Եկեղեցի մտնելիս, կամ աղոթելիս, քրիստոնյան հաճախ է խաչակնքվում, որի իմաստը ամփոփիչ կերպով ներկայացված է Սերժ Մայիլյանի պատրաստած «Ոսկեփորիկ» կամ «Կրոնական հանրագիտարան»-ում:
Գրքում նշվում է, որ խաչակնքում են հետեւեալ ձեւով. ասում են` հանուն Հօր ( աջ ձեռքի երեք մատները միասին տանում դէպի ճակատը), եւ Որդւոյ (ձեռքը իջեցնում են ներքեւ) եւ Հոգւոյն ( ձեռքը տանում են դեպի ձախ կողմը), Սրբոյ ( ձեռքը տանում են դէպի աջ կողմը), Ամէն ( ձեռքը բացած մատներով դնում են սրտի վրայ), իսկ աշխարհաբար լինում է` հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Այդպէս են խաչակնքում նաեւ Հռոմեական ( Կաթոլիկ) եկեղեցում։ Երբ ձեռքը տանում ենք դեպի վեր` ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց խաչի վրա, եւ թող այսուհետեւ Քրիստոսի միտքը գրավի մեզ։ Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքեւ` ուզում ենք ասել, որ այլեւս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ` նա մեռավ խաչի վրայ, այլ թող Քրիստոս թելադրի իր կամքը մեզ։ Ձախ եւ աջ տանելով` ուզում ենք ասել, որ ձեռքերը դարձյալ խաչուեցին խաչի վրայ, որոնք չար գործելու համար արդեն անպիտան են, եւ պիտի միայն բարին գործեն։ Ձեռքը բացուած տանելով դեպի սիրտը եւ ասելով «Ամեն», հաստատում ենք եւ համաձայնւում այդ ամենին ( «Ամեն» նշանակում է «ճիշտ է», «ես համաձայն եմ»)։
Խաչակնքվելով մենք ցանկանում ենք, որ այսուհետեւ մեր վրայ տպվի, արտապատկերուի Յիսուսը` այն էլ Խաչը ելած ( Տե՛ս Ա Կորնթ., Բ, 2)։
Ցանկանում ենք, որ այսուհետեւ մեզ նայելիս տեսնեն միայն մի բան` Խաչեալ Յիսուսին։
Մեղքն առաջ եկավ Եդեմական պարտեզում այսպԵս ( Տե՛ս Ծննդոց, գլուխ Գ)՝ Ադամը տեսավ կնոջ արածը ( միտքը), որը ցանկացել էր արգելուած պտուղին ( մարմինը) եւ ձեռքով վերցրել ու կերել ( ձեռքերը)։ Խաչի վրայ դատապարտուեց այդ ամէնը` մեղքն իր ծագումից սկսած։ Խաչակնքուելիս խորհրդավորաբար վերապրում ենք այս ամենը, նույնը չկրկնելու իմաստով։ Խաչին է գամվում մեր էությունը ( երբ ձեռքը տանում ենք դէպի վեր), մարմինը ( երբ ձեռքն իջեցնում ենք ներքեւ), ձեռքերը եւ սիրտը։ Այսինքն` խաչակնքուելը նշանակում է մեր հին էութեան դատապարտում եւ նոր էութեան ծնունդ կամ Ադամի մահ եւ Քրիստոսի ծնունդ, հին մարդու վերջ եւ Նոր մարդու սկիզբ։
Խաչակնքելը մի քանի այլ նշանակություն եւս ունի.
Մեկ տարբերակում էլ նշվում է` վահան ընդդեմ սատանայական ներգործութիւնների, կամ հիշում ենք մեր Տեր Յիսուս Քրիստոսի փրկարար մահը խաչի վրայ` մարդկութեան ազատագրման համար։ Նաեւ այդ միջոցով խնդրում ենք Աստծո օգնությունը եւ ողորմությունը։ Այս կերպ մենք այլեւս գոյություն չունենք աշխարհի չար զորութիւնների համար` խաչուած ենք եւ կենդանի ենք միայն Յիսուսի համար։ Չարն այլեւս զորութիւն չունի, քանի որ Յիսուս խաչուեց մեզ համար եւ Խաչի արիւնով մենք փրկուեցինք. խաչակնքուելով մենք հաստատում ենք մեզ Խաչի տակ, ուր մեռավ մեր Տերը։ Այսինքն` ես ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, իմ տեղն այնտեղ է, ուր մեռավ Յիսուսը` Գողգոթայի Խաչի տակ։
Ավանդությունը Քրիստոսի խաչուելու տեղը ( Գողգոթայում) նույնացնում է Ադամի գերեզմանի հետ։ Դրա համար էլ հնում Խաչի տակ նկարում էին գանգ ( Ադամի)։ Այսպիսով, խաչակնքվելիս մենք փաստում ենք, որ մեռանք որպես Ադամ եւ կանգնեցինք` որպէս Քրիստոս։
Այս իմաստով գրքում նշվում է, որ հայերենում բառն ինքնին ճիշտ է արտայայտում իմաստը` խաչ եւ կնքել, խաչի կնիքը դնել մեզ վրայ, այն է ավետարանական ամբողջ ճշմարտութեամբ կնքվել։ Իսկ կնքվողը պատկանում է միայն կնքողին` Աստծուն։
Եւ վերջապես, ձեւի մասին. խաչ հանելիս երեք մատները միացնում ենք իրար, որը խորհրդանշում է Ս. Երրորդությունը, անբաժան եւ միասնական։ Մյուս երկու մատները ( ճկույթն ու մատանեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի մէջ երկու բնութեան անբաժանելի միությունը, Քրիստոս որպես Մարդ եւ Աստուած, եւ այդ երկուսը որպես մեկ ( մատները սեղմուած են իրար)։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2016