Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հավաքարարների կազմակերպված խմբի գործը» գերազանցում է Խաչիկյանի, դատական կարգադրիչների գործերին

Մարտ 03,2016 13:30

Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի պաշտպանությունը ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ալվանդյանը: Մինչ այդ այն իրականացնում էր մեկ այլ ճանաչված փաստաբան՝ Գեղամ Հակոբյանը:

Տնօրենն իր 12 աշխատակիցների՝ պահեստապետի, աշխղեկների, դիսպետչերի, ավտոհավաքակայանի վարիչի, գլխավոր ինժեների, փոխտնօրենի օժանդակությամբ, մեղադրվում է կազմակերպական- պաշտոնեական դիրքն օգտագործելու, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթերի դիտավորյալ կեղծման ու այդ եղանակով Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 12390585 ՀՀ դրամի հափշտակման համար:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում առկա գործի նյութերի համաձայն, տնօրեն Ա.Հովհաննիսյանը 2009 թվականի հունվարին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սամվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ՝ «միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար»: Ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանը միակ կինն է այս գործով: Հիսուն եւ ավելի տարիներ մաքրել է գրեթե բոլոր քաղաքապետերի ոտի տակը:

Գյուլիզար Շամոյանը լինելով աշխղեկ, ըստ մեղսագրվածի, «նախնական համաձայնության» գալով մեկ այլ աշխղեկի՝ Սամվել Եղոյանի հետ, 2008 թվականի ընթացքում ընկերության` իրենց կողմից ղեկավարվող բրիգադներում որպես հավաքարարներ ձեւակերպված, սակայն փաստացի աշխատանքի չհաճախող անձանց տվյալներն ընդգրելով յուրաքանչյուր ամսվա աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում, խաբեության եղանակով, խմբով հափշտակել է 29740991 ՀՀ դրամ: Նա, «ընդգրկվելով կազմակերպված խմբի կազմում», 2009-2013 թվականներին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 251197450 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Մելքոնյանի, ՓԲ ընկերության տնօրենը 2009-2013 թվականներին Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ միջոցներ՝ 251197450 ՀՀ դրամ:

Նկատենք, որ տասներեք ամբաստանյալների կողմից գումարների հափշտակության դրվագն ընդհանուր է, անհատականացված չէ, պարզ չի, թե նրանցից յուրաքանչյուրը որքան է օժանդակության արդյունքում հափշտակել, յուրացրել:

Դատարանը սահմանել է ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. նախ հրապարակվում են գործում առկա նյութերը, վկաներից եւ ապացույցների հետազոտումից հետո ցուցմունք կտան ամբաստանյալները:

Մեղադրողը շարունակում է հրապարակել, թե 52 հատորանոց գործում ինչ փաստաթղթեր, ապացույցներ կան:

Նախորդ օրը հրապարակվեցին քննիչի կողմից զննության ենթարկված «Կենտրոն մաքրություն» ընկերության հավաքարարների աշխատավարձերի մասին արձանագրությունները: Ս. Եղոյանի բրիգադում հայտնաբերվել էր տասներկու անուն, որոնք ձեւակերպվել էին հավաքարար, սակայն ձեւակերպվածները գործի չեն գնացել, փոխարենը՝ աշխատավարձ են ստացել: Այս զննության արձանագրության տակ ստորագրել էին ընթերակաները:

Զննության արձանագրություններից մեկի համաձայն, 2008-2015թթ. հրամանագրվածների անձնական գործերում առկա էին անուն-ազգանուններ, որոնք ճիշտ է՝ հրամանագրված են եղել, սակայն աշխատանքի չեն գնացել: Դրանց թիվը կազմում էր հարյուր յոթանասունութ: Ի դեպ, դատախազի հրապարակած անուն-ազգանուններում նկատելի էր, որ գերակշիռ մասը ազգությամբ եզդիներ էին, մասնավորապես՝ Շամոյան, Ջնդոյան, Խուդոյան, Մամոյան, Օզմանյան, Ասոյան, Ալոյան, Սլոյան, Ավդոյան…
Դատարան էին ներկայացվել նաեւ «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատավարձերի մասին տեղեկագրերը, Գ. Շամոյանի բրիգադի տեղեկագրերում հայտնաբերվել էին տասներկու անձ, ովքեր չեն աշխատել, սակայն ստացել են աշխատավարձ:

Այս տեղեկագրերի տակ ստորագրել են ամբաստանյալներ Պապոյանն ու Խաչատրյանը:
Դատախազի հրապարակած ապացույցների մեջ նշվեց քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած անձանց գործերի մասին էլ: Դատավորին ներկայացվեց լազերային սկավառակ, որտեղ պատկերված է, թե ինչպես են «ՀայԲիզնես բանկից» չակերտավոր հավաքարարները ստանում աշխատավարձերը:

«60-ն անց մի տղամարդ բանկոմատից գումար է հանում, Գյուլիզար Շամոյանը ճանաչեց նրան, դա գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանն է»,- հրապարակեց դատախազը:
Ինչպես հայրենի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների եւ Վազգեն Խաչիկյանի գործով առկա էին մի քանի ֆայլեր, ցցուն անուններով, մասնավորապես՝ «Դուդուկ», այս գործով էլ բացվել էին ֆայլեր. «Քաղաքապետարան» ֆայլն իր ենթաֆայլերով՝ «Տերյան», այլ անուններով:
Քննիչները, որոնք առգրավել էին իրենց որոշումներով այս ապացույցները, Սոֆոյանը, Ալեքսանյանն ու Գյոզալյանն են եղել:

Առգրավվել էին անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորման մատյանները, քաղաքապետարանի աշխատակիցների հեռախոսային խոսակցությունների վերծանումների վերաբերյալ արձանագրությունները, ահազանգերի արձանագրությունները, մայրաքաղաքի փողոցների քարտեզը, հանձնման-ընդունման ակտերը՝ Կենտրոն համայնքի մաքրությունը կատարելու մասին, դրոշմակնիքը, որը գտնվել է Տիգրան Հովհաննիսյանի մոտ:

Նախորդ դատական նիստի ժամանակ Գյուլիզար Շամոյանի պաշտպան Մայիս Հովհաննիսյանը «տուժող» քաղաքապետարանին հարց է ուղղել, թե պատճառված վնասը որտեղի՞ց է, ինչո՞վ է հիմնավորվում, թե աշխատանքը չի կատարվել, չէ՞ որ պատվիրատուն քաղաքապետարանն է եղել, ինչպե՞ս է ստուգվել, թե ո՞ր գումարները նպատակին չեն ծառայել, ներկայացուցիչը պատասխանել է՝ չգիտեմ:

Իսկ դատարանն էլ քննության առարկա չի դարձրել հարցը, ակնարկելով, թե այլ անձանց ներգրավելու խնդիր բարձրացնելը վաղ է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Որպեսզի պատկերացնենք, թե մնացած տարածքներում ինչպիսին է պատկերը, ելնենք այն դրույթից, որ Երևանում քիչ թե շատ կենտրոնն է մաքուր… 🙁

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031