Փետրվարի 14-ին Դիլիջան քաղաքում կայացան խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Ընտրություններից առաջ խոսակցություններ էին տարածվել, որ հայտնի գործարար, Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ առաջադրվելու է քաղաքապետի երիտասարդ թեկնածու, ով ծագումով լինելով դիլիջանցի,աշխատել է Երեւանում:
Դիլիջանից ստացված տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը քաղաքապետի սեփական թեկնածուով հանդես գալու համար Դիլիջանում մի քանի ազդեցիկ անձանց հետ հանդիպելով՝ համոզվել է,որ թեկնածուն գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ մրցակցելու շանս չունի: Այդ պատճառով նրա նախաձեռնությամբ քաղաքապետի թեկնածու չի առաջադրվել:
Մեր տվյալներով՝ Ռուբեն Վարդանյանը 15 հոգուց բաղկացած Դիլիջանի նորընտիր ավագանու կազմում ունի իր «ներկայացուցիչը»: Դա Դիլիջան քաղաքում գրանցված,1984թ, ծնված Սուրեն Մելիքյանն է: Փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Սուրեն Մելիքյանն ավագանու 32 թեկնածուներից ամենաշատ քվեն է ստացել՝ 814: Անկուսակցական, բարձրագույն կրթությամբ Ս. Մելիքյանը «ՌԴ ՄՍԱ» ՍՊԸ գլխավոր տնօրենն է:
Մեր տեղեկություններով՝ այդ ընկերությունը զբաղվում է Դիլիջանի միջազգային դպրոցին սննդի մատակարարման, դպրոցի անվտանգության պահպանման, դպրոցի տարածքի մաքրության խնդիրներով: Ս. Մելիքյանը Դիլիջանում Սուրեն Իվանիչ անունով հայտնի անձնավորության թոռն է, աշխատել է Երեւանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ