«Իհարկե, ցանկացած արտահերթ նիստի ժամանակ քննարկվող օրենքի քննարկման որակը շատ ավելի ցածր է։ Դա ընդունում ենք բոլորս։ Զեկույցում նշված են ամենաակտիվ պատգամավորների անունները։ Պատկերացրեք, եթե նրանց թիվը մեծանա 50% եւ ավելի շատ, ապա մեկ օրենքի ընդունումը կարող է ամբողջ քառօրյան զբաղեցնել»,- «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքներին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ զեկույցի համաձայն՝ անցած նստաշրջանի ընթացքում արտահերթ կարգով ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթականի ընթացքում։ Ըստ այդմ՝ 90 օրենքներից 112-ն ընդունվել են արտահերթ նստաշրջանների ընթացքում։
Սամվել Նիկոյանը նշեց, թե այդ դեպքում կստացվի, որ հրատապ օրենքների, վերջնաժամկետներ ունեցող միջազգային համաձայնագրերի քննարկումն ու ընդունումն անընդհատ կձգվի եւ կկուտակվի։ «Եթե կուտակվում է, ապա կառավարությունը ստիպված գնում է այս քայլին։ Ինձ համար դա ընդունելի տարբերակ չէ, քանի որ որակն ընկնում է, բայց պատճառահետեւանքային կապ կա»։
Անդրադառնալով այն փաստին, որ կառավարությունը ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել, քան պատգամավորները, Սամվել Նիկոյանն ասաց, որ այդ վիճակը տիրում է բոլոր երկրներում. «Կա տոկոսային չափ, կան խնդիրներ այստեղ, որոնք ես կիսում եմ։ Բայց ասել, թե ինչու ավել չէ խորհրդարանի կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունները, ճիշտ չէ։ Այդպես չի կարող լինել»։
Կարդացեք նաև
Մոնիտորինգի արդյունքներով պարզ է դարձել, որ Հանրապետական կուսակցության անդամները բոլորը միասին 6500 քվեարկություն են կատարել, որոնցից միայն 2-ն է դեմ եղել։ Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Սա պառլամենտ չէ»։
Անդրադառնալով Արամ Մանուկյանի այս հայտարարությանը՝ Սամվել Նիկոյանն ասաց, որ պառլամենտ չի կարող համարել մի խորհրդարան, որի քաղաքական մեծամասնությունը չի հանդիսանում կառավարության քաղաքական հենարանը. «Ո՞ր երկրում է այդպես։ Եթե որեւէ մի երկրում քաղաքական մեծամասնությունը դադարի լինել կառավարության հենարանն, ապա տեղի կունենան ներքաղաքական ցնցումներ, իշխանափոխություն եւ այլն։ Մեր երկրում տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մեծամասնության դիրքորոշումը կառավարության նկատմամբ մի գիշերում փոխվում է»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ