Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն «Ավագ Շին»-ի գործողություններում հանցակազմ չի տեսել

Մարտ 04,2016 14:00

Կոմիտեում ուսումնասիրել են Նալբանդյան 106/1 շենքի հարեւանությամբ ապրող բնակիչների բողոքն ու պարզել, որ շինարարը նախագծից չի շեղվել

Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչները փետրվարի 1-ին ահազանգել էին, որ Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է:

Ըստ բնակիչների՝ կիսակառույցն արդեն համաձայնեցված եւ հաստատված նախագծից բազում շեղումներ ունի՝ չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշված է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի՝ արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը: Բնակիչները նաեւ մտահոգություն էին հայտնել, որ առանց այդ էլ նախագծով եղածն իրենց զրկելու է արեւի լույսից. «Օրերս 4-5 հարկի չափով բարձրացված վերամբարձ կռունկը եւ այսօր բերված մեծ քանակությամբ ամրանները վկայում են, որ հարկերն ավելանալու են: Իմիջիայլոց, շինարարները նշում են, որ շենքը 12 հարկանի է լինելու: 12 հարկի դեպքում ոչ միայն կխախտվի շինթույլտվությամբ հաստատված նախագիծը եւ հօդս կցնդեն քաղաքային իշխանությունների՝ տարիներ առաջ տված խոստումները՝ կապված նորակառույց շենքի հարկայնության հետ, այլեւ կոպտորեն կոտնահարվեն հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Կստեղծվի աղետալի վիճակ, քանի որ հարակից բոլոր շենքերի ցածր հարկերի բնակարանները վերջնականապես կզրվեն արեւի լույսից, իսկ նորակառույցի գրասենյակների եւ բնակիչների մեքենաների ելումուտը, աղմուկի ու արտանետումների հետ միասին, ուղղակի անանցանելի կդարձնեն հարակից շենքերի բակերը»:

Արձագանքելով «Ահազանգ բնակիչներից» հոդվածին, որը հրապարակվել էր 01.02.2016 թվականին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից էլ փետրվարի 19-ին պատասխանել են: Ըստ կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պարզաբանման՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, եւ նյութերի նախապատրաստման ընթացքում Երեւան քաղաքի Նալբանդյան 106/1 հասցեում նորակառույց շինությունն իրականացնող «Ավագ Շին» ՍՊ ընկերության աշխատակիցը բացատրություն է տվել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքով սույն շենքը պետք է լինի բաղկացած յոթ հարկից եւ մանսարդային հարկերից: «Ավագ Շինի»-ի աշխատակիցը նաեւ կոմիտեին հայտնել է, որ շինարարությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի, եւ ներկայումս շինարարության ընթացքում որեւէ շինարարական նորմերի խախտումներ չեն արձանագրվել, ու շինարարական նորմերի խախտումների մասով վերջիններս վարչական տույժերի չեն ենթարկվել:

Ըստ նույն աղբյուրի՝ շինարարական ընկերության աշխատակիցը որպես ապացույց ներկայացրել է 15.05.2012 թվականի Երեւանի քաղաքապետի ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճենը, ըստ որի՝ նշված կառույցը, նախագծի համաձայն, պետք է բաղկացած լինի երեք նկուղային, մինչեւ յոթ վերգետնյա եւ հետ նահանջած մանսարդային հարկերից:

«Այսպիսով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել է, որ սույն նյութերում առկա հարաբերությունները դուրս են քրեաիրավական կարգավորման ոլորտից եւ պետք է կարգավորվեն վարչաիրավական հարաբերությունների տիրույթում, որպիսի պայմաններում սույն նյութերում բացակայում է հանցագործության դեպքը»,- նշում են կոմիտեից: Այս ամենից ելնելով էլ՝ ավագ քննիչ Ա. Մխիթարյանը որոշել է հոդվածի առնչությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Սեփ.լր.

 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031