Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնջախաղի արվեստը էլիտար է, բայց ոչ միայն էլիտայի համար»

Մարտ 04,2016 12:30

Ժիրայր Դադասյանի մեկնաբանությունները

Օրերս «Առավոտի» հերթական հանդիպումը ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ «ստեղծագործական» համատեքստում չէր: Մեզ հետաքրքրում էր, թե ինչու, ի տարբերություն հայաստանյան թատրոնների, մասնավորապես՝ երեւանյան, էլիտար համարվող այս ժանրի մշակութային միակ օջախը ամանորյա տոներից հետո դեռեւս չի շարունակում իր գործունեությունը:

Jirayr_Dadasyan
Ասվածի առիթով Ժիրայր Դադասյանը պարզաբանեց. «1974թ. հիմնված, 1983թ. պետական կարգավիճակ ստացած մեր թատրոնն աշխատում է վարձակալության հիմունքներով, վերջին տասը տարիներին էլ «տեղակայված» ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հետեւաբար, թատրոնի գործունեությունը հարմարեցնում ենք, այս դեպքում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի ժամանակացույցի հետ: Ինչ վերաբերում է 2015-16թթ. թատերաշրջանի շարունակությանը, այն կվերսկսենք մարտի 10-ին, իմ ռեժիսուրայով «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վիպակի»:

Balet_1

Տեսարաններ «Գիրք ծաղկանց»-ից:

Balet_5 Balet_4 Balet_3
Էլիտար արվեստ համարվող մնջախաղը ենթադրում է էլիտար հանդիսատես, հետեւաբար հետաքրքրվեցինք՝ տոկոսային հարաբերակցությամբ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե, իհարկե, մեզանում դեռ մեծամասնություն է կազմում այդ խաղը: «Անկասկած, մնջախաղի արվեստը էլիտար արվեստ է, բայց ոչ միայն էլիտայի համար: Մեր հանդիսատեսին ես անվանում եմ սերուցքային: Օրինակ, մարտի 10-ին կայանալիք ներկայացմանը սիրով արձագանքել են նաեւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները, շուրջ 100 հանդիսական: Համոզված եմ, որ սա խոսուն փաստ է ու ձեր հարցի պատասխանը,- հայտնեց պարոն Դադասյանը, հետո էլ հավելեց,- ի դեպ, մեր հանդիսատեսը ինքնաբավ է, որը մերօրյա ինֆորմացիոն աղմուկից թաքնվելու տեղ է որոնում: Տեղ, որտեղ իր համար կբացահայտի բոլորովին ուրիշ աշխարհ: Ընդ որում, մի սխալ ընկալում կա մեզանում. շատերն են խոսում, այդ թվում՝ թատրոնի մարդիկ, թե հանդիսատեսը պետք է բեմում տեսնի այն, ինչը գերակշռում է մեր կյանքում: Նման կերպ մտածողներին պետք է հիասթափեցնեմ՝ թատրոնի իրականությունը պետք է տարբերվի կենցաղայինից կամ՝ այն, ինչը կատարվում է բեմում, ակնհայտորեն պետք է հարստացնի մարդու ներաշխարհը, ինչու չէ՝ նաեւ կարգավորի ու հավասարակշռության բերի այն»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք 2 տարին մեկ ամռանը Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի ճակատագրով, քանի որ այս տարի, եթե այն, իհարկե, կայանա, ապա փառատոնը կգրանցի իր 5-ամյակը: «Ի պատիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այսուհետ փառատոնին վիճակված է լինել ավանդական»,- առանց մանրամասնելու՝ հայտնեց Ժիրայր Դադասյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031