Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող կինը փորձել է որդուց բանակի մասին տեղեկություններ ստանալ

Մարտ 02,2016 22:11

Պարզվում է՝ Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանը փորձել է Պաշտպանության բանակի մասին տեղեկություններ ստանալ իր որդուց՝ Տիգրան Կարապետյանից, որը Արցախի զորամասերից մեկի լեյտենանտ է:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայում բնակվող 4 հայերի՝ Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի եւ Դիանա Գորոյանի գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ:

Այս գործով այսօր երկու վկա՝ Կարինե Ղումաշյանի երկու որդիները պետք է հարցաքննվեին, բայց նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ օգտվելով սահմանադրական իրենց իրավունքից՝ ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու վերաբերյալ: Հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Ի դեպ, վկաները դատարանում հայտարարեցին, որ նախաքննության ժամանակ քննիչն իրենց չէր հայտնել ցուցմունք տալուց հրաժարվելու իրենց իրավունքի մասին:

Այն, որ Կարինե Ղումաշյանը փորձել է ՊԲ-ի մասին տեղեկություններ հավաքել որդուց` Տիգրան Կարապետյանից, ամրագրված էր հենց Տիգրանի նախաքննական ցուցմունքում: Ըստ ցուցմունքի, Կարինե Ղումաշյանը Թուրքիայում աշխատելիս է եղել կոշիկի ֆաբրիկայում ու որդու հետ համացանցով կենցաղային հարցերի շուրջ է հիմնականում շփվել. «Հարցրել է իմ զորամասի գտնվելու վայրը` ուչեբկա է, թե տանկային,  ես պատասխանեցի, որ Խոջալուում է, հրաձգային վաշտ է»: Հետագայում Կարինեն Թուրքիայից եկել է Հայաստան, այցելել որդու զորամաս ու պատմել որդուն, որ ֆրանսիացի մի բարերար ցանկանում է հայոց բանակին օգնել, բայց իր բարեգործությունն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի մասին տեղեկություններ: Տիգրանը շատ ուշ է իմացել, որ ֆրանսիացի բարերար գոյություն չունի, նախազգուշացրել է մորը` հեռու մնալ նմանատիպ գործերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031