Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ն չի դադարեցնի իր եթերը. Շիրակի մարզի բնակիչներն էլ պատրաստ չեն թվային հեռարձակման

Մարտ 02,2016 23:30

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հաղորդած  պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարտի 6-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումը կփոխարինվի թվայինով: Սա, բնականաբար, փակվելու վտանգի առաջ կկանգնեցնի այն հեռուստաընկերություններին, որոնք 2010 թվականին կայացած մրցույթի արդյունքում զրկվել են թվային հեռարձակման իրավունքից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը եւս զրկել էին թվային հեռարձակման հնարավորությունից, մենք այս լրատվամիջոցի պատասխանատու խմբագիրներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է շարունակելու իր աշխատանքը Գյումրու անկախ լրատվական ալիքը:

Հիշեցնենք, խոսքն այն լրատվամիջոցի մասին է, որին 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հալածում էին իշխանությունները, տեւական ժամանակ պատժի տարբեր մեթոդներ էին կիրառում՝ ամեն կերպ փորձելով եթերազրկել: Դրանից մեկը հարկայինի կողմից հեռուստաընկերության գլխին կոտրած  մոտ 26 միլիոն դրամի պարտքն էր, որը, սակայն հանգանակեցին գյումրեցիներն ու աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերը՝ փրկելով հեռուստաընկերությանը փակվելու վտանգից ու  իշխանություններին ցույց տալով, թե ինչ արժե խոսքի ազատությունն իրենց համար:

Galatv.am  կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում բացառեց ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերազրկումն՝ ասելով. «ԳԱԼԱ հեռուստաընկերությունը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է, այսինքն` պահպանելու է անալոգային հեռարձակումը: Ես տպավորություն ունեմ, որ ամսի վեցից, ինչպես որ իրենք են ներկայացնում, թվային հեռարձակման չեն անցնի: Մի քանի հիմքեր կան ենթադրելու համար. առաջինն այն է, որ տարբեր հեռախոսազանգեր ենք ստանում տարբեր թաղամասերից, քաղաքացիներն իրենք են վստահեցնում, որ իրենք չգիտեն մարդկանց, որոնք ունեն այդ սարքերից եւ դրանք միացնելով՝ կարող են թվային հեռարձակում դիտել: Մենք գիտենք, որ քաղաքացիները պատրաստ չեն, չունեն այդ սարքերը:

Գիտենք նաեւ այն, որ հայտարարվեց, թե «Փարոս» համակարգով նպաստառուներին պետությունը  տրամադրում է, ոչ բոլոր նպաստառուներն են օգտվել, կարծեմ 33 եւ ավելի միավորներ ունեցողներին է հատկացվել, որոնք շատ չնչին տոկոսն են կազմում մեր բնակչության: Ինչքան տեղյակ եմ՝ միայն իրենց է տրամադրվել այդ սարքավորումը: Քաղաքացիներն, ընդհանուր առմամբ պատրաստ չեն դրան, բացի այդ, եթե կազմակերպվի թվային հեռարձակում, մյուս հեռուստաընկերություններն անջատեն անալոգային հեռարձակումն, անցնեն թվայինի, կստացվի, որ քաղաքացիների գրեթե 95 տոկոսը չի կարողանա իրենց հեռարձակումները դիտել: Եվ արդեն պարզ է, որ այդ հեռուստաընկերությունները լուրջ ֆինանսներ կկորցնեն, գովազդի հետ կապված նկատի ունեմ, բայց քիչ հավանական  եմ համարում, որ իրենք անցում կատարեն թվային հեռարձակման: Տպավորություն է, որ, այսպիսով` փորձ են անում քաղաքացիներին դրդել, հորդորել, որպեսզի ձեռք բերեն այդ սարքավորումները, բայց կա նաեւ տպավորություն, որ քաղաքացիները, գոնե գյումրեցիները չեն շտապում: Մենք առայժմ պահպանելու ենք  անալոգային հեռարձակումը, քանի որ կապը մեր հեռուստադիտողի հետ հիմնականում հեռուստատեսության միջոցով է:

Կա ԳԱԼԱ-ի առցանց հեռարձակում, բայց, այնուամենայնիվ, Շիրակի մարզում, Գյումրիում ոչ բոլորը հնարավորություն ունեն համակարգչից օգտվելու, կապը հիմնականում հեռուստադիտողի հետ հեռուստատեսության միջոցով է: Իսկ մեզ համար գոնե հիմա շատ կարեւոր է այդ կապը, որովհետեւ դուք տեղյակ եք, որ ԳԱԼԱ  հեռուստաընկերությունում ձեւավորվել է Գյումրի համակարգող կենտրոն, որը սկսեց իր աշխատանքը սահմանադրական փոփոխություններից առաջ եւ շարունակում է այն: Համակարգող կենտրոնի աշխատակիցներս մեր առջեւ շատ կարեւոր կետեր ենք դրել ու աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի մեր առջեւ դրված  առաջադրանքը կարողանանք կատարել, ու քաղաքացիների հետ կապը շատ կարեւոր է, որովհետեւ մենք աշխատում ենք քաղաքացիների հետ, մեր աշխատանքի արձագանքն ենք ստանում քաղաքացիներից:

Հետագայում կմշակվեն տեխնիկական ինչ-որ լուծումներ, չգիտեմ դա ինչպես կլինի, կմտածենք մեր տեխնիկական մասնագետների հետ, տարբեր լուծումներ կան: Հայտարարություն կտրվի, թե հեռուստադիտողները, որոնք ցանկանում են ԳԱԼԱ դիտել, ինչ անեն: Քննարկում, մշակում ենք տարբերակները,  կգտնվեն տարբերակներ, որոնց մասին մենք կտեղեկացնենք հեռուստադիտողին, բայց կարծում եմ, որ սա ավելի հեռակա ծրագիր է: Առայժմ կարծում եմ, որ կշարունակենք անալոգային հեռարձակումը ու բոլոր հեռուստաընկերությունները կշարունակեն անալոգային հեռարձակումը»,- ասաց Քրիստինա Մկրտչյանը:

IMG_2395

ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր  Էդուարդ Մխիթարյանն էլ հավելեց. «Մարտի վեցին սահմանագիծ դնելու նախաձեռնությունն ավելի շատ բիզնես ծրագիր է՝ կապված համապատասխան սարքավորումների վաճառք հետ, այսինքն` ցանկանում են վաճառքի ծավալներն ավելացնել: Չեմ կարծում, որ կփորձեն նման ոչ ողջամիտ քայլի դիմեն, այսինքն` սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը: Իսկ ինչ վերաբերում է ԳԱԼԱ-ի եթեր հեռարձակմանը, մեր ազգաբնակչությունը ԳԱԼԱ կարող է դիտել մալուխային փաթեթներով, առցանց, համացանցային հեռարձակմամբ: Հեռուստադիտողը մտավախություն, թերևս, չպետք է ունենա, մենք կփորձենք տարբերակներ գտնել. մեր լսարանին, ինչպես միշտ է եղել, կփորձենք ապահովել անաչառ, օբյեկտիվ տեղեկատվություն:

Կաբելային փաթեթներ շատ կան Գյումրիում, Շիրակի մարզում, դա այլընտրանքային տարբերակ է, կան հատուկ սարքավորումներ կամ փոխադրիչներ, որոնք կարող են ընդամենը մեկ շարժումով թվայնացված հեռուստակայանից անցում կատարել անալոգայինի», -ասաց Էդուարդ Մխիթարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031