2016թ. մարտի 3-ին Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական համագործակցության թեմաները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։
Էներգետիկ ռեսուրսների գների անկման հետևանքով՝ Ադրբեջանը ի զորու չէ Ռուսաստանից գնված զենքի դիմաց այդ երկրին վճարել այն գինը, որի վերաբերյալ համաձայնություն էին ձեռք բերել կողմերը։ Բացառված չէ նաև, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կբարձրացնի Հայաստանին տրամադրվելիք ռուսական զենքի հարցը։
Չնայած առաջացած որոշակի խնդիրներին՝ Ադրբեջանը զենքի սպառման շուկայում կարևոր դիրք է զբաղեցնում և Ռուսաստանի համար որոշակի կարևորություն է ներկայացնում։ Օրինակ, 2010-2014թթ. Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է մի շարք զինատեսակներ, որոնց ընդհանուր արժեքը, աղբյուրի փախանցմամբ, կազմում է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար։
Սպասվում է, որ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է որդեգրելու տեղի ունենալիք բանակցությունների ընթացքում։ Իրավիճակը ավելի է բարդանում՝ հաշվի առնելով Ադրբեջանի արձագանքները՝ Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու Ռուսաստանի որոշմանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարկի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2016թ. փետրվարի 18-ին։ Դրանից մեկ շաբաթ հետո Ադրբեջանը բողոքի պաշտոնական նոտա է ուղարկել Ռուսաստանին։
Տեղեկացնենք, որ ՌԴ՝ Հայաստանին տրամադրած վարկը տրվել է 13 տարի մարման ժամկետով, տարեկան 3% տոկոսադրույքով, որից 3 տարին՝ արտոնյալ։