Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեզ ամոթանքներ պետք չեն. Գյումրու կենդանաբանական այգու անկենդան խնդիրները

Մարտ 02,2016 23:40

Ամեն տարի հոկտեմբերի 4-ին շուրջ 66 երկրներում նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Այս օրվա մասին թերևս մենք` հայերս տեղեկանում ենք լրահոսի միջոցով, իսկ տոնել մոռանում ենք: Կենդանիների պաշտպանության օրը լոկ տոնական օր չէ: Այս օրը պետք է համարել ոչ այնքան տոնական, որքան կարևորվող շարժառիթ կենդանիներին ևս մեկ օր  զերծ պահելու անուշադրությունից և բարձրաձայնել խնդիրներ, որոնք ի օգուտ կենդանիների լուծումներ են ստանում:

Հայկական օրացույցում այս օրը կարելի է համարել ոչ այնքան պաշտպանության, որքան կենդանիների նկատմամբ անտարբերության և անուշադրության օր, որը, թերևս, շարունակական բնույթ է կրում շուրջ տասնյակ տարիներ: Այս խնդիրը ակնհայտ կերպով ջրի երես դուրս եկավ 2010 թվականից, երբ Գյումրիի մասնավոր  կենդանաբանական այգում անելանելի վիճակում հայտնված կենդանիները կամ նույնիսկ գազանները դարձան գոյատևման և ոչնչացման միջև կանգնած խնդիր, որը սկզբնական շրջանում անհանգստացնում էր ոչ այնքան կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանին, որքան կենդանաբանական այգու գազաններին:

Գյումրու քաղաքապետարանը ևս ձեռնպահ մնաց նախաձեռնություններ կազմակերպելուց` փրկելու կենդանաբանական այգում պահվող 7 կենդանիներին` Միշա և Մաշա արջերի, 3 առյուծներին և 2 բորենիներին, թեպետ Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ  Սոնա Առաքելյանի խոսքով քաղաքապետարանը բանակցություններ էր վարում կենդանիներին Երևան և  Արմավիր քաղաքների կենդանաբանական այգիներ տեղափոխելու մասին: Ցավոք և ոչ պատահական այս խնդրին ուշադրություն դարձրեցին Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (WVS) միջազգային բաժնի ղեկավար Տագմար Մայերը, Daily mail պարբերականը` անվանելով այն «աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին»: Կենդանաբանական այգու վատթար վիճակի միջազգայնացումը ևս մեկ անգամ ապացուցեց,որ հայկական տեղական մարմինները իրենցից ներկայացնում են անկարող և անգործ ուժ:

Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսվեց Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու գազանների հետագա ճակատագրի մասին: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի խոսքով խնդիրը, որը բարձրաձայնվել էր դեռևս 2015 թվականից ի վերջո հանգուցալուծման է եկել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի, համաշխարհային անասնաբուժության ծառայության  գործընկերների, տեղական և համաշխարհային այլ գործընկերների համագործակցության շնորհիվ:

«Մենք ունեինք Գյումրու կենդանաբանական այգու հետ կապված խնդիրներ, մասնավորապես երկու արջ և երեք առյուծ  գտնվում էին անմխիթար պայմաններում, սնման ընթացակարգի պահպանման պայմանների խնդիրներ կային, որոնք պայմանավորված էին սեփականատիրոջ ֆինանսական վիճակի վատթարացման հետ և ես ուզում եմ փաստել, որ այսօր խնդիրը լիարժեք կարգավորում է ստացել»,- իր խոսքում նշեց պարոն Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը հայտնեց, որ արջերը` Միշան և Մաշան  հունվար ամսին տեղափոխվել են  Երևանի կենդանաբանական այգի, ստացել են համապատասխան բուժզննում, չիպավորում, պատվաստվել են և գտնվում են վերականգնման փուլում: Առյուծների մասին խոսելիս պարոն Հակոբյանը նշեց, որ կենդանիները տեղափոխվել են «Խոսրովի արգելոց»-ի հարևանությամբ գտնվող «Կովկասյան ապաստարան», որտեղ նրանց նկատմամբ իրականացվել է առաջին բժշկական օգնություն, պատվասում և չիպավորում: Արջերի վերջնական ապաստարանը կլինի Ռումինիան` «Ռումինիայի ապաստարան», իսկ առյուծներինը` Մեծ Բրիտանիան:

Գյումրու կենդանաբանական այգու անմխիթար վիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ վայրի կենդանիների նկատմամբ խտրականությունն օրեցօր ավելանում է: Գազաններ թե գազազած կենդանիներ` լքված կենդանաբանական այգու ճաղերում, հանրային պետք է դարձնել ահա այս խնդիրը:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի կարծիքով այս խնդիրը հանրային և համաշխարհային բնույթ ստացավ հատկապես Daily mail պարբերականի և համաշխարհային այլ կազմակերպությունների ահազանգերից հետո: Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ կարևորն այստեղ կենդանիների վերջնական ապաստարան գտնելն է, որպեսզի նրանք լինեն ապահով և առողջ վիճակում: Նա նշեց, որ արջերն առաջիկայում կտեղափոխվեն Ռումինիա, սակայն առյուծների տեղափոխման հարցում դժվարացավ ժամկետներ ասելուց:

Ի վերջո, կենդանաբանական այգում առկա խնդիրներից կարևորագույնը բարձրաձայնելը հայկական մամուլում դարձավ իբրև տեղեկատվական լուր, իսկ համաշխարհային պարբերականների համար ամոթանք տալու և ևս մեկ անգամ սթափեցնելու միջոց: «Peak Wildlife Park» կենդանաբանական այգու (Մեծ Բրիտանիա) տնօրեն Քոլին Մաքդուգալի խոսքով Երևան է եկել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտված Գյումրու կենդանաբանական այգու խնդրով: Նրա խոսքով հենց «Peak Wildlife Park» կենդանաբանական այգում կհյուրընկալեն առյուծներին, որոնք դեռևս չեն կարող տեղափոխվել մեծ Բրիտանիա առողջական խնդիրների պատճառով:

Գյումրու կենդանաբանական այգու անմխիթար վիճակը մասն է այն ամբողջի, որը, ցավոք, ակնհայտ չի փոխանցվում հանրության մեջ և գնալով բերում է կենդանասպանության և բնության ոչնչացման:  Նույն իրավիճակում են հայտնվել ոչ միայն Գյումրու, այլև Արմավիրի, Հրազդանի կենդանաբանական այգիները, և ինչու ոչ ապագայում Երևանի կենդանաբանական այգին` դառնալով անուշադրության և ամոթանքի ևս մեկ շարժառիթ: Մեզ ամոթանքներ պետք չեն, որպեսզի հասկանալ և գնահատել երկրում առկա հանրային խնդիրները: Այդ խնդիրերը չպետք է ունենան գլոբալացում`ամոթանքի առիթ դառնալով միջազգային և համաշխարհային ասպարեզում, այլ  պետք է ունենան իրենց հանգուցալուծումը երկրի ներսում` հանուն բնության և կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա իրապես տոն լինելու:

Մարո ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031