Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել 2013-2014 թվականներին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Մարտիրոսյանը: Այս ոստիկանապետի հետ կապված շատ հետաքրքիր մի պատմություն կա. Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար պաշտոնազրկում ու նորից վերականգնում էր նրան պաշտոնին: Անգամ եղել է դեպք, երբ Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել է մի քանի ժամով ու նույն օրը փոշմանելով՝ նորից վերականգնել է իր պաշտոնին:
Հետաքրքիր է նաեւ այն, որ ՀՀ ոստիկանությունից պաշտոնապես պատճառաբանում էին, թե նրան թոշակի են ուղարկել, իսկ երբ այս մասին հարցնում էինք Սարգիս Մարտիրոսյանին, վերջինս նեղվում էր՝ ասելով .«Իմ 50 տարին նոր է լրացել, ես ջահել մարդ եմ, ի՞նչ թոշակային տարիք, ես գնդապետ եմ, իսկ գնդապետը կարող է մինչև 60 տարեկան աշխատել: Ես հոգով, սրտով ոստիկան եմ, 30 տարի աշխատել եմ համակարգում, գնդապետ եմ դարձել, թե՛ իմ հարազատները, թե՛ իմ տղան հպարտ են իմ գնդապետ լինելով, ես պարզճակատ եմ բոլորի առջև: Ես ծնունդով Շիրակի մարզից եմ, Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղից, մշեցու թոռ եմ` թասիբով, այնպես որ, Շիրակի մարզը ինձ շատ հոգեհարազատ է: Ես Գյումրիում ինձ օտար չեմ զգում, իմ ամբողջ հարազատությունը այստեղ է: Առանց այս աշխատանքի չեմ կարող ապրել, անգամ մտածում եմ` եթե դառնամ 60 տարեկան ու թոշակի գնամ, ինչպե՞ս եմ ապրելու առանց այս աշխատանքի: Գյումրին իմ հարազատ քաղաքն է, ես նորից եմ կրկնում, օտար մարդ չեմ, ինչո՞ւ թողնեմ գնամ»:
Նկատենք, որ Շիրակի նոր ոստիկանապետը ու Շիրակի դեռ պաշտոնապես չնշանակված ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նույն գյուղից են՝ Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից:
Սարգիս Մարտիրոսյանին բնութագրում են որպես համեստ, կիրթ մարդու, որը, սակայն բնավորությամբ մի քիչ մեղմ է Շիրակի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու համար:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ Սարգիս Մարտիրոսյանին Գյումրիից թոշակի ճանապարհելուց ու կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո ՀՀ ոստիկանապետը նրան վերադարձրել էր համակարգ՝ նշանակելով Երեւանի վարչության պետի տեղակալ:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանապետն այսօր անակնկալ էր մատուցել 4 ոստիկանապետերի՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանին, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանին, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանին և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանին:
Վերջիններս մեկ ամիս առաջ «սխալվել», մասնակցել էին պատգամավորներից մեկի ծնունդին, որտեղ ԱԺ մեկ այլ պատգամավորի հետ հյուրընկալվել էր նաեւ քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը: Չնայած ոստիկանապետերն անմիջապես հեռացել էին՝ տեսնելով Թեւոսիկին, այդուհանդերձ Վլադիմիր Գասպարյանը նրանց չներեց՝ նույն սեղանի շուրջ հավաքվելու համար:
Նշենք, սակայն, որ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանին բնութագրելիս՝ որպես առավելություն շեշտում են այն, որ նա քրեական տարրերի թակարդը երբեք չէր ընկնում: ՀՀ ոստիկանապետի հրամանով Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը, իսկ Կոտայքի ոստիկանապետ՝ Լաերտ Գրիգորյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
//Վլադիմիր Գասպարյանը նրանց չներեց՝ նույն սեղանի շուրջ հավաքվելու համար: //
– Բա Ճիշտ չի արել? Ամեն չմօ որ գողականի հետ սեղան նստի էդ ուր կհասնի? Դրա համար առաջի պետ պտի ըլես, կամ առնվազը՝ պիտգամավոր