Համոզված է «Արվեստների պատկերասրահ»
մշակութային հիմնադրամի նաфխագահ Մարիամ Շահինյանը
Մարտի 6-ին Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա Հոլլ» համերգասրահում կկայանա «Վիվա Կալլաս» խորագրով համերգ, որի ժամանակ առաջին անգամ ելույթ կունենա «Ավետիս» փառատոնային նվագախումբը: Համերգը նվիրված է շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանի հիմնադրած «Ավետիս» ասոցիացիայի հնգամյակին:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն այս օրերին գտնվում է Շվեյցարիայում: Մեկնելուց առաջ «Առավոտին» տված հարցազրույցում տիկին Շահինյանը նշեց, որ Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնած ծրագրի շուրջ համախմբվել ու համախմբվելու են հայ արվեստագետներ, մանավանդ՝ «Ավետիսի» նպատակն է տարածել հայկական մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտներին Եվրոպայում:
«Կարծում եմ, որ հայ-շվեյցարական «Ավետիս» հիմնադրամը այս հինգ տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարել, որովհետեւ քարոզում է հայ երաժիշտներին ու հայ երաժշտությունը: Բարձր գնահատելով Վարդուհու աշխատանքը, միեւնույն ժամանակ, որպես եւ գործիչ, եւ որպես երգչուհի, ուզում եմ նշել, որ տարիներ առաջ մենք ունեցել ենք համագործակցություն «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ «Ավետիսի» միջեւ: Վարդուհին քանիցս հրավիրվել է Հայաստան մեր փառատոների շրջանակներում, դա եղել է եւ «Վերադարձի» փառատոնը, եւ «Ազգային պատկերասրահը»: Երեք անգամ ներկայանալով Հայաստանում՝ ամեն անգամ նա ասել է իր ուրույն խոսքը, առաջին անգամ որպես երգչուհի՝ մենահամերգով է ներկայացել, երկրորդ անգամ հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, իսկ երրորդ անգամ՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանի եւ բարիտոն Դավիթ Բաբայանցի հետ: Հատկապես վերջին համերգին ներկայացվել է շքեղ ծրագիր, եւ երկարատեւ ծափահարություններն այդ ծրագրի հաջողության գրավականն էին»,-ասում է Մարիամ Շահինյանը:
Նրա խոսքով, «Ավետիս» փառատոնային նվագախումբը կազմված է լինելու շվեյցարացի եւ շվեյցարաբնակ հայ երաժիշտներից եւ դիրիժորներից: Նվագախումբը լինելու է փոփոխվող` կամերայինից մինչեւ մեծ սիմֆոնիկ կազմ, իսկ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավարն է լինելու հանրաճանաչ ջութակահար եւ դիրիժոր Սերգեյ Օվստրովսկին։ «Ավետիս»-ի ուշադրության կենտրոնում լինելու են նաեւ հայ դիրիժորները, որոնք հաճախ կհրավիրվեն ղեկավարելու այս նվագախումբը: Համերգին էլ հնչելու են օպերային ստեղծագործություններ՝ աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասի երգացանկից: Համերգին, որպես մենակատար հանդես է գալու Maria Callas GRAND PRIX-ի մրցանակակիր Վարդուհի Խաչատրյանը, իսկ որպես դիրիժոր Իսրայելից հրավիրված` հանրաճանաչ երաժիշտ Վահագն Պապյանը: «Ծրագիրը, որ աշխարհով մեկ է շրջում, կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի հեղինակավոր բեմերում»,-նշեց մեր զրուցակիցը:
«Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի նախագահը կարեւորում է մշակութային խաչմերուկները, առավել եւս, երբ այդ խաչմերուկներում խաչվում են հայ երաժիշտները: «Մեր հիմնադրամը փորձ ունեցել է ներկայացնելով տարբեր մշակութային խաչմերուկներ՝ հայ-իսրայելական, հայ-շվեյցարական, հայ-ավստրիական: Փոխանակումը երաժշտության միջոցով՝ կարեւոր գործընթաց է, ստեղծվում են նոր խմբեր, համագործակցություններ, կատարվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- ասում է Մարիամ Շահինյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ «Վիվա Կալլաս» ծրագրից հետո «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը հայ ունկնդրին կներկայանա արդեն 12-րդ Ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնով: Այն նախատեսվում է անցկացնել հունիս ամսին, քանի որ ապրիլ-մայիս ամիսները հագեցած են մշակութային միջոցառումներով: «Փորձում ենք մշակութային դաշտում չխանգարել մեկս մյուսին: Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ մեր դեպքում ավելի ճիշտ տարբերակ է ընտրել հունիս ամիսը, այնպես որ, կներկայանանք ամբողջ հունիսի ընթացքում, կունենանք նոր ծրագրեր ու անակնկալներ: Փառատոները պետք է շատ լինեն, բայց քանակի մեջ պետք է պահպանվի որակը»,- համոզված է մեր զրուցակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2016