Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կապ ունեն նախագահի ելույթն ու ֆիննախ-ՊԵԿ առանձնացումը

Մարտ 04,2016 14:30

Հայաստանում տարբեր գերատեսչություններ միավորելը, առանձնացնելը, հետո նորից միավորելն ու առանձնացնելն ընդամենը ձեռքի թեթեւ շարժում են՝ առանց լուրջ ուսումնասիրությունների, հանրությանը հաշվետու լինելու եւ միայն սեփական «քմահաճույքը» բավարարելու համար են:

Հազիվ 1,6 տարի Պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը որպես մեկ սուպերնախարարություն գործելուց հետո այն կրկին առանձնացվեց:
Երբ 2014 թվականին Պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը միավորվեցին, այն ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը ֆիննախի երկարատեւ բարձրաստիճան պաշտոնյաներից է, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Ֆինանսական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունը պետք է իրականացնի նաեւ հարկային քաղաքականությունը: Բայց երբ առանձին են, կյանքը ցույց է տալիս, որ հատկապես մեր պարագայում հաճախ ճիշտ լուծումներ չեն տրվում, որովհետեւ ֆինանսների նախարարությունը շատ տեսական պատկերացումներ է սկսում ունենալ հարկային իրավիճակի վերաբերյալ: Ես վստահ եմ, որ այս միացումը կբերի ավելի դրական գործնական լուծումների»: Փաստորեն, ֆիննախին չհաջողվեց դրական գործնական լուծումներ տալ խնդիրներին, որ հիմա որոշել են առանձնացնել: Հիշեցնենք, որ այս կառույցները միավորվեցին Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուց շատ կարճ ժամանակ անց, ու չնայած մամուլում պարբերաբար շրջանառվում էր, թե Աբրահամյան-Խաչատրյան հարաբերությունները լարված են, վարչապետն Ազգային ժողովում գովել էր Խաչատրյանին՝ ասելով, որ նա պրոֆեսիոնալ է եւ ՊԵԿ-ը զարգացրել է: Եվ հիմա այս մեգանախարարությունը առանձնացվեց ՀՀ նախագահի հրամանագրով:
Ընդ որում, 2014-ին միավորումը նաեւ հիմնավորում էին ավելի արդյունավետ կառավարմամբ, որը բիզնեսն ու մեր տնտեսությունը չզգացին: Միավորվելուց հետո էլ գործարարները շարունակում էին դժգոհել հարկային անտեղի վարչարարությունից, կոռուպցիայից, հարկերի ծանր բեռից, որի արդյունքում հազարավոր ձեռնարկություններ փակվեցին:

Այսինքն՝ իշխանությունների պատճառաբանությունները միավորման մասին հենց սկզբից էլ հավատ չէին ներշնչում, եւ գերատեսչությունների կառուցվածքային փոփոխություններն, ըստ էության, «խաղ են», ինչի արդյունքում շարքային աշխատողներն են սթրես տանում, շատերն էլ՝ զրկվում աշխատանքից, բայց տնտեսության զարգացման վրա՝ զրո արդյունք:
Երեկ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ առանձնացումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, սահմանադրական բարեփոխումներով, 2 քաղաքական ուժերի համաձայնագրով, ՀՀ նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթով եւ դրանից բխող դրույթների իրականացմամբ, նոր տնտեսական քաղաքականության մշակմամբ, որի համար նպատակահարմար է այդ տարանջատումը: Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցումը 2013-ի սեպտեմբերի 3-ին արդեն գրեթե հաստատված էր, եւ գոնե իշխանությունում որեւէ մեկը կասկած չուներ, որ ՀՀ-ն հանկարծ շրջադարձային քայլ կանի ու չի միանա ԵՏՄ-ին: Եվ ուրեմն՝ ԵՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորել այդ գերատեսչությունների առանձնացումը, մեղմ ասած՝ արժանահավատ չէ: Ինչ վերաբերում է Բաղդասարյանի՝ սահմանադրական փոփոխություններով հիմնավորումներին, ապա նկատենք, որ նոր Սահմանադրությունում նշված չէ, որ ՊԵԿ-ն ու ֆիննախը պետք է առանձին գործեն: Բաղդասարյանի՝ 2 քաղաքական ուժերի համաձայնագրին հղում անելը, որով հիմնավորել է ֆիննախի «տրոհումը», կրկին հավատ չի ներշնչում, միայն միամիտը կարող է հույս ունենալ, որ տարանջատած ու իշխանության համար կարեւորագույն կառույցներից մեկի կառավարումը հնարավոր է հանձնվի որեւէ դաշնակցականի: Նշենք, որ ֆիննախի եւ ՊԵԿ-ի ղեկավարների անուններն արդեն շրջանառվում են. համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրների՝ հարկային ու մաքսային ծառայությունների ղեկավար է նշանակվելու Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Իշխանության ներկայացուցչի մյուս հիմնավորումը՝ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով եւ դրանից բխող դրույթների իրականացմամբ, կրկին հավատ չի ներշնչում: ՀՀ նախագահն իր ելույթում անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ նշել է, որ տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմաններ պետք է ապահովվեն, հովանավորչությունը վերացվի, պետք է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության եւ տնտեսական խթանների տրամադրում լինի եւ այլն:

Երկրում հավասար մրցակցության ապահովումն ու հովանավորչության վերացումը գերատեսչությունների միավորման ու առանձնացման հետ որեւէ կապ չունեն, սա ընդամենը քաղաքական կամքից է կախված, այն էլ՝ վերեւների:
Եվ ընդհանրապես՝ գերատեսչության առանձնացումը նաեւ նախագահի ելույթով հիմնավորելն անտեղի է, քանի որ երկրում իրապես բարեփոխում անելու համար, բացի քաղաքական կամքից, հարկավոր է պրոֆեսիոնալների, բանիմաց, ազնիվ, անկաշառ ու նաեւ հայրենիք սիրող մասնագետների նշանակել: Տարին մեկ նախարարություններ միավորելով ու առանձնացնելով, իրենց՝ անհաճո-հաճո անձերի փոփոխություն անելով՝ համակարգը չի շահում, շահում են կոնկրետ անձեր: Ուստի հանրությանը համոզել, թե առանձնացնում են, որ մի լավ բանի հասնեն, հավատ չի ներշնչում:

Այս տարիներին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները ցույց են տալիս, որ մեր երկրում «յուղոտ» պաշտոնները միայն յուրայիններին են տրվում՝ «հատուկ պայմանավորվածությամբ», եւ այս դեպքում մասնագիտական կարողություններն ու ազնվությունն արդեն կարեւոր չեն նրանց համար:

Այս ամենը հիշեցնում է խորհրդային տարիների մի անեկդոտ՝ «Մի գյուղացի գնում է Ռայկոմի քարտուղարի մոտ, ասում՝ «Ինձ կոլխոզի նախագահ դարձրու»: Քարտուղարը կասկածում է՝ «Իսկ դու կարո՞ղ ես կոլխոզի նախագահ աշխատել»: Գյուղացին էլ, խորամանկ ժպտալով, ասում է՝ «Վախըմ ես, Վիլիսից ընկնե՞մ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031