Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ՎԵՐԵԼՔ

Մարտ 04,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսաներկուերորդ

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ՎԵՐԵԼՔ

Եվ ես ժպտալով քավորին ասացի՝ «ձեզ շատ զբաղեցրի», եւ քավորը նայեց ջրի հերթ կանգնածներին, հետո նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, ինձ իմ բուն գործից կտրեցիք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ք ինչու եմ ձեզ հետ էսպես երկարբարակ շաղակրատում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչո՞ւ», եւ քավորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ  մինչ ձեզ հետ էսպես երկարբարակ շաղակրատում եմ, Վարուժանն էնտեղ կատաղի նկարում ու ստեղծագործում է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նկարչությունն իր կյանքն է» եւ գարեջրերով  տոպրակիս նայելով ավելացրեց՝ «բայց հենց բարձրանաք, նկարելը կթողնի եւ կսկսի այդ  գարեջրերով զբաղվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էս պահին ինձ շատ ձեռնտու է, որ Վարուժը չնկարի», եւ քավորը զարմացած հարցրեց՝ «ինչո՞ւ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «երկար պատմություն է» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «չեմ ուզում  ձեզ գործից կտրել», եւ քավորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անմիջապես զգացվում է, որ ձեր նախնիների մեջ էլ են գյումրեցիներ եղել», եւ ես ժպտալով ասացի՝ «ցավոք սրտի՝ ոչ», եւ քավորն ինձ սիրալիր ժպտալով ասաց՝ «ձեզ հաջողություն եմ ցանկանում» եւ ժամացույցին նայելով՝ մեղավոր ժպտաց ու ավելացրեց՝ «բայց իզուր եք շտապում» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ուղիղ յոթ րոպե առաջ հովհարային անջատումն  սկսվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ցավոք սրտի՝ մեր շենքի լիֆտն ուղղակիորեն է կապված հովհարային անջատումների հետ» եւ մեղավոր հայացքով ինձ նայելով՝ թախծոտ ժպտաց ու ասաց՝ «ստիպված կլինեք ոտքով բարձրանալ Վարուժանի արվեստանոց», եւ ես շիվարած ժպտալով ասացի՝ «ճարս ինչ», եւ քավորը տոպրակներիս նայելով ասաց՝ «կարող եմ մեր շենքի պարմանիներից որեւէ մեկին ապսպրել, որպեսզի ձեզ օգնի՝ ձեր այս բեռները Վարուժանի արվեստանոց հասցնել», եւ ես ասացի՝ «շնորհակալություն. ես ինքս կբարձրացնեմ» եւ կեղծ ժպտալով ավելացրի՝ «բեռս առանձնապես ծանր չի», եւ քավորը ժպտալով ասաց՝ «ձեր բեռն առանձնապես ծանր չի, բայց Վարուժանի արվեստանոցն է առանձնապես բարձր հարկում գտնվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հովհարային անջատումների  տեսանկյունից տասնհինգերորդ հարկը շատ անհարմար է, բայց փոխարենը՝ ամռանը դեպի Զանգվի ձոր հրաշալի տեսարան է բացվում», եւ ես ժպտալով ասացի՝ «կամաց-կամաց կբարձրանամ», եւ քավորը  մեղավոր ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, ես ինձ մեղավոր եմ զգում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար», եւ քավորն ասաց՝ «մինչ մենք շատախոսում էինք, այդ չարաբաստիկ հովհարայինն սկսվեց» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «եթե մի քիչ կարճ կապեինք, գուցեեւ հասնեիք լիֆտին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես մեր երկար խոսակցության համար հեչ չեմ փոշմանել», եւ քավորը մեղավոր ժպտալով ասաց՝ «հաճելի է լսել», եւ ես ժպտալով ասացի՝ «հաջողություն», եւ քավորը ժպտալով ասաց՝ «մինչ հաջորդ հանդիպում», եւ ես անշտապ մտա Վարուժենց մուտք եւ համենայն դեպս լիֆտի կոճակը սեղմեցի ու համոզվելով, որ լիֆտից ոչ մի հույս չկա, մանրից սկսեցի բարձրանալ եւ հինգերորդ թե վեցերորդ հարկում հոգնեցի ու մի քանի րոպե նստեցի հինգերորդ թե վեցերորդ հարկում դրված իշոտնուկին, որը, հավանաբար, հենց հովհարային անջատման ժամանակ լիֆտից չօգտվողների համար էր նախատեսված, եւ մի քիչ հանգստացա ու շունչ քաշեցի եւ հանկարծ հիշեցի Վարուժի կիսատ նկարը, եւ նկարը հիշելով եւ տոպրակներս  վերցնելով՝ տեղիցս կտրուկ վեր թռա, եւ հենց էդ պահին գարեջրի տոպրակս պատռվեց, եւ գարեջրի շշերը դեսուդեն թափվեցին, եւ Վարուժի ու իմ բախտից շշերից  ոչ մեկը չկոտրվեց, եւ իմ բախտից սարդելկաների տոպրակը բավական մեծ էր, եւ ես շշերը շարեցի սարդելկաներին մերձ, եւ ընդամենը երկու շիշ չտեղավորվեց, եւ ես աջով տոպրակը գրկած եւ ձախով  էդ երկու շշերը բռնած՝ զգուշորեն  շարունակեցի վերելքս, եւ իմ բախտից երկու թե երեք հարկ վերեւ էլ նույն տիպի իշոտնուկ կար, եւ քանի որ Վարուժենց էդ շենքը մտավորականների ու արվեստագետների շենք էր, էդ երկրորդ իշոտնուկին նստած մտածում էի, որ մտավորականները լավ էլ  իրենց ջանի ղադրը գիտեն, ու եթե Վարուժն ինձ ասած չլիներ, որ քավոր Ալբերտ Սարգսյանը կողքի մուտքում  է բնակվում, պիտի մտածեի, որ անձամբ քավորն է բոլորի մասին հոգ տանելով՝ էդ իշոտնուկներն էդ հարկերում դնել տվել, եւ հանգստանալով բարձրացա ու բարեհաջող հասա արվեստանոց եւ արվեստանոցի դռան մոտ վերստին Վարուժի կիսատ նկարը հիշեցի, եւ տրամադրությունս անմիջապես բարձրացավ, որովհետեւ էդ պահին մտքիս ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Վարուժի էն կիսատ նկարն այլեւս գոյություն չունի:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031