Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիրադեղյանը տուգանվեց 50.000 դրամով

Մարտ 02,2016 20:03

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանը մարտի 2-ին հրապարակեց ոստիկանությունն ընդդեմ Տարոն Սիրադեղյանի գործով դատական ակտը:

Դատարանը վճռեց, ոստիկանության հայցը բավարարել, Տարոն Սիրադեղյանին նկատմամբ հիսուն հազար դրամի չափով տուգանք նշանակել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ վճիռներով դատարանները մեկ անգամ եւս փաստում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահություն չունեն դատական համակարգի անկախության, անաչառության եւ անկողմնակալության վրա. «Ըստ էության, դատաքննության ընթացքում, ըստ մեզ, հիմնավորվեց, որ Տարոն Սիրադեղյանը վարչական իրավախախտում չի կատարել: Քանի որ ոստիկանությունը չհիմնավորեց, որ որեւէ պահանջ նրան ներկայացրել է, եւ չհիմնավորվեց նաեւ, որ նույնիսկ, եթե ինչ-որ պահանջ եղել է, այդ պահանջը պետք է լիներ օրենսդրության պահանջներին համապատասխան: Սակայն, դատաքննության ընթացքում չհիմնավորվեց ինչպես պահանջ ներկայացնելու այնպես էլ, ըստ էության, այդ պահանջը օրենքին համապատասխան լինելու հանգամանքները: Եվ այս դեպքում ես կարծում եմ, որ առնվազն Տարոն Սիրադեղյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը բավարարելու իրավաչափությունը միանշանակորեն վիճարկելի է, այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք բողոքարկել դատարանի վճիռը վերադաս դատական ատյան՝ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան, սահմանված ժամկետում»:

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի ընթացքում Տարոն Սիրադեղյանը ձերբակալվել եւ տեղափոխվել էր ՀՀ ոստիկանություն Երեւան քաղաքի Կենտրոնական բաժին, որտեղ կազմվել էր վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու եւ ոստիկանության շղթան ճեղքելու համար: Մինչդեռ Տաթեւիկ Սիրադեղյանը պնդում է, որ ոստիկանությունն անօրինական կարգով սահմանափակել է Տարոն Սիրադեղյանի  անձնական ազատության եւ անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ հավաքների ազատության իրավունքը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031