Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. Գայանե Առուստամյանը թո՛ղ ասեր՝ այ տղա, ինչի՞ ես սուլում

Մարտ 02,2016 19:40

Վարչական դատարանում մարտի 2-ին դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ Գայանե Առուստամյանը ցանկություն չի հայտնել ծանոթանալ ոստիկանության գրանցամատյանի գրառումների հետ եւ այնտեղ չի ստորագրել:

Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը հայտարարեց, որ հակընդդեմ հարցով կողմը խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել սուլելու, Գայանե Առուստամյանին չներկայանալու, վիրավորելու, ֆիզիկական միջոցներ ձեռնարկելու կարգի խախտման, ձերբակալման կարգի խախտման, առանց նրա թույլատրությամբ իրեն տեսանկարահանելու ոստիկանության գործողությունները:

Դատարանը որոշեց անցնել գործի դատաքննությանը: Սոնա Մելիքյանը նշեց, որ մայիսի 7-ին ոստիկանությունը կենտրոն վարչական շրջանում ծառայություն էր իրականացնում՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով: Սուլելու հնարավորությունը օգտագործելով, սուլելու միջոցով փորձել է կարգավորել փողոցի երթեւեկությունը, այդտեղ ներկա քաղաքացին՝ Գայանե Առուստամյանը, բղավելով սուլող ոստիկանին, ասել է «Այ էշ, ինչի՞ ես սուլում»:

Նա ընդգծեց, որ ոստիկանության բաժնից դուրս գալով Գայանե Առուստամյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ ոստիկանին ասել ՝ «այ էշ»: Սոնա Մելիքյանը նշեց, որ սուլիչ օգտագործելը օրենքով վերապահված գործառույթ է, հատուկ միջոցների ցանկի մեջ է մտնում. «Եթե անգամ օրենքով լիազորված չլիներ այդ գործողությունը կատարել, չեմ կարծում, որ ոստիկանը կարող էր քաղաքացուն դիմել մորքուր ջան, քույրիկ ջան արտահայտություններով: Ուսուցիչը սուլիչ չի օգտագործում, բժիշկը սուլիչ չի օգտագործում, դատավորն էլ սուլիչ չի օգտագործում, ոստիկանը նման լիազորություն ուներ: Կարելի էր այդպես չարձագանքել, եթե հաշվի առնենք ոստիկանի տարիքը, ապա նա կարող էր, եթե ոչ Գայանե Առուստամյանի որդին, ապա եղբայրը լիներ թո՛ղ ասեր՝ այ տղա, ինչի՞ ես սուլում, ի՞նչ արտահայտություն է «Այ էշ, ինչի ես սուլում»: Չեմ ցանկանում այդ արտահայտությունը բարձրաձայնել, որովհետեւ ամեն անգամ բարձրաձայնելիս, ինքս վիրավորված եմ զգում»:

Սոնա Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունը լիազորված է հատուկ միջոցներ կիրառելու գործառույթով, եւ գործառել, եւ ըստ նրա, միայն Գայանե Առուստամյանի պահվածքն է խնդիրներ առաջացրել ձեռնաշղթաները հանելիս. «Նրա պահվածքը ոչ ադեկվատ էր, Գայանե Առուստամյանը ոստիկանությունից դուրս չի եկել այնքան ժամանակ մինչեւ բժշկական բրիգադը չի հայտարարել, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ոստիկանության անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել»:

Տաթեւիկ Սիրադեղյանը նշեց, որ Գայանե Առուստամյանը արտահայտությունը կատարել է հանկարծակի գալու հետեւանքով եւ նպատակ չի ունեցել վիրավորել ոստիկանին. Արտահայտությունը կատարել է անկախ անձի պաշտոնից եւ դիրքից, չի իմացել, որ սուլողը հանդիսացել է ոստիկանության ծառայող: Նա ասաց, որ այստեղ բացակայում է Գայանե Առուստամյանի  մեղքը:

Տաթեւիկ Սիրադեղյանը, ներկայացնելով հակընդդեմ հայցը, ասաց, որ ոստիկանը Գայանե Առուստամյանի արտահայտությունից հետո, ասել է «Էշը դու ես, անասուն», «Տես՝ ինչ եմ անելու» եւ  քաշքշել է նրան: Նրան են մոտեցել այլ ոստիկաններ եւ շրջափակել Առուստամյանին, վերջինս էլ վախեցած օգնության է կանչել, սակայն մնացել է անարձագանք եւ զանգել է Արթուր Սաքունցին: Ոստիկանները սկսել են լեզվակռիվ անել, Գայանե Առուստամյանն էլ հայտնել է, որ պետք է նախ ներկայանան եւ ներկայացնեն ձերբակալելու պատճառը: Տաթեւիկ Սիրադեղյանը նշեց, որ, չորս ոստիկան ֆիզիկական ուժ կիրառելով ձերբակալել են նրան: Գայանե Առուստամյանին ասել են «Հիմա կտեսնես, քեզ տանում ենք ինչ անենք»  եւ նրա նկատմամբ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունք են ցուցաբերել եւ հայհոյելով ոստիկանության բաժին են տարել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 19-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031