Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան «Մարշալ Լեգասի» կազմակերպության տնօրեն-նախագահ Փերի Բալթիմորին, Սլովենիայի «Միջազգային վստահության» հիմնադրամի ղեկավար Դամյան Բերգանտին, Բոսնիա և Հերցեգովինայի Ականներ հայտնաբերող շների կենտրոնի ղեկավար Ներմին Հաջիմույագիչին: Նշված կազմակերպությունները հումանիտար ականազերծման ոլորտում պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնատար անձինք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անցյալ տարվա նոյեմբերին «Մարշալ Լեգասի» ինստիտուտի դոնորական աջակցությամբ Բոսնիա և Հերցոգովոնիայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված 6 ականներ հայտնաբերող շների (ԱՀՇ) վարժեցման, խնամքի, դրանց օգտագործման, առաջիկա ծրագրերին ու հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր:
Նկատի ունենալով, որ Հայաստանին տրամադրված 6 ԱՀՇ-ներից երկուսը գնվել են ամերիկացի երեխաների կողմից հավաքված բարեգործական միջոցների հաշվին, հանդիպման ընթացքում քննարկվեց նաև դպրոցական տարիքի ամերիկացի և հայ երեխաների միջև ինտերնետ հեռահաղորդակցության հնարավորությունը ականային վտանգի իրազեկման, հակաականային քարոզչության բնագավառում: Նախատեսվում է նաև հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում հյուրընկալել 6 ԱՀՇ-ների համար բարեգործական աջակցություն տրամադրած անձանց:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում կուսումնասիրվի նաև դպրոցական ծրագրերում ականային վտանգների իրազեկման վերաբերյալ առարկայի ներառման հնարավորության հարցը:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ականներ հայտնաբերող շների կենտրոնի(MDDC) միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ պաշտպանության նախարարություն