազի հարցերի, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաեւ Կասպից ծովում ածխաջրածինների համատեղ արդյունահանման հարցերի շուրջ»։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում, որն առնչվում է ջրային ռեսուրսների օգտագործմանը, Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների ու հիդրոհանգույցների կառուցման շարունակմանն ու շահագործմանը։ Տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Իրանը ապահովելու է հիդրոէլեկտրակայանների ու հիդրոհանգույցների կառուցման ավարտը, դրանցում էներգետիկ ու ջրային ռեսուրսների պահպանումն ու շահագործումը։ Ադրբեջանական մամուլն այս համաձայնագիրը որակել է որպես «պատմական»։

Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում սկսելու է էլեկտրաէներգիա վաճառել Իրանին: Այս մասին էլ հայտնել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաեւը. «Մեկ ամսվա ընթացքում կկառուցվի Մուղանի էլեկտրահաղորդագիծը՝ նախկին Իմիշլի-Փարսաբադը։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ ավարտել է բոլոր աշխատանքները, իրանական կողմը խնդրել է 20-25 օր՝ աշխատանքներն ավարտելու համար։ Կարելի է ասել, որ մեկ ամիս անց Ադրբեջանը կկարողանա այդ էլեկտրահաղորդագծով էլեկտրաէներգիա վաճառել Իրանին։ Գների շուրջ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Գոյություն չունեն ո՛չ տեխնիկական, ո՛չ ֆինանսական խնդիրներ»։ Մուսթաֆաեւն ընդգծել էր, որ առաջիկայում ծրագրված է էլեկտրաէներգիայի հոսքեր իրականացնել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջեւ։

Մի քանի օր առաջ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը Բաքվում իրանա-ադրբեջանական բիզնես ֆորումում հայտնեց, որ Իրանն Ադրբեջանում կառուցելու է դեղագործական գործարան, որը գտնվելու է Սումգայիթի շրջանում։ Դեսպանը «պատմական» էր որակել Իլհամ Ալիեւի այցն Իրան՝ հիշեցնելով, որ դրա ընթացքում ստորագրվել է 11 պայմանագիր։ Նա դրանցից առանձնացրել էր մաքսային ոլորտին առնչվող փաստաթուղթը, որն իր ներդրումը կունենա երկու երկրների մասնավոր սեկտորների միջեւ հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը մատնանշել էր նաեւ Իրան-Ադրբեջան երկաթգծերի կառուցումն արագացնելու մասին փաստաթուղթը, որը կընդլայնի երկու երկրների միջեւ առեւտրային համաձայնագրերը։ Ի դեպ, Մոհսեն Պակայինի փոխանցմամբ՝ Ռուհանին այս տարի կարող է այցելել Ադրբեջան։ Նրա համոզմամբ՝ կես տարվա ընթացքում Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում կնկատվի լուրջ դրական փոփոխություն։

Նկատենք նաեւ, որ պաշտոնական Բաքուն աշխատում է նաեւ Թբիլիսիի հետ էներգետիկ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարումների օրական ծավալը հասել է 8.3 միլիոն խորանարդ մետրի։ SOCAR Energy Georgia ընկերության գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը` մեկնաբանելով Վրաստանին գազի մատակարարումների հնարավոր մեծացման ու սակագների վերանայման հարցը, ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում պայմանագրի վրա, սակայն չի կարող հրապարակել դրա մանրամասները։

Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն Ադրբեջանից ստացել են նոր առաջարկ։ Ըստ վրաստանյան «Թաբուլա» հեռուստաալիքի աղբյուրների` Վրաստանի Նավթի ու գազի կորպորացիայի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ ադրբեջանական SOCAR-ը Վրաստանին առաջարկել է գազի մատակարարումների ծավալը մեծացնել 500 միլիոն խորանարդ մետրով եւ մատակարարումներն ապահովել «Շահ Դենիզ» խողովակաշարով (Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար)։ Դրա հետ մեկտեղ SOCAR-ը պատրաստ է բանակցել գազի գնի նվազեցման շուրջ։ Ընդգծվում է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը դեռ չի պատասխանել այդ առաջարկին, սակայն հայտնի է, որ ադրբեջանական գազի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են։
Բայց ահա օրերս Բաքու ժամանած Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է, որ փաստացի ձեռք է բերվել Ադրբեջանից հավելյալ ծավալի գազ ստանալու մասին հիմնական պայմանավորվածությունը։ Նա վստահեցրել է, որ կա Շահ Դենիզ խողովակաշարից հավելյալ ծավալի գազ ստանալու հնարավորություն. «Ես հանդիպեցի նախագահ Ալիեւի հետ, եւ մենք քննարկեցինք մեր երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Քննարկվել է նաեւ Շահ Դենիզ նախագծի միջազգային կարեւորությունը, դրա իրագործման ընթացքը։ Ես հանդիպեցի նաեւ SOCAR-ի նախագահի հետ, քննարկեցինք մեր ապագա համագործակցությունը, հավելյալ ծավալի գազ ստանալու հարցը, ինչը մեծ անհրաժեշտություն է՝ կապված մեր ներքին սպառման հետ։ Մենք փաստացիորեն հանգեցինք հիմնական համաձայնագրին, եւ լինելու է հնարավորություն, որպեսզի հավելյալ ծավալներ ստանանք Շահ Դենիզ խողովակաշարից»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031