Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման համար ընտրական համակարգի բարեփոխման և ընտրական օրենսգրքի բարելավման իրական անհրաժեշտությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսվում է, որ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի սահմանադրությանը մինչև 2016 թվականի հունիսի 1-ը (հոդված 201, մաս 1):
ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ նախագծի մշակման և ներկայացման համար պատասխանատու մարմինների և ժամկետների սահմանմամբ։ Հիշյալ հրամանագրի համաձայն Ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2016թ. մարտի 1-ը:
Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը: Մասնավորապես, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016 թվականի փետրվարի 23-ի պատասխան-գրությամբ տեղեկացրել է, որ ընտրական օրենսգրքի նախագիծը գտնվում է մշակման փուլում և աշխատանքներն ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման և հասանելի կլինի կայքում: Մինչդեռ, դրա նախորդ օրը՝ փետրվարի 22-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում արդեն տեղադրվել էր Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: Միաժամանակ, նախագծի մշակման համար պատասխանատու կառույցները և պաշտոնյաները խուսափել են մասնակցել 2016թ. փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը և տեղեկացնել օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի մասին:
Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրությանը հասանելի է դարձել միայն 2016թ. մարտի 2-ին՝ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի նիստի օրակարգի շրջանակում՝ որտեղ ակնկալվում է հավանություն տալ նախագծին և ներկայացնել այն ՀՀ ազգային ժողով[1]: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ նախագծերը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը[2], սակայն օրինագծին կից ներկայացված հիմնավորումներում և տեղեկանքներում առկա չէ կարգավորման ազդեցության գնահատումն, ինչը նշանակում է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի ներկայացվել ազդեցության գնահատող գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ օրենքով սահմանված բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Հիմնավորող փաստաթղթերում առկա է միայն տեղեկանք նախագծի ընդունելու կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազման մասին:
Բացի այդ, խախտվել է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հրապարակման և հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը, ըստ որի նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ իր ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով[3]: Սակայն ՀՀ կառավարության նիստի օրակարգում նախագիծն ընդգրկվելու պահի դրությամբ անգամ՝ այն հասանելի չի եղել ոչ ՀՀ արդարադատության նախարարության և ոչ էլ ԿԸՀ կայքերում:
Նախագծի հեղինակները խախտել են օրենքով սահմանված ընթացակարգերը և հանրության տեղեկացված լինելու իրավունքը՝ չհրապարակելով նախագիծը և խուսափելով հանրային քննարկումներից, ինչի պատճառով հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել ընտրական օրենսգրքի նախագծի մշակման կամ այն մշակող աշխատանքային խմբի վերաբերյալ, թեև բազմիցս քաղաքացիական. հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են օրինագծի մշակման աշխատանքներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին և հրապարակավ ներկայացնել առաջարկներ:
Այս հայտարարությամբ մեր դժգոհությունն ու բողոք ենք հայտնում գաղտնիության պայմաններում մշակված և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ՀՀ կառավարություն ներկայացված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի գործելաոճի նկատմամբ և պահանջում ապահովել սահմանված ընթացակարգերի պահպանումը և հանրային քննարկումները:
[1] https://www.e-gov.am/sessions/
[2] «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք, հոդված 27.1, մաս 2-ի համաձայն կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում
[3] «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք , հոդված 27.1, մաս 4
Կարդացեք նաև
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»