Լրահոս
Օրվա լրահոսը

Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում լրագրության բաժին՝ նոր պայմաններով

Մարտ 04,2016 12:00

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրություն բաժնի ընդունելության պայմանները փոխվել են: Եթե նախկինում շրջանավարտները պետք է ընդունվեին Թարգմանության եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, որտեղ 1 կիսամյակ սովորելուց հետո նոր կարող էին ընտրել իրենց մասնագիտացումը՝ այդ թվում լրագրություն, այժմ հանձնելով լրագրության ֆակուլտետների համար պետականորեն սահմանված քննությունները՝ հայոց լեզու, ստեղծագործական աշխատանք եւ բանավոր հաղորդացման մշակույթ, կարող են միանգամից ընդունվել լրագրության բաժին:

«Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը դա կարեւոր ձեռքբերում է համարում Լեզվահասարակագիտական համալսարանի համար, քանի որ մինչ այդ լրագրության բաժինն ավելի սահմանափակ հնարավորություններ ուներ՝ ժամաքանակի առումով. «Մեր համալսարանում լրագրողների մասնագիտական պատրաստումն ուղղված է ավելի շատ ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը։ Այս փոփոխությամբ մենք ավելի մեծ հնարավորություն ունենք տարբեր մեդիահարթակներում նոր ձեւի բովանդակություն ստեղծող պրոֆեսիոնալ լրագրողներ պատրաստելու համար։ Ժամանակակից լրագրողի մոտ պետք է լավ զարգացած լինեն ինչպես ստեղծագործական կարողությունները, այնպես էլ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր գործիքներին տիրապետելու հմտությունները։ Սրանք են աշխատաշուկայի այսօրվա պահանջները: Իսկ այն, որ մենք պահպանել ենք 2 օտար լեզուների ուսուցանումն այս մասնագիտության համար, կարծում եմ, մեր շրջանավարտների համար մեծ առավելություն է ապահովում աշխատաշուկայում, քանի որ լեզուների իմացությունը տեղեկատվության հավաքագրման, հաղորդակցման գործընթացում շատ կարեւոր է։ Սա կարող ենք համարել մեր շրջանավարտների ամենաուժեղ կողմերից մեկը: Ընդ որում՝ օտար լեզուներն առաջարկվում են հայաստանյան մեդիահոսքերին եւ խմբագրությունների պահանջարկներին համապատասխան։ Օրինակ՝ բացի եվրոպական լեզուներից, մեզ մոտ լրագրողները կարող են սովորել նաեւ արեւելյան լեզուներ»։

Տատյանա Հովհաննիսյանն ընդգծեց, որ կենտրոնն ուսումնական ծրագրերը պատրաստելիս, կարեւորում է նաեւ ապագա լրագրողների մոտ տարբեր ոլորտների՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ, իրավական եւ այլն, խնդիրը լուսաբանելու գիտելիքների ձեւավորումը. «Այժմ մենք ավելի շատ ժամաքանակ ունենք կամընտրական առարկաների միջոցով ուսանողների մոտ խորացնելու մասնագիտացված տեղեկատվություն ստեղծելու կարողությունները»։

Ընդհանրացնելով՝ Տատյանա Հովհաննիսյանը նշեց, որ այսուհետ ԵՊԼՀ ուսանողները կստանան լրագրություն մասնագիտությունը՝ երկու օտար լեզուների խորացված ուսուցմամբ: Այս փոփոխությունը ենթադրում է ոչ թե դասախոսների փոփոխություն, այլ՝ համալրում նոր պրոֆեսիոնալներով: Տատյանա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիտաուսումնական կենտրոնի հաջողությունները կապված են նաեւ դասախոսական կազմի հետ. «Մենք կարողացանք այս կենտրոնը համալրել այնպիսի մասնագետներով, որոնք լուրջ դերակատարություն ունեն Հայաստանի մեդիա դաշտի կայացման եւ զարգացման գործում՝ մեդիափորձագետներ, խմբագիրներ եւ փորձառու լրագրողներ, լրագրության ոլորտի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման աշխատակազմի միջոցով հնարավորություն է ստեղծվում նաեւ ամրապնդել բուհ-գործատու կապը, ինչը շատ կարեւոր է կրթության կազմակերպման գործընթացում»:

Mesrop_Harutyunyan

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը 12 տարի է, ինչ դասավանդում է Միջազգային լրագրություն գիտաուսումնական կենտրոնում: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կարծում է, այս եղանակով ուսանողներն ավելի մոտիվացված կլինեն սովորել. «Գալիս էին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտակյան համալսարան, ընդունվում էին Թարգմանչություն եւ միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետ, 1-ին կուրսի 1-ին կիսամյակի վերջում ընտրում էին մասնագիտացում, մեկ էլ՝ հայտնաբերում էին լրագրություն մասնագիտացումը: Այսինքն՝ մարդը չէր եկել այստեղ լրագրություն սովորելու, այս տարիների ընթացքում մոտ 10 դեպք գիտեմ, որ մարդիկ գիտեն, որ Միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ ընդունվելուց հետո այլ մասնագիտացումների թվում կարող են ընտրել նաեւ լրագրություն: Առավելությունն այն է, որ նրանք, ովքեր դիմեն, նպատակադրված են լրագրություն սովորելու»:

Լեզվահասարակագիտական համալսարանում Մեսրոպ Հարությունյանը դասավանդում է 2 առարկա՝ Լրագրության վարպետություն եւ ԶԼՄ օրենսդրություն եւ էթիկա: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ 2016 թվականին լրագրություն բաժին ընդունված ուսանողները Լրագրության վարպետություն առարկան կուսումնասիրեն ավելի երկար. «Վարպետությունը պրակտիկ առարկա է, իրենց անընդհատ պետք է՝ գրել, գրել, գրել: Այդ առարկան կսկսեն ուսումնասիրել առաջին կուրսից»:

Վերջում պարոն Հարությունյանը հավելեց. «Սպասում եմ, որ կգան նոր տաղանդավոր երեխաներ»:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031